March 28, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Ղարաբաղի ռազմական հաջողությունները մեր հզորության արդյունքն են

Ղարաբաղի ռազմական հաջողությունները մեր հզորության արդյունքն են

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

Գոյություն ունի միասնական հայոց բանակ, և Հայաստանի ու Ղարաբաղի զինված ուժերն այդ բանակի բաղկացուցիչ մասերն են, երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Ըստ նրա, Ղարաբաղի վերջին ռազմական հաջողությունները բացատրվում են միայն ու միայն հայկական բանակի հզորությամբ և ոչ թե ռուսական բանակի մասնակցությամբ կամ աջակցությամբ, և ժամանակն է, որպեսզի հայ ժողովուրդն ավելի վստահ լինի սեփական ուժերի վրա:

Ադրբեջանական բանակի վերջին խայտառակ պարտությունների պատճառները, Հայաստանի պաշտպանության նախարարի կարծիքով, բազմաթիվ են. նախ տարբեր են երկու բանակների (Ղարաբաղի և Ադրբեջանի) առջև դրված բարոյական խնդիրները, եթե առաջինը պայքարում է իր անկախության համար, երկրորդի նպատակները զուտ նվաճողական են, երկրորդ` ադրբեջանցիները նոր կազմավորվող ազգ են, իսկ հայ ժողովուրդը հնուց հայտնի է որպես հրաշալի կռվող ազգ, երրորդ` հայկական կողմն ի սկզբանե գերադասեց ռազմական գործողություններում չօգտագործել 18-ամյա պատանիներին, չորրորդ` հայկական կողմին հաջողվեց  ֆիդայական ջոկատների հիմքի վրա ստեղծել կանոնավոր ստորաբաժանումներ, հինգերորդ` նախկին խորհրդային բանակում կային մեծաթիվ հայազգի սպաներ, մինչդեռ Ադրբեջանում խորհրդային բանակի ազգությամբ ադրբեջանցի սպաներին բավականին կասկածանքով են վերաբերվում և այլն: Ինչ վերաբերում է ԼՂՀ զինված ուժերի զենքի, զինամթերքի, վառելիքի հայթայթմանը, ապա նախարարը տեղեկացրեց, որ դրանց հիմնական աղբյուրները երեքն են. ինչ-որ բան մնացել էր Ղարաբաղից ռուսական զորքերի դուրսբերումից հետո, օգնում է Հայաստանը և ամենակարևորը` Ղարաբաղին զենք և զինամթերք է «մատակարարում» Ադրբեջանը: Պրն Մանուկյանն այն կարծիքը հայտնեց, թե վերջին աղբյուրն առաջիկայում ևս կշարունակի գործել:

Անշուշտ խոսվեց նաև Քելբաջարի շրջանի վերջին ռազմական գործողությունների միջազգային արձագանքների մասին: Այս առթիվ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, թե ՄԱԿ-ը հանդես է եկել բավական զուսպ հայտարարությամբ, ավելացնելով, թե փաստորեն ագրեսորների դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները ռազմականից բացի արդեն մի քանի տարի է, ինչ կիրառվում են Հայաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը Թուրքիայի հնարավոր միջամտությանը, ապա պրն Մանուկյանը նախ  պրովոկացիոն անվանեց այն հարցը, թե ինչ կլինի, եթե Թուրքիան  հարձակվի Հայաստանի վրա, ապա այն կարծիքը հայտնեց, թե Թուրքիայի շահերը հազիվ թե նրան թույլ տան ռազմական միջամտության դիմել:

Բուն ռազմական գործողությունների մասին նախարարը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից Քելբաջարի շրջանի գրավումը ռազմական առումով ամենաճիշտ որոշումն է, այլապես վտանգի տակ էր Ղարաբաղի գոյությունը:

Ինչ վերաբերում է իրադարձությունների ծավալմանը, ապա պրն Մանուկյանը հայտարարեց, թե բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, և վերջին գործողությունները բավականին ամրապնդել են Ղարաբաղի դիրքերը: «Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Ղարաբաղը չի ընդունի որևէ որոշում, որով Լեռնային Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում»,- ասաց նա: Նախարարն այն կարծիքը հայտնեց նաև, թե Ղարաբաղի միակ երաշխիքն  այսօր բանակն է, և ղարաբաղցիները չեն վստահում ոչ միայն ՄԱԿ-ի զորքերին, այլև մինչև անգամ Հայաստանի բանակին, ուստի երբեք չեն համաձայնի զինաթափվել: Ամբողջ խնդիրն, ըստ նախարարի, սահմանների անձեռնմխելիության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների շեշտադրումն է, և եթե Արևմուտքը սահմանների անձեռնմխելիության սկզբունքին հասել է երկու պատերազմներից հետո, ապա նույն սկզբունքը չի կարող անվերապահորեն ընդունելի լինել նախկին Խ.Միությունում, որտեղ սահմանները գծվել են հաճախ գրչի մի շարժումով: «Համոզված եմ, որ Ղարաբաղը կհաղթի և ի վերջո կհասնի նրան, որ իրավաբանորեն կհաստատվի այն, ինչը փաստացի իրականություն է»,-հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

Արմեն Բաղդասարյան« Ազգ», 1993, 6 ապրիլի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives