March 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Ռազմական գործողությունները թեժանում են

Ռազմական գործողությունները թեժանում են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ.

Ադրբեջանը հիշում է ուղիղ բանակցությունների մասին

Ռազմաճակատում իրավիճակը մնում է խիստ լարված։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ մամուլի եւ լրատվության գերատեսչությունից, ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբի տվյալներով, օգոստոսի 15-ի ողջ օրվա ընթացքում շարունակվել են դաժան մարտերը ղարաբաղյան ռազմաճակատի հարավում եւ հարավ-արեւելքում։ Ֆիզուլու եւ Ջեբրայիլի շրջաններում տեղակայված ադրբեջանական զորամիավորումները օգոստոսի 15-ի առավոտյան հարձակման են անցել Հադրութի եւ Մարտունու շրջանների սահմանի ողջ երկայնքով՝ ջանալով ճեղքել ԼՂՀ բանակի պաշտպանությունը։ Ծավալվել են արյունալի մարտեր, որոնց արդյունքում երկու կողմն էլ զգալի կորուստներ են տվել։

Ադրբեջանական կողմը լայն թափով օգտագործում է ռազմական օդուժը։ Այսպես, մոտավորապես ժ. 13.00-ին Հադրութ շրջկենտրոնի վրա է նետվել երկու կեստոննանոց ռումբ։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ, մի քանի տուն հիմնովին քանդվել է։ Օրվա կեսին ԼՂՀ բանակի ստորաբաժանումներին հաջողվել է կասեցնել թշնամու առաջխաղացումը եւ, ուժերի վերաբաշխումից հետո, անցնել հակահարձակման։ Հայ ազատամարտիկներին հաջողվել է շրջապատման մեջ գցել ու վերացնել թշնամու, ԼՂՀ Մարտունու շրջան ներթափանցած մի խոշոր խմբավորում։ Նախնական տվյալներով, ռազմավար է վերցվել 3 զրահամեքենա, այլ զինատեսակներ։ Ոչնչացվել է թշնամու մի քանի կրակակետ, որտեղից անընդհատ հրթիռահրետակոծման էին ենթարկվում Մարտունի շրջկենտրոնն ու այլ բնակավայրեր։

ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբում չհաստատեցին ադրբեջանական աղբյուրների տարածած լրատվությունը ղարաբաղյան ստորաբաժանումների կողմից Ֆիզուլի քաղաքը գրավելու մասին։ Շտաբի պետ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «զորքերի առաջ նման խնդիր դրված չի եղել»։

Օգոստոսի 15-ին հեռախոսազրույցներ են կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի եւ ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միջեւ։ Նույն օրն, ավելի ուշ, կայացել է եւս մեկ հեռախոսազրույց՝ այս անգամ ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ.Ալիեւի հանձնարարությամբ, փոխնախագահ Ռասուլ Կուլիեւի միջեւ։

Այդ զրույցների ընթացքում քննարկվել են երկկողմ, ընդհատված բանակցությունների վերսկսմանն առնչվող հարցեր։

Երեկ առավոտյան մարտական գործողությունները հարավում որոշակիորեն մեղմացել են։ Ադրբեջանական բանակը շարունակում է հարձակումը Կուբաթլիի եւ Հադ– րութի շրջանների սահմանում։ Դիրքային մարտեր են ընթանում նաեւ ռազմաճակատի Աղդամի եւ Մարտունու հատվածներում։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives