December 3, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանում

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանում

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1991թ.

Երեկ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում իր աշխատանքն սկսեց ՀՀ ԳԽ առաջին գումարման երկրորդ նստաշրջանը։ Առավոտյան նիստը վարում էր և հակիրճ ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա պատգամավորներին շնորհավորեց երկրորդ նստաշրջանի բացման առթիվ և նշեց, որ օրվա խնդիրը բխում է նախկին սխալները չկրկնելու հրամայականից։

Պատգամավորների քննարկմանը դրվեց նստաշրջանի առաջիկա շաբաթվա օրակարգը։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ պատգամավորներն առաջարկեցին օրակարգի մեջ մտցնել 1921 թվականի մարտի 16-ի ռուս–թուրքական պայմանագրի նկատմամբ խորհրդարանի վերաբերմունքի հարցը։ Նախագահողը պատգամավորների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի և սահմանակից մյուս պետությունների արտաքին հարաբերությունների հիմնադրույթները լրջորեն կքննարկվեն նստաշրջանի աշխատանքների ընթացքում, ուստի՝ նպատակահարմար չէ այդ հարցը մտցնել առաջիկա շաբաթվա օրակարգի մեջ։ Նստաշրջանի առաջին երեք օրերի օրակարգը հաստատվեց առանց լրամշակումների։

Ընդմիջումից հետո պատգամավորների քննարկմանը ներկայացվեց Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման երկրորդ նստաշրջանի քննարկման համար նախատեսված օրինագծերի և որոշումների ցանկը: Պատգամավորներն առաջարկեցին քննարկման դնել Հայաստանի Հանրապետության զինանշանի և օրհներգի, հանրաքվեի անցկացման կարգի, հատուկ պահպանվող բնական տարածքների մասին հարցերը, որոնք քվեարկությունից հետո մտան օրակարգի մեջ։

Այնուհետև պատգամավորներն անցան օրակարգի առաջին հարցի քննարկմանը։ Նշվեց, որ անկախության ձգտող հանրապետության համար անչափ խորհրդանշական է ԳԽ երկրորդ նստաշրջանն սկսել քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին միանալու հարցի քննարկումով։

Որոշման նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ԳԽ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Պապայանը։ Նա մասնավորապես նշեց, որ ներկայացվող փաստաթուղթը շատ կարևոր քաղաքական քայլ է, որը կներկայացնի աշխարհին մեր գալիք անկախ պետության դեմքը։ Փաստաթուղթը պատրաստելիս հանձնաժողովն այն դիտել Է ոչ միայն որպես արտաքին քաղաքական քայլ, այլև ներքին դիրքորոշում։

Պատգամավորներին ներկայացված նախագծի երեք տարբերակներից քննարկման դրվեց մեկը (երրորդը)՝ «Քաղաքական ու քաղաքացիական իրավանքների միջազգային դաշնագրին կից ֆակուլտատիվ արձանագրությանը միանալու մասին» ենթաբաժնով։ Ելույթ ունեցողը հարկ համարեց նշել, որ դաշնագիրը ԽՍՀՄ-ի կողմից ընդունված փաստաթուղթ է, մինչդեռ արձանագրությունը վավերացված չէ, ուստի, Հայաստանն այս ուղղությամբ առաջին քայլն է անելու։ Փաստաթղթի շուրջ լուրջ քննարկում ծավալվեց, որից հետո խորհրդարանը միաձայն ընդունեց այն։ Մեծ ընդմիջումից հետո նախագահում էր Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բ. Արարքցյանը։

Պատգամավորների քննարկմանն էր դրված օրակարգի երկրորդ՝ հասարակական–քաղաքական կազմակերպությունների օրենքի կիրարկման կարգի մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման հարցը։

Որոշման նախագիծը ներկայացրեց Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Է. Եգորյանը։

Երեկոյան նիստին ներկա էր և հարցի քնարկմանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Վ. Ստեփանյանը։ Պատգամավորները նրան դիմեցին հասարակական–քաղաքական կազմակերպությունների գրանցման տուրքի գանձման, կուսակցության ու նրա մասնաճյուղերի իրավաբանական կարգավիճակի, նույնանուն և նույնատիպ կուսակցությունների (կազմակերպությունների) գրանցման կարգի և այլ հարցերով, որոնց նախարարը սպառիչ պատասխաններ տվեց։

Խմբագրական մասնակի փոփոխություններից հետո որոշվեց նախագիծն ընդունել որպես հիմք և վերադարձնել անկախ պետականության հանձնաժողովին՝ լրամշակման։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives