December 7, 2024

Մհերի հիշատակին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)

Երբ նայում ես այն արտասովոր կյանքին, որի մեջ ապրում ես արդեն մի քանի տարի, երբ հիշում ես, որ դեռ երեկվա աննման ընկերներդ այսօր ֆիզիկապես հեռացել են քեզնից, երբ մտածում ես, որ այսօրվա ընկերդ էլ կամ դու ինքդ էլ վաղը կարող ես առհավետ մեկնել այս աշխարհից, ողջ հոգիդ համակվում է ունայնության մի խոր զգացումով, արգահատանք ես զգում այս իրականության նկատմամբ եւ անիծում ես այն ճակատագիրը, որ այսօր քեզ դրել է այս կյանքում։

Բայց ո՛չ…

Երկար չեն տեւում այսպիսի մտածումները։ Շուտով սթափվում ես։ Սթափվում ես, որովհետեւ հիշում ես, որ մենք այսօր ապրում ենք պատմական մի ժամանակաշրջան, ուր ժամն ու ամեն րոպեն մեզ դնում է համազգային պատասխանատվության առջեւ՝ մեր հայրենի հողի ու գալիք սերունդների ճակատագրի նկատմամբ։ Երբ այս օրհասական օրերին խիզախորեն բարձրացրել ենք ազգային-ազատագրական պայքարի պանծալի դրոշը, միաժամանակ պիտի գիտակցենք, որ այս դրոշը միայն այն հերոսաբար կրողների արյամբ կարող ենք մշտականորեն բարձր պահել եւ խրոխտաբար քայլել դեպի հաղթանակների ուղին։ Ուրիշ ելք չկա։ Այս է ազատագրական պայքարի դաժան օրենքը, որ բոլորիս տանջում է, բայց նաեւ հպարտացնում, երբ հիշում ենք, որ ունեցել ենք Վարդանի, Գագիկի, Արթուրի, Համլետի, Գրիգորի եւ այսօր էլ Մհերի նման հերոս ընկերներ… Մհերի համար էլ այսօր բոլորս երգում ենք.

Շատերն ընկան էդ ճամփի կեսին՝
Սրտերը վառված, հույսը աչերին։

Ինչպես բոլոր մեր նահատակ ընկերները, Մհերն էլ ուներ իր պատմությունը, որն իսկապես յուրահատուկ էր։ Նա եկել էր Լիբանանից եւ մաս էր կազմում ընտրյալների այն փաղանգի, որոնց համար «Դեպի Երկիրը» երբեք չէր եղել լոզունգային մի արտահայտություն, այլ դարձել էր սրբազան մի կոչ, որի միջոցով լսվում էր ամենաառաջին հերթին Արցախյան կռվի որոտներն ու հայրենի վտանգված հողի տառապագին վիշտը։ Մհերի նման մրրկոտ հոգիները չէին կարող չանսալ այս ձայներին։ Նվիրյալ այս դաշնակցականը պատնեշի առաջին դիրքերում էր Լիբանանի քաղաքացիական կռիվների ժամանակ՝ անձնվիրաբար գործելով տեղի հայկական գաղութի ապահովության ի խնդիր։ Նա լիարժեքորեն կատարել էր այնտեղի դաշնակցականի իր հանձնառությունները։

Պատանեկան միությունների շարքերից սկսած մինչեւ երիտասարդական եւ ուսանողական միություններ։ Բայց ինչքան էլ հարազատ լիներ Լիբանանի միջավայրը, այնուամենայնիվ նրա սրտում արմատացած ազգային վեհանձնության ու անհողդողդ կամքի հատկանիշները նրան մղում էին դեպի Հայաստան, դեպի Արցախ։

Այդպես էլ եղավ։

Պսակվելուց անմիջապես հետո էր՝ իր կյանքի ընկերուհու հետ ամենայն համոզումով եկան ու հաստատվեցին Հայաստանում։ Իսկապես պետք է ապրել նմանների հետ՝ լավապես գիտակցելու համար, թե ինչ է նշանակում թողնել ծննդավայրն ու բնակություն հաստատել հայրենի հողում։

Երկար չմնաց նա մեզ հետ։ Մենք առիթ ու ժամանակ չունեցանք մոտիկից ճանաչելու Լիբանանից եկած մեր այս նոր ընկերոջը։ Նա լուռ էր ու համեստ։ Չէր սիրում իր մտքերը արտահայտել բոլորի աոջեւ, եւ դժվար էր նրան իսկապես ճանաչելը։ Մեր ընկերների մեծ մասը միայն հեռվից ծանոթացավ խորհրդավոր ժպիտով Մհերին, որ, անտարբեր Հայաստանի պայմանների հարուցած դժվարություններին, խանդավառությամբ արմատներ էր գցում հայրենի հողում։

Մհերը գեղեցիկ ծրագրերով մեկնեց իր կյանքի իմաստը դարձած Արցախ։ Բայց անողոք ճակատագիրը խտրություններ չի դնում իր դաժան տնօրինումների միջեւ։ Մհերի կյանքը նույնպես ենթարկվեց այս անողորմ օրենքին, երբ գաղափարի ու զենքի իր ընկերների հետ նահատակվեց Մարտունու ճակատային դիրքերում՝ թողնելով անկատար տենչեր։

Նրա մահվան բոթը խոր վշտով է համակել սիրելի տիկնոջը, ընտանիքին, գաղափարակից ընկերներին ու առհասարակ դաշնակցական ընտանիքին։ Եվ ինչո՞ւ չհպարտանալ նրա հերոսական նահատակությամբ։ Խորապես համոզված ենք, որ Մհերի ու նրա ընկերների նահատակությունը ավելի է ամրապնդում Արցախ-Հայաստան եւ Արցախ-համայն հայություն պորտակապը, որ փորձել է կտրել պատմությունը։ Վերջին հաշվով անուրանալի է, որ մեկ ազգ ենք ու մեկ հայրենիք, եւ բոլորս էլ մասնակից այսօրվա մեր ազատագրական կռվին։

Մհերը եղավ նաեւ այս գաղափարի նահատակը։ Չենք կասկածում, որ նրա ու նրա ընկերների անմեռ հիշատակը Արցախից Հայաստան ու բովանդակ աշխարհ պիտի ոգեշնչի նոր Մհերների, որոնք դուրս պիտի գան իրենց արհեստական բանտարկությունից՝ գալու եւ համալրելու բաց թողած թանկագին տեղերը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից մենք ցավակցամ ենք Մհերի հարազատներին ու բոլոր գաղափարակից ընկերներին, եւ խորը կսկիծով, բայց գոտեպնդված շարքերով միաբերան ասում ենք՝ ՎԱՐՁՔԴ ԿԱՏԱՐ, ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ։

ՀՅԴ «Նիկոլ Ադբալյան» ուսանողական միություն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives