July 27, 2024

Սեփական ժողովրդավարություն չի լինում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 20 մարտի, 1991թ., թիվ 10

Սեփական, անհատական, մասնավոր ժողովրդավարություն կամ ռամկավարություն չի լինում, ինչպես չի լինում սեփական արդարություն և արդարադատություն։ Այսինքն՝ լինում է, սակայն այն այլևս չի կոչվում ժողովրդավարություն, ռամկավարություն, այլ՝ անիշխանություն կամ ջունգլիի օրենք…

Արձաններ են այլանդակվում, զմռսված դռներ են ջարդվում, այլապատկան շենքեր են գրավվում, պետական հիմնարկի աշխատողներին սպառնալիքներ են ներկայացվում, հափշտակված մեքենաների վրա սեփական «թվագրում» է կատարվում, խորհրդարանի կողմից հաստատված զորակոչի օրենքներ են ոտնահարվում, դասալքությունն է քաջալերվում, դասալիքների հավաքագրում և «ազատագրում» է կազմակերպվում…

Եվ այս բոլորը՝ օրենքի, օրինականության, իրավունքի և ժողովրդավարության անունից, հանուն անկախության, հանուն նաև… անհատական իրավունքի և ինքնահատուցման։

Եվ այս բոլորը՝ այն օրերին, երբ մեր նորապետական երկիրը բոլորում է իր պատմության առաջին և ամենաճակատագրական պահերից մեկը, ներքին և արտաքին բոլորովին անբարենպաստ պայմանների տակ։

Ապակայունացում։ Այս է լինելու և է՛ արդյունքն այդ անկարելի ժողովրդավարության։ Այսինքն այն՝ որից այսքան խուսափում ենք բոլորս, և որն այնքան բարեմաղթվում է մեր ժողովրդի հակառակորդների կողմից։

Ո՛չ, այս ժողովրդավարությունը ոչ մի կապ չունի… ժողովրդի հետ, ոչ մի կապ չունի ռամկավարության հետ, ոչ մի կապ չունի մեր ժողովրդի իրավական և օրինական պետություն ստեղծելու ձգտման հետ, և ոչ էլ՝ ժողովրդի դավանած անկախության հետ, որի երկունքում ենք գտնվում մենք այսօր, ազգովին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives