December 3, 2024

Ռազմաճակատային ամփոփագիր

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Արցախ», 22 հունվարի, 1993թ., թիվ 8 (16288)

Վերջին օրերս հաճախակի են դարձել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների մարտական թռիչքները ռազմաճակատային գոտում և խաղաղ բնակավայրերի շրջանում: Հունվարի 20-ին թշնամու գրոհիչները բազմիցս խախտել են մեր հանրապետության օդային տարածքը: Ձեռնարկած խափանիչ գործողությունների շնորհիվ ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են առանձին բնակավայրերի ռմբակոծությունը:

Հակառակորդի ինքնաթիռներն, այնուամենայնիվ, բարբարոսաբար ռմբակոծել և հրթիռակոծել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղը: Արձակվել են ծանր և գնդիկավոր ռումբեր ու չկառավարվող ռեակտիվ արկեր: Գնդիկավոր ռումբեր են նետվել նաև Ասկերանի շրջանի Խրամորթ և Ոսկեվազ գյուղերի պաշտպանական դիրքերի վրա: Կան զոհեր և վիրավորներ:

Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամու կործանիչներից մեկը: Դա մեր կողմից խփված ադրբեջանական 23-րդ ինքնաթիռն է:

Ինքնապաշտպանության ուժերի Ասկերանի շրջանային շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, հունվարի 20-ին ադրբեջանական գրոհիչների մի խումբ, հայկական բնակավայրերի ռմբակոծության անհաջող փորձից հետո թողնելով ԼՂՀ-ի օդային տարածքը, ճանապարհին ռմբակոծել է յուրայինների պաշտպանական դիրքերը Աղդամի շրջանի Ջիննի գյուղում: Հետևանքների մասին ոչինչ հայտնի չէ: Ադրբեջանի զանգվածային լրատվության միջոցները լռության են մատնել այդ փաստը:

Ադրբեջանական ռազմական հենակետերը ինտենսիվ կրակի տակ են պահում հանրապետության քաղաքներն ու գյուղերը: Խաղաղ բնակչության դեմ թշնամին օգտագործում է ժամանակակից ռազմական տեխնիկա, այդ թվում ինքնաթիռներ, «Գրադ» կայանքներ և հեռահար թնդանոթներ:

Հունվարի 20-ի առավոտյան, երկրորդ օրն անընդմեջ, Աղդամի շրջանի տարածքում տեղաբաշխված կրակակետից հաուբիցային հրանոթից հրետակոծվել են Ստեփանակերտի արվարձանները: Միաժամանակ հեռահար գնդակոծության են ենթարկվել Ասկերանի շրջանի սահմանամերձ գյուղերը: Նույն օրը ադրբեջանական զորախմբերը փորձել են գրոհել Ասկերանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Ինքնապաշտպանության հայկական ուժերը վճռականորեն կասեցրել են հակառակորդի հարձակումը:

Թշնամու հերթական գրոհը ձախողվել է նաև Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի ուղղությամբ: Մարտադաշտում թողնելով 40 դիակ, ադրբեջանական զորաջոկատները նահանջել են իրենց նախկին դիրքերը:

Լրատվության բաժին

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives