July 27, 2024

«Ստիպված ենք գնալ իրադարձությունների հետևից»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Երկիր, 15 հունվարի, 1993թ., թիվ 7 (349)

«Ազատ մամուլի» հարցերին պատասխանում է Երևանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Յուրի Օհանյանը:

— Պրն Օհանյան, այսօր շատ է ահազանգվում քաղաքական հակասանիտարական վիճակի մասին: Ամեն քայլափոխի աճած աղբակույտերը, որոնք գարնան գալուն պես կդառնան վարակի օջախներ, վխտացող առնետների ու թափառող շների ոհմակները, ամեն րոպե աղտոտված ջուր, անորակ սննդամթերք օգտագործելու վտանգը ավելի են խորացնում բնակչության տագնապը:

— Այո տագնապելու բոլոր հիմքերը կան: Հանրապետության ընկերային-տնտեսական ճգնաժամն անմիջականորեն անդրադառնում է համաճարակային ֆոնին, որոշ հիվանդությունների համար ստեղծվում նպաստավոր պայմաններ, միաժամանակ դժվարացնելով դրանց դեմ պայքարը:

Այսօր մենք ստիպված ենք զբաղվել միայն օպերատիվ աշխատանքով: Կանգնած են բոլոր գործարանները, հիմնարկ-ձեռնարկությունները, մանկապարտեզներն ու դպրոցները, այսինքն այն օբյեկտները, որոնք մեր մշտական հսկողության տակ են: Փաստորեն, այս ժամանակահատվածում, զրկված լինելով պլանային, կանխատեսող և կանխարգելող աշխատանքի հնարավորությունից, ստիպված ենք գնալ       իրադարձությունների հետևից: Մենք, օրինակ, չենք կարող կանխատեսել, թե երբ և որ հատվածում կվթարվեն 1.5 միլիոնանոց քաղաքի ջրի կամ կոյուղու խողովակաշարերը, որպեսզի կանխենք աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումները: Նման բռնկումներ եղան վերջերս Մաշտոցի շրջանում, Արտաշատում, իսկ օրերս՝ Վանաձորում:

— Երևանի հակասանիտարական վիճակի հետևանքով ծագած դժգոհությունները հիմնականում ուղղված են քաղաքի սանէպիդկայանին:

— Սա շատ կարևոր հարց է: Ժողովուրդը, ինչպես վերջերս ձեր հրապարակած լուրերից մեկում, նույնացնում է սանէպիդկայաները և սանսեկտորներ: Իրականում դրանք տարբեր կառույցներ են: Սանսեկտորները, որոնք գործում են շրջխորհուրդներին կից, պարտավոր են զբաղվել կենցաղային աղբը քաղաքից հեռացնելու, կրծողների, թափառող շների վնասազերծման գործով: Իսկ մեր ծառայողությունը վերահսկելով այդ, անհրաժեշտության դեպքում զանգում է համապատասխան մարմիններին, աղմուկ բարձրացնում:

— Փորձենք գնահատել քաղաքի սանիտարահամաճարակային վիճակը:

— Ես ուրախությամբ նշեմ, որ այս ծանր, անբարենպաստ պայմաններում այսօր քաղաքում սուր վարակիչ հիվանդություններ չկան: Կան առանձին դեպքեր, որոնք առանձին վերացվում են և որակ չեն կազմում: Սա, իհարկե, մեզ հանգստանալու իրավունքներ չի տալիս: Ես մեր աշխատանքը միշտ համեմատում եմ հրշեջ ծառայության հետ: Աշխատում ենք կանխարգելել հիվանդությունը, իսկ եթե «հրդեհը», այնուամենայնիվ, բռնկվում է , փորձում ենք հանգցնել:

— Իսկ ի՞նչ կարգի բռնկումներ են հնարավոր ցուրտ, կիսաքաղց ձմռան առաջիկա ամիսների ընթացքում:

— Ինձ շատ են մտահոգում աղիքային հիվանդությունները: Քաղաքի ջրմուղ-կոյուղու ցանցի 60-70 տոկոսը վթարային վիճակում է, որի հետևանքներն առավել սրությամբ կզգանք գարնանամուտին: Մենք պետք է պատրաստ լինենք դրան:

— Իսկ սննդամթերքից և խմիչքից թունավորումնե՞ր…

—Վերջին շրջանում նման դեպքերը հաճախակի են դարձել:Նոր տարվա օրերին լուրեր տարածվեցին, թե մի քանի մարդ թունավորվել է «սեղանիկներից»  գնված օղիներից: Ինձ չհաջողվեց ճշտել, թե որքանով էին հավաստի այդ լուրերը, բայց, իմ կարծիքով, այդ հարցով ավելի շատ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Նույն անկառավարելի վիճակն է նաև սննդամթերքի վաճառքի բնագավառում: Մեր ծառայությունը հսկում է սնունդ արտադրող բոլոր պետական և գրանցված  ձեռնարկությունները, սակայն ուշադրությունից դուրս է մնում մասնավոր առևտուրը, որն իրականցնում է տարբեր վայրերում և զանազան ձևերով:

— Ի դեպ մինչև վերջերս չկար Ձեր ծառայության կարգավիճակը, ինչպես նաև այլ կառույցների հետ փոխհարաբերությունները կարգավորող օրենք:

— Դա շատ էր դժվարացնում մեր աշխատանքը: Բարեբախտաբար, վերջերս ՀՀ ԳԽ- ընդունեց մեր համակարգին վերաբերվող մի օրենք, որն, իմ կարծիքով, կլուծի շատ խնդիրներ: Ասենք, օրինակ, պատժամիջոցների ձևերի ու չափերի հարցը: Կարծում եմ, մարդու գրպանին լավ «հարվածելով» միայն կարելի է նրան ստիպել որևէ «ձեռներեցություննից» առաջ մի լավ մտածել:

Բացի այդ, մեր կարգավիճակի վերաբերյալ ես մի նախագիծ եմ ներկայացրել Երևանի քաղաքային խորհուրդ, ըստ որի քաղաքի սանէպիդկայանը պետք է ենթարկվի միայն քաղխորհրդի նախագահին, իսկ մեթոդական աշխատանքները՝ ղեկավարվեն հակահամաճարակային ծառայության կողմից: Սա մեզ անկաշկանդ գործելու հնարավորություն կտա: Հակառակ դեպքում անհեթեթություն է կախյալ վիճակում վերահսկողություն իրականացնել:

Այս նախագիծն արժանացավ քաղխորհրդի 104 պատգամավորների հավանությանը, և այժմ սպասում ենք գործկոմի նախագահի      կարգադրությանը:

Որպեսզի չստեղծվի այն թյուր կարծիքը, թե քաղաքի սանէպիդկայանն այս ծանր պայմաններում չի կատարում իր կանխարգելիչ գործառույթները, ասեմ, որ մենք շարունակում ենք տարբեր հիվանդությունների դեմ    մեր պարբերական պատվաստումնեը հատկապես երեխաների շրջանում, ունենք անհրաժեշտ քանակությամբ պատվաստուկներ: Ւսկ վերջերս ստուգեցինք պատվաստվածների վիճակը և ուրախությամբ արձանագրեցինք, որ այն գոհացուցիչ է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives