July 27, 2024

Համո Սահյան

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի

Վախճանվեց Համո Սահյանը՝ ժամանակակից հայ գրականության նվիրյալ մեծը, նա, ում անվան հետ է կապված բանաստեղծական մի ամբողջ աշխարհ:

Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914-ի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում: 1927-ին փոխադրվել է Բաքու, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն ու ավարտել մանկավարժական ինստիտուտ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմածովային նավատորմում, պատերազմի ավարտից հետո մեկ տարի անց՝ 1946-ին հրատարակել «Որոտանի եզերքին» անդրանիկ ժողովածուն: Այնուհետև տեղափոխվել է Երևան, որպես բաժնի վարիչ աշխատել Ավանգարդ թերթում (1951-54) և Ոզնի ամսագրում (1954-1965), իսկ 1965-67-ին եղել է Գրական թերթի գլխավոր խմբագիրը:

Առաջին իսկ ժողովածուն բացահայտեց Սահյան ստեղծագործողի ինքնատիպությունն ու նախասիրությունները, ինչպես նաև գծեց այն նյութի աշխարհագրական սահմանները, որ հետագայում գեղարվեստորեն յուրացվեց մեծ արվեստագետին հատուկ սևեռումով: «Մայրամուտից առաջ» ժողովածուից հետո (1964), որը վերջնականապես հաստատեց նրա համբավը, մեկը մյուսի հետևից լույս են տեսնում «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970), «Սեզամ բացվիր» (1972), «Կանչե կռունկ» (1973), «Իրիկնահաց» (1977) ժողովածուները, իրենց մեջ ամփոփելով աշխատանքը, հողի աշխատավորի հոգևոր նկարագիրը կերտող իսկական պոեզիայի գոհարներ: Սահյանի պոեզիայում մարդը բնության զավակն է, բնության հոլովույթի մեջ է, և այս ներդաշնակության բացահայտումն ավելին է, քան քաղաքակրթության հախուռն առաջընթացի նկատմամբ մտավախությունը:

Ժողովրդական բարձր ու գունագեղ մտածողության տեր անհատ էր Սահյանը, ամենուր սիրված ու փնտրված, իր երգերի պես անպաճույճ ու խոր, միշտ մտահոգ ժողովրդի ճակատագրով և հետամուտ ժողովրդական շահին: Եվ այն, ինչին հետամուտ է պապերի կյանքը բացահայտող սահյանական պատումը, պապերի ժամանակի պահանջարկը չէ և նրանց չի հասցեագրված: Սա հետնորդների ինքնաճանաչումն է և ուղղված է նոր ժամանակներին:

Համո Սահյանը Հայաստան աշխարհում իր Հայաստանն ունի, առանց այն էլ փոքրիկ հայրենիքում առանձնացնում է Որոտանի եզերքին ծվարած մանկան բռաչափ իր հայրենիքը: Նա նաև առանձնացնում է պոեզիայի իր լեզուն, և հայ բանաստեղծներից քչերին է հաջողվել սեփականատիրական այնպիսի իրավունք բանեցնել հայերենի վրա, ինչպես Սահյանը:

Քնարական բառամթերքը հունցող նրա ռիթմն ու հնչերանգը ուրիշ ոչ մեկի հնարավոր չէ շփոթել: Այստեղից էլ սահյանական պոեզիայի անկրկնելիության մեր ընկալումը: Իսկ սա արդեն այլ ժամանակների մեջ գոյատևելու երաշխիք է: Համո Սահյանի ճշմարիտ պոեզիան, որ հնչեցնում է մեծ ժամանակի ղողանջը, ստեղծել է իր լեզուն ու իր աշխարհը, և դրանք նույնքան վավերական ու կենսունակ գոյություններ են, որքան Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը:

Հայաստանի Հանրապետության նախագահ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ
Հայաստանի Հանրապետության կառավարություն
Հայաստանի գրողների միություն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives