December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Օրենսդիր և գործադիր իշխանությունների հակասություններից դուրս գալու ջանքեր

Օրենսդիր և գործադիր իշխանությունների հակասություններից դուրս գալու ջանքեր

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 19 հունիսի, 1991թ., թիվ 36

Հունիսի 17-ի և 18-ի նիստերում Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։ Բուռն վեճեր առաջացրեց «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կազմավորման կարգի փոփոխության և նրա լիազորությունների ընդլայնման մասին» օրենքի նախագիծը։

Ակնհայտ է, որ գոյություն ունեցող կառավարման մեխանիզմները չեն ապահովում առօրյա, կոնկրետ հարցերի լուծումը, զգացվում է օրենսդիր և գործադիր իշխանության գործողությունների կոորդինացիայի պակաս։ «Այսօր մենք այլևս չունենք մեկ, երկու, երեք կարծիք որևէ հարցի վերաբերյալ։ Ինչքան պատգամավոր, այնքան էլ կարծիք, և բացարձակ ակնհայտ է, որ այս մակարդակով ոչ մի խնդիր չի լուծվի»,- իր ելույթում նշեց Աշոտ Ոսկանյանը։

ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն իր մտահոգությունը հայտնեց, որ այսօրվա կառավարման ձևը թույլ չի տալիս ապահովել ժողովրդի սոցիալական պաշտպանությունը և, որ այս պայմաններում մարդիկ չեն քվեարկի անկախության կողմ։ Նա արտահայտվեց ներկայացված նախագծի օգտին և պահանջեց պրեզիդենտական ընտրություն կայացնել։

Կոմունիստ Թամարա Ալոյանը պահանջեց կազմել կոալիցիոն կառավարություն։ Դավիթ Վարդանյանի կարծիքով, Գերագույն խորհրդի նախագահության կազմավորման կարգը չպետք է փոխվի, սակայն նախագահության լիազորությունները իսկապես պետք է ընդլայնվեն։

Յուրօրինակ դաշինք ձևավորվեց քննարկվող հարցի վերաբերյալ։ ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը, ՀՀԴ-ն, Կոմկուսը և Քրիստոնեա-ժողովրդավարական միությունը հանդես եկան նախանձելի միակամությամբ՝ մերժել առաջարկված օրինագիծը։

Վարչապետ Վազգեն Մանուկյանը, ընդունելով հանդերձ գործադիր իշխանության աշծատանքում տեղ գտած թերությունները, շեշտը դրեց վերահսկող օղակ և ազգն իր ետևից տանող գաղափար ստեղծելու անհրաժեշտության վրա։

Նախագահ Տեր-Պետրոսյանն իր ելույթում շեշտեց, թե ոմանց կարգախոսը մնում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքը, և իրարից տարբերակեց կոմկուսն ու դաշնակցությունը մեկ կողմից, ԱԻՄ, ՀՀԿ և ՍԻՄ-ը՝ մյուս կողմից, առաջիններին որակելով իբրև շինիչ ոչ մեկ գաղափար ներկայացնող, սակայն կոալիցիայի անվան տակ անիշխանության ձգտող՝ այլևս բացահայտ համագործակցող կազմակերպություններ։

Վերջում Լ. Տեր-Պետրոսյանը առաջարկեց սեպտեմբերի 21-ի հանրաքվեին զուգահեռաբար անցկացնել նաև պրեզիդենտական ընտրություններ, մինչ այդ իբրև ապահովող օղակ ընդունելով նախագծով առաջարկվածը։ Նիստը շարունակվելու է նաև այսօր։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives