November 2, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Վատ վիճակում չէ, որ թողնում եմ համակարգը` հրաժարվելով վարչապետությունից

Վատ վիճակում չէ, որ թողնում եմ համակարգը` հրաժարվելով վարչապետությունից

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Հարգելի պատգամավորներ, հարգելի նախագահություն:
Ես հիմա կանցնեմ քննարկվող հարցին՝ կապված Յավլինսկու ծրագրի հետ, բայց մինչ այդ անհրաժեշտ եմ համարում մի քանի հայտարարություն անել:

Առաջինը՝ պրեզիդենտական ընտրությունների մասին, որոնք հանգեցրել են այն իրավիճակին, որ բորբոքելով ոմանց իշխանատենչությունը, հիվանդագին երևակայությունը և կասկածամտությունը՝  հասցնելու է հոգեկան հիվանդության շեմին: Այս պայքարը ապակայունացնում է մեր հանրապետության ներքին կյանքը, էապես ազդում է մեր տնտեսական համակարգի գործունեության և նույնիսկ մեր քաղաքական որոշումների ընդունման վրա: Ինձ համար խորապես վիրավորական է նաև, երբ այստեղ՝ դահլիճում և դրսում հնչում են զրպարտանքներ: Եվ Գերագույն խորհրդից ոչ ոք հարկ չի համարում միջամտել կամ հետաքննություն պահանջել՝ պարզելու համար, թե մեղադրանքներից որն է ճիշտ, որը՝ սխալ: Հաշվի առնելով այդ ամենը (ներկայացված է նաև Դավիթ Վարդանյանի կարծիքը)՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս պրեզիդենտական ընտրությունների պայքարից՝ հանելով իմ թեկնածությունը: Էթիկայի պարզագույն օրենքը, իմ մարդկային արժանապատվությունը և սկզբունքները բերում են ինձ այն համոզման, որ մինչև հոկտեմբերի 16-ը ես պետք է հրաժարվեմ նաև վարչապետությունից: Եվ ես պաշտոնապես դիմում եմ ձեզ հրաժարականով՝ խնդրելով օրակարգ մտցնել հարցը: Իմ տեղակալները լիովին հնարավորություն ունեն՝ շարունակելու այն գործը, որը ես արել եմ մինչև այժմ: Ինչպես կընդունվի հրաժարականս, և տեղակալներիցս ով կշարունակի այն համակարգի ղեկավարությունը, որը վստահված է ինձ, կորոշի Գերագույն խորհուրդը:

Երկրորդ՝ այս նոր կարգավիճակը, որն ստեղծվել է Խորհրդային Միությունում, անկախությունը, որը հռչակեց մեր հանրապետությունը, նոր դռներ են բացել մեր առջև, մեծ հնարավորություններ  կան տնտեսության զարգացման առումով, մենք ստանում ենք բազմաթիվ առաջարկություններ տարբեր երկրներից: Դժվարություններ կլինեն, բայց ճանապարհը պարզ է, այնպես որ վատ վիճակում չէ, որ թողնում եմ համակարգը՝ հրաժարվելով վարչապետությունից:

Երրորդ հարցը. երկու օր Գերագույն խորհրդում քննարկվում է մի փաստաթուղթ: Ես չեմ մասնակցել այդ քննարկմանը, բայց ուզում եմ երկու խոսքով հայտնել իմ կարծիքն այդ փաստաթղթի մասին: Հարյուրավոր տարիներ մարդկությունը պայքարել է, որպեսզի գործադիր իշխանության համար ստեղծի հակակշիռ, որը միակ երաշխիքն է ժողովրդի ազատության: Տարբեր հակակշիռներ կան, ես կնշեմ երեք կարևորագույնը: Առաջինը պառլամենտն է, երկրորդը՝ մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսությունը, որը կենտրոնացված գործադիր իշխանությանը զուգահեռ ստեղծում է նաև բազմաթիվ այլ հզոր կետեր՝ տարբեր ֆիրմաներ, տարբեր անհատներ ունենում են այնպիսի հզորություն, որ գործադիր իշխանությունը դժվարանում է նրանց ճնշել, և դա հակակշռում է գործադիր մարմնի մենաշնորհն իշխանության նկատմամբ: Երրորդը, որը նույնպես շատ կարևոր է, ավանդույթներն են և՛ հասարակության մեջ, և՛ քաղաքական կազմակերպություններում:

Ցավոք սրտի, մենք չունենք երկրորդը, այսինքն՝ մասնավոր սեփականության վրա հիմնված բազմիշխանություն, մենք չունենք երրորդը, այսինքն՝ ժողովրդավարական ավանդույթներ: Այդ է պատճառը, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք այն հակակշռին, որն ստեղծում է Գերագույն խորհուրդը: Ես փաստաթղթի քվեարկությանը չմասնակցեցի, որովհետև այն անորոշ էր, շատ հարցեր բաց են մնացել. այդ նույն փաստաթղթով և՛ ժողովրդավարական հանրապետություն կարելի է ստեղծել, և՛ դիկտատուրա: Այդ ամենը դեռ առջևում է, ես հուսով եմ, որ հիշյալ հարցերը լրջորեն կքննարկվեն, երբ այստեղ դրվի Գերագույն խորհրդի կարգավիճակի հարցը:

Մի հարցի մասին էլ կուզենայի խոսել: Ծիծաղելիորեն բոլոր դիկտատուրաները հիմնվում են նույն ձևով: Դիմում են ժողովրդին՝ ասելով, թե երկրում քաոս է, կաշառակերություն, հանցագործությունները շատ են, և պետք է ուժեղ ձեռք, ուժեղ իշխանություն, որպեսզի վերջ դրվի քաոսին: Դա հայտնի ձև է, և առանց միմյանցից տեղյակ լինելու, դա օգտագործել են հազարավոր մարդիկ հազարավոր տարիների ընթացքում: Եթե խոսենք մեր պետության՝ Հայաստանի մասին, իսկապես քաոս կա, որը պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Պատճառներից մեկն իսկապես այն է, որ այս մեկ տարվա ընթացքում, չնայած դրա մասին բազմիցս ասվել է, չհաջողվեց կարգավորել իշխանության համակարգը, հստակեցնել Գերագույն խորհրդի և գործադիր իշխանությունների լիազորությունները: Դա չհաջողվեց հստակեցնել օրենքներով, ես հիմա տեսնում եմ, որ քննարկվող օրենքներում  նույնպես չկա: Երկրորդը իրավապահ մարմինների ոչ արդյունավետ աշխատանքն է: Խոսքը և՛ կառավարության համակարգում գտնվող ներքին գործերի նախարարության, և՛ Գերագույն խորհրդի համակարգում գտնվող դատախազության ու դատարանների գործունեության մասին է:

Բայց կա քաոսի մի դրսևորում, որը վերացնելու մեր բոլոր փորձերը կբերեն դիկտատուրայի, կաթվածահար կանեն հանրապետության կյանքը: Դա քաոսի այն դրսևորումն է, որը պայմանավորված է պետական սեփականությունից մասնավոր սեփականության անցնելու պարագայով, և քաոսի նույն այդ դրսևորումը առկա է Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում, բոլոր հանրապետություններում: Վերացնել քաոսի այդ դրսևորումն, առանց զոհաբերելու մեր ապագան, հնարավոր չէ: Սա ես խնդրում եմ հաշվի առնել, և համակեպվել, որ առաջիկա տարիներին քաոսի ինչ-որ տարր այնուամենայնիվ Հայաստանում լինելու է: Եվ ես նաև կոչ եմ անում, որ երբ մենք օրենքներ ենք ընդունում, անենք ոչ թե այս կամ այն անհատի, այս կամ այն պաշտոնը ստանալու համար, այլ հանրապետության, մեր ազգի ապագայի, նաև մեզ համար: Պաշտոնյա կամ պատգամավոր լինելուց զատ և ամենից առաջ բոլորս քաղաքացիներ ենք, ունենք ընտանիք և երեխաներ և ցանկանում ենք, որ մեր ընտանիքները, մեր երեխաներն ապրեն ազատ: Խնդրում եմ երբեք չմոռանալ այս հանգամանքը:

Անցնենք հաջորդ հարցին, որի շուրջ ևս ես իմ հակիրճ  նկատառումները կասեմ, առավել մանրամասն քիչ հետո կխոսի Հրանտ Բագրատյանը: Ամիսներ շարունակ մենք պնդել ենք, թե նպատակ ունենք ստեղծել քաղաքական անկախ պետություն և  որպես այդպիսին՝ ճանաչվել այլ պետությունների կողմից, հնարավորություն ունենալ վարել ազատ քաղաքականություն, բայց միաժամանակ միշտ նշել ենք, թե պետք է շարունակենք մնալ Խորհրդային Միությունը կազմող հանրապետությունների տնտեսական համակարգի մեջ: Դա պայմանավորված է երեք հանգամանքով: Առաջինը՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող այն ապրանքները, վառելանյութը և սնունդը, որ ստանում ենք ԽՍՀՄ տարբեր վայրերից, մենք չենք կարող գնել արտասահմանից, որովհետև մեր արտադրությունը ոչ մեկ, ոչ էլ երկու տարում հնարավորություն չի ունենա դուրս գալ միջազգային շուկա, վաստակել այնքան վալյուտա, որ կարողանանք այդ ամենը գնել: Սա մեզ պարտադրում է լինել այդ համակարգի մեջ: Երկրորդ՝ Հայաստանում հիմա գույություն ունի երկու տնտեսություն: Մեկը, այսպես կոչված, սոցիալիստական տնտեսությունն է, որը քայքայվում է և շարունակելու է քայքայվել, այն փրկել հնարավոր չէ: Բայց դա մեզ հնարավորություն է տալիս փոխանակման միջոցով ստանալ մթերք ու վառելանյութ և ապահովել աշխատատեղեր: Այդ համակարգը, այդ տնտեսությունը քանդվելու են, և այն կապերը, որ մենք ունենալու ենք մյուս հանրապետությունների հետ, չեն նպաստելու մեր տնտեսական զարգացմանը: Դուք հիշեք, որ մյուս հանրապետությունների հետ ունեցած մեր բոլոր տնտեսական կապերը մեզ պետք են գոյատևելու, այլ ոչ թե այդ քանդվող  տնտեսության անկումը դանդաղեցնելու կամ զարգացնելու համար: Եվ մենք ստիպված ենք կապված մնալ Խորհրդային Միության մյուս հանրապետությունների հետ՝ միաժամանակ մեր նոր տնտեսությունը՝ հիմնված մասնավոր սեփականության վրա, արագորեն զարգացնելով և  կապեր ստեղծելով մյուս երկրների հետ: Այդ երկու հանգամանքները տարիների ընթացքում վերացվելու են, ճիշտ զարգացման դեպքում մենք մի քանի տարի հետո դրա անհրաժեշտությունը չենք ունենա: Բայց կա երրորդ հանգամանքը, որն ավելի երկարատև բնույթ ունի՝ չզրկվել ԽՍՀՄ-ի հսկայական շուկայից:

Այսպիսի հակասական մտքերով մենք ուզում ենք միանալ տնտեսական ծրագրի: Մեզ առաջարկված է Յավլինսկու ծրագիրը: Այդ ծրագրի միակ դրական բանն, ըստ իս, այն է, որ նրանից կարելի է դուրս գալ: Իր բոլոր հրապուրիչ կողմերով հանդերձ՝ դա միասնական պետություն ստեղծելու տնտեսական ծրագիր է: Հրաժարվել են կայսրությունը քաղաքական, ռազմական միջոցներով պահելու ձևերից, անցել են ավելի քաղաքակիրթ ձևի՝ տնտեսական միջոցների: Հիմնականում դա արտահայտվում է բանկային համակարգի մեջ, դրա մասին ավելի մանրամասն կխոսվի այստեղ,  այնուամենայնիվ ես գտնում եմ, որ մենք ստիպված ենք այդ ծրագիրը ստորագրել: Մեր մարդիկ հիմա գտնվում են Մոսկվայում, փորձում ենք այդ ծրագրում փոփոխություններ մտցնել, և ծրագրին միանում ենք դուրս գալու հավանականությամբ: Դա պետք է հիշել: Եվ այդ նույն նպատակով են մտնում նաև մյուս հանրապետությունները, բացի թերևս Ռուսաստանից: Հենց այդ պատճառով Յավլինսկու ծրագրի շատ կետեր ուղղակի չեն էլ աշխատելու հետագայում:

Ծրագրի հետ միասին, իհարկե, պետք է քննարկել նաև քաղաքական կառույցները, որոնք մեզ կապում են մյուս հանրապետությունների հետ: Խոսքը Պետական խորհրդի մասին է և այն մարմնի՝ օրենսդիր կամ չգիտեմ ինչ, ուր մենք պետք է քսան պատվիրակ ուղարկենք: Ես կարծում եմ, որ  մենք չպետք է մասնակցենք պետխորհրդի աշխատանքներին, դա մեզ ոչինչ չի տալիս. պարզապես Յավլինսկու վտանգավոր ծրագրին, որին ստիպված ենք միանում, ավելանում է մի նոր վտանգ, պետք չէ այնտեղ ուղարկել մեր քսան պատվիրակներին: Երբեմն այսպիսի թյուր կարծիք է ստեղծվում, որ եթե մենք գնում ու շատ ջերմ զրույցներ ենք ունենում Գորբաչովի, Ելցինի և մյուսների հետ, ապա Հայաստանի գործերը լավ կընթանան: Դա հրապուրիչ է հասարակ ժողովրդի համար, բայց ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է մի բան պարզ գիտակցեն. երբ գնում ես բանակցությունների, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հզորություն կա քո ետևում, քո հանրապետության  տնտեսական ռազմական հզորությունն ինչ աստիճանի է հասել: Եվ պատկերավոր ասած, եթե գնում ես բանակցությունների՝ թիկունքիդ ունենալով 10 թնդանոթ, ապա պիտի ձգտես հասնել այնպիսի արդյունքի, որին հնարավոր չէր հասնել 9 թնդանոթով, բայց երբեք հույս չունենաս, թե կարող ես հասնել մի արդյունքի, որի համար պետք է 11 թնդանոթ: Չգիտեմ՝ ընկալվե՞ց ասածս, թե ոչ. չի կարելի շատ հրապուրվել այդ ջերմ հարաբերություններով, պետք է հստակ գիտակցել, որ մեր հիմնական ճանապարհը մեր տնտեսական և ռազմական հզորությունն է, մնացած ամեն ինչ կախված է դրանից, և ես կարծում եմ՝ մասնակցել այդ պետական խորհուրդներին իմաստ չունի:

Վերադառնալով Յավլինսկու ծրագրին՝ ասեմ, որ այդ ծրագիրը քննարկել ենք և՛ կառավարությունում, և՛ Գերագույն խորհրդի որոշ հանձնաժողովներում, նաև միասին  ենք քննարկել: Արդեն ասացի, որ մեր ներկայացուցիչները գտնվում են Մոսկվայում, մենք ունենք մեր դիտողությունները, որոնց մի մասին համամիտ են նաև մյուս հանրապետությունները: Դուք գիտեք, որ Յավլինսկու ծրագրին ամենից կտրուկ Ղրղզստանն է դեմ, որոշ հարցերում մեզ հետ համագործակցում է Ուկրաինան, բայց մոսկովյան բանավեճերում անգամ մենք հաճախ միայնակ ենք մնում՝ փորձելով, այնուամենայնիվ, այդ տնտեսական ծրագիրը փոխել այնպես, որպեսզի նպաստի մեր անկախությանը: Եթե չեմ սխալվում, Յավլինսկու ծրագիրը ձեզ բաժանված է, ես հիմա կխնդրեմ Հրանտ Բագրատյանին, որ նա մանրամասնորեն, կետ առ կետ ներկայացնի այն դիտողությունները, որոնք արվել են Գերագույն խորհրդի հանձնաժողովներում և կառավարությունում այդ ծրագիրը քննարկելիս:

Ավարտելով իմ ելույթը՝ ես նորից ուզում եմ հիշեցնել իմ խնդրանքը՝ իմ հրաժարականի հարցը մտցնել այս կամ առաջիկա նիստի օրակարգ:

Շնորհակալություն:

Վարչապետ  Վ. Մանուկյանի ելույթը ՀՀ ԳԽ նստաշրջանում, 1991թ., սեպտեմբերի 25
«Երկիր», 28 սեպտեմբեր 1991 թ.

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives