September 17, 2021

Վ.Կազիմիրովի մամլո ասուլիսը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)

«Մեր մոտեցումը հետեւյալն է. տարածքային հարցերը չեն կարող լուծվել տվյալ տարածքում ապրող բնակչության գործոնից անջատ», այսպես է բնութագրել Ռուսաստանի դիրքորոշումը ՌԴ ԱԳ նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան, Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը։

«Միջազգային, ներքաղաքական հարաբերություններում հասունացել է իր զբաղեցրած տարածքից բնակչությանը չօտարելու սկզբունքն առաջադրելու պահանջը»,– շարունակել է նա։ Դա, հատուկ հանձնարարությունների դեսպանի խոսքերով, էթնիկական այն զտումների հակոտնյան կլիներ, որոնք տեղ են գտել ժամանակակից աշխարհում, այդ թվում եւ «այն հակամարտությունում, որի մասին խոսում ենք»։

Ադրբեջանի եւ Ղարաբաղի ղեկավարների բարձր մակարդակի հանդիպման որոշակի ամսաթվի վերաբերյալ «Հայլուրի» թղթակցի հարցին պրն Կազիմիրովը, այդպիսի հանդիպումն անվանելով «խիստ կարեւոր», պատասխանել է. «Կողմերն իրենք պետք է որոշեն այդ միանգամայն հնարավոր հանդիպման ամսաթիվը եւ օրակարգը։ Ըստ մեզ, որքան հաճախակի լինեն շփումները կողմերի միջեւ, այնքան ավելի կշահի խաղաղ կարգավորման գործընթացը։

Չափազանց կարեւոր է կոտրել փոխադարձ անվստահության սառույցը, որպեսզի պրակտիկ գործերում կողմերը կարողանան ի դեմս միմյանց տեսնել ոչ թե հակառակորդի, այլ գործընկերոջ»։

Կազիմիրովի կարծիքով, Մոսկվայում սկսվել է այդ անվստահության հաղթահարման գործընթացը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցին պրն Կազիմիրովն այսպես է պատասխանել. «Միջնորդի գլխավոր դերը չխանգարելն է։ Մենք ջանացել ենք չխանգարել այն բանին, որպեսզի կողմերը կարողանային երես առ երես հանդիպել։ Գուցե եւ նրանք շոշափել են այդ հարցը։ Միջնորդի մասնակցությամբ բանակցություններում մենք այն կարծիքին էինք, որ այդ հարցադրումն անժամանակ է»։

Հատուկ հանձնարարությունների դեսպանի խոսքերով, «նախ հարկավոր է մարել այդ հակամարտության բոցը», եւ ռուսաստանյան դիվանագիտությունը այժմ իր ջանքերը կենտրոնացնում է, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը։ Կազիմիրովն այն կարծիքին է, որ այդ հակամարտության կարգավորման խնդրում ԵԱՀԽ-ի բոլոր սկզբունքներից առաջնայինը ուժ չգործադրելու եւ հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն են։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives