December 7, 2024

Ղարաբաղյան ուժերը Թարթառից 7 կմ հեռավորության վրա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 27 ապրիլի, 1994թ., թիվ 77

Ստեփանակերտ, 26 ապրիլի։ Ջախջախիչ պարտություններ կրելով Աղդամի և Մարտակերտի շրջաններում՝ ադրբեջանական բանակն արդեն երկրորդ օրն է, ինչ փորձում է առաջ շարժվել Ֆիզուլու ուղղությամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդում են, թե այսօր առավոտյան ժամը 6։10-ին ադրբեջանական բանակի մոտ 500 հետևակայիններ օդուժի և մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհ ձեռնարկել Ֆիզուլու շրջանի Կարախանբեյլի և Կուրղան գյուղերի, ինչպես նաև Մարտունու շրջանի հարավային մատույցների ուղղությամբ։ Սկզբում հակառակորդին հաջողվել է գրավել 2 պահակակետ, սակայն անցնելով կազմակերպված հակագրոհի՝ ղարաբաղյան ուժերը թշնամուն ստիպել են նահանջել նախնական դիրքերը։ Կատաղի մարտերի ընթացքում ոչնչացվել է հակառակորդի 27 զինվոր։ Հայկական կողմից զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ։ Օրվա երկրորդ կեսին այս ուղղությամբ մարտերը դադարել են։

Փոխարենը, իրավիճակը կտրուկ սրվել է Մարտակերտի և Աղդամի շրջանների սահմանագծում, որտեղ ադրբեջանական բանակը ժամը 15-ին անցել է հարձակման, փորձելով վերագրավել նախորդ օրերին կորցրած դիրքերը։ Ծավալվել են կատաղի մարտեր, որոնց արդյունքում ղարաբաղյան ուժերը ընդհուպ մոտեցել են Սեյսուլան գյուղին։ Ադրբեջանական բանակը կորցրել է Տ-72 տիպի մեկ տանկ և 40 զինվոր։ Ղարաբաղյան կողմից վիրավորվել է 6 մարդ։ Ժամը 18-ի դրությամբ մարտերն այստեղ շարունակվում էին։ Այսօր ադրբեջանական ռազմական ինքնաթիռները 7 անգամ խախտել են ԼՂՀ օդային սահմանը։ Իրենց հերթին, ադրբեջանական լրատվության միջոցները հաղորդում են, թե ապրիլի 25-ին ղարաբաղյան ուժերը գրավել են Աղդամի շրջանի Թափ-Կարակոյունլու գյուղը, ընդհուպ մոտեցել Թարթառի ձախակողմյան ջրանցքին և ներկայումս գտնվում են շրկենտրոնից 7 կմ հեռավորության վրա։ Ըստ նույն աղբյուրի՝ ղարաբաղյան ուժերը վերահսկում են Աղդամ-Բարդա մայրուղին և երկաթուղին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives