«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1991թ.
Մարտի 31-ը Հայաստան աշխարհում խորհրդանշվեց որպես գարնան զարթոնքի, Աստվածորդու հարության, վերակերպումի տոն։ Եկեղեցիների զանգերը ավետում էին. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։
Զատիկ էր, Հարության ավետիս։ Առավոտյան արշալույսին, երբ արեգակն արդար մեզ լույս պարգևեց, շողում էր նաև Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` հրավիրելով հավատացյալներին ականատեսը լինել հարության մեծ խորհրդի տոնախմբությանը: Մայր տաճարում, նրա շրջակայքում՝ Լուսաղբյուրից մինչև Վեհարան, Խրիմյան Հայրիկի հուշաղբյուրից, եղեռնի զոհերի հիշատակին նվիրված աղոթքի և ուխտի խաչքարից մինչև ճեմարան ու Դուռն Տրդատա մեկտեղվել էր ժողովուրդը և սպասում էր նորին սուրբ օծություն Տեր Վազգեն Առաջինին:
Մայր տաճարի զանգերի ախորժալուր ղողանջը ուղեկցեց վեհափառ հայրապետին, հոգևոր դասին, գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ու հյուրերին դեպի մայր տաճար:
Տաճարում հնչում էր Կոմիտասյան պատարագը, պատարագում էր Վեհափառ հայրապետը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վարչապետ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամներ, ժողովրդական պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ:
Վազգեն կաթողիկոսը զատկական քարոզով դիմեց հավաքվածներին, օրհնեց հայ ժողովրդին ու նրա պետության ղեկավարներին, մեր անկախ պետականության բոլոր կերտողներին և աղոթեց առ Աստված , որ խաղաղություն պարգևի աշխարհին ու նաև Հայաստանին, որ Քրիստոսի հարության լույսով հավերժի ժողովուրդը մեր արմենական:
Արմենպրես