November 2, 2024

Հաղթանակ կյանքի նկատմամբ. հաղթանակ մահվան նկատմամբ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)

«Նոյյան տապանի» արցախյան թղթակից Արմեն Պետրոսյանի հարցերին պատասխանում է բուլղար հայտնի ռեժիսոր Ցվետանա Պասկալեւան

– Տիկին Պասկալեւա, որքան էլ Դուք հայտնի եք մեզանում ու հարգված, այնուամենայնիվ Ձեր մասին քիչ բան գիտեն…

– Ես 32 տարեկան եմ, զտարյուն բուլղարուհի՝ առանց հայկական արյան խառնուրդի։ Սա ընդգծում եմ, քանի որ բոլորը կասկածներ ունեն իմ ծագման հարցում։ Եվ եթե իմ մեջ լիներ ինչ-որ հայկական բան՝ ուրախությամբ կհայտնեի դա։ Մասնագիտությամբ թատերական ռեժիսոր եմ, բայց աշխատում եմ հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր-օպերատոր։ Սովորում եմ Մոսկվայում՝ հեռուստատեսային ռեժիսուրայի եւ վավերագրության գծով ասպիրանտուրայում։ Հեռուստատեսությունում աշխատում եմ արդեն 5 տարի։ Քանի որ սովորել եմ մենակ աշխատել եւ բոլոր դժվարություններն ինձ վրա վերցնել, ինչպես արդեն նկատել եք՝ ինձ հետ երբեք նկարահանող խումբ չի լինում, այսպես ինձ համար հեշտ է, որովհետեւ նրանց կյանքը վըտանգի չեմ ենթարկում։

– Ի՞նչը Ձեզ ստիպեց Ղարաբաղ գալ:

– Առաջին անգամ Ղարարաղ եկա 1991թ. մայիսին։ Առիթ ծառայեցին Գետաշենի իրադարձությունները։ Այն ժամանակ այստեղ մնալու եւ երկար աշխատելու մտադրություն չունեի, բայց այնպես ստացվեց, որ կապվեցի ձեր ժողովրդին։ Ինչպես հիշում եք, ինձնից առաջ, Գետաշենի իրադարձությունները նկարահանում էր հայաստանցի լրագրող Վարդան Ավանեսյանը, որը հետո հայտնվեց Գյանջայի բանտում. նրա մասին իմացա ֆրանսիական մամուլից եւ այնժամ իմ առջեւ երկու խնդիր դրեցի՝ մտնել Գետաշեն եւ գտնել Վարդանի հետքը։ Այդ երկու խնդիրն էլ կարողացա կատարել։ Հարցազրույցը, որը բանտում վերցրեցի Վարդանից, անմիջապես ստացան աշխարհի բոլոր լրատվական գործակալությունները։ Եվ մի ամիս հետո նրան բաց թողեցին… Հիմա գոնե գիտեմ, որ իմ կյանքի ընթացքում փրկել եմ մի մարդու կյանք։

– Դուք տարրեր երկրներում եք լինում, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են լավ լուսաբանվում Ղարաբաղի իրադարձությունները միջագգային մամուլում։

– Առաջ Ղարաբաղի մասին շատ քիչ բան գիտեին, բայց վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում զգում եմ, որ աշխարհը շատ ավելին է իմացել ձեր մասին եւ արդեն ավելի ծանոթ է ձեր խնդիրներին։ Օրինակ, երբ ես Ժնեւի փառատոնում ցուցադրում էի Ղարաբաղի մասին իմ կինոնկարը, հասկացա, որ այդ մարդիկ Ղարաբաղի մասին պատկերացում ունեն, ընկալում են այդ պատերազմի բոլոր սարսափները։ Ուզում եմ նշել, որ Ֆրանսիայում նույնպես շատ բան գիտեն ձեր մասին, քանի որ ես աշխատում եմ նաեւ ֆրանսիական «Անտեն 2» հեռուստաընկերության հետ։ Իսկ իմ հայրենիքի՝ Բուլղարիայի խոսելն անգամ ավելորդ է: Հպարտությամբ կարող եմ նշել, որ Բուլղարիայում ինֆորմացիայի մեծ մասը ես եմ տալիս։ Բայց ես ռեժիսոր եմ եւ ռեպորտաժներ պատրաստում եմ միայն այն ժամանակ, երբ տեղեկությունն իր մեջ շրջադարձային ու հանգուցային բան է պարունակում։ Ուզում եմ հիշեցնել Բուզլուխ եւ Մանաշիդ գյուղերի բռնի տեղահանման մասին հանգուցային ռեպորտաժը, որով ցույց եմ տվել, թե ում օգնությամբ է ադրբեջանական ՕՄՕՆ-ը կատարել այդ չարագործությունները։

– Ղարաբաղում Դուք շատ բան եք տեսել։ Ամենից շատ ո՞ր դեպքն է Ձեզ հուզել։

– Ինձ ամենից շատ ցնցում է կանանց ու երեխաների մահը։

…Օգոստոսին Ստեփանակերտը ռմբակոծում էին հեռահար թնդանոթներից, եւ արկերից մեկն ընկավ մանկապարտեզի վրա, 8 երեխա զոհվեց։ Դա սարսափելի էր, զզացի, որ չեմ կարողանում կինոխցիկի ֆոկուսը կարգավորել այդ ամենը նկարահանելու համար։ Այդ ողջ սարսափը հավանաբար չեմ մոռանա մինչեւ կյանքիս վերջ։

– Դուք Մարտակերտի շրջանում եք եղել այն ժամանակ, երբ սկսվել էր ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի կողմից զյուղերի ազատագրումը, պատմեք, խնդրեմ, Ձեր տպավորությունների մասին։

– Մարտակերտի շրջանը արդեն երկար ժամանակ է, ինչ Ղարաբաղի ամենատաք կետն է։ Երբ Մարտակերտի շրջանում էի, կինոխցիկով քայլում էի գյուղերն ազատագրող ինքնապաշտպանության մարտիկների հետքով եւ եղել եմ ազատագրված Զարդախաչ, Ումուդլու, Հաթերք, Ալաշան գյուղերում։ Դժվար էր այդ ամենին նայելԸ։ Ձեռագիրն, իհարկե, մեկն է. ամենուրեք հրկիզված գյուղեր, արկերից ավերված տներ, իսկ ամենասարսափելին քարուքանդ արված ու պղծված գերեզմաններ տեսնելն էր։ Ջարդված տապանաքարերին նայելը սահմռկեցուցիչ էր։ Մյուս ցավը սպանված ադրբեջանական զինվորների դիակներն էին, որոնք, իմ տեղեկությունների համաձայն, վաղուց էին այդտեղ գտնվում։ Ադրբեջանական կողմը դադարել է դիակները հավաքել, հավանաբար ինչ-որ մեկը վախենում է հանրապետության ներքին իրավիճակը սրել, բայց իրենց իսկ զինվորների հանդեպ անմարդկային վերաբերմունքն արդեն դուրս է բոլոր սահմաններից։

– Ձեր կինոնկարներն ասում են ճշմարտությունը ղարաբաղյան պատերազմի մասին։ Ադրբեջանի կողմից Ձեր աշխատանքներին խանգարելու փորձ չի՞ արվել։

– Ադրբեջանի հայտարարությամբ արդեն երեք անգամ մահվան եմ դատապարտվել: Իմ կինոնկարների ու ռեպորտաժների ցուցադրումից անմիջապես հետո Ադրբեջանի ռադիոն եւ հեռուստատեսությունը ինձ հայտարարում են ադրբեջանական ժողովրդի թշնամի եւ սպառնում, որ կստանամ իմ արժանի պատիժը։ Առաջ դա ինձ զարմացնում էր. չէ՞ որ լրազրողն անձեռնմխելի պետք է լինի։ Բայց նկատել եմ, որ ադրբեջանական զինվորները, կինոխցիկով լրազրողի նկատելով, բացառապես նրա վրա են կրակում։ Այդ են վկայում գնդակներից ծակծկված իմ երկու կինոխցիկները։

– Հիմա նկարահանում եք ղարաբաղյան պատերազմի մասին Ձեր հերթական կինոնկարը։ Ինչպե՞ս է այն կոչվելու եւ ո՞րերորդն է։

– Ղարաբաղի մասին երեք կինոնկար ունեմ՝ «Հուսո բարձունքներ», «Արդյո՞ք առավոտ կբացվի Ղարաբաղի վրա» եւ «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ»։ Հերթական կինոնկարի կապակցությամբ առայժմ ոչինչ չեմ կարող ասել։ Հիմա պարզապես տվյալներ եմ հավաքում։ Եվ խոստանում եմ, որ պատերազմի ավարտից հետո կզբաղվեմ ձեր կինոդարանի համալրումով։

– Վերջերս Ստեփանակերտում Դուք ստացել եք ԼՂՀ մրցանակ…

– Դա շատ սրտառուչ պահ էր ինձ համար։ Ինձ հանձնվեց հայ մեծ մտածող Եղիշեի անվան ԼՂՀ առաջին մրցանակը։ Այն ամեն տարի կտրվի նրան, ով իր ստեղծագործական աշխատանքով առավել լավ է լուսաբանել Ղարաբաղի կյանքը։ Հատկապես ինձ ցնցեց այն, որ մրցանակ է հանձնում պատերազմի մեջ գտնվող ժողովուրդը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Շվեյցարիայում Ղարաբաղի մասին իմ առաջին կինոնկարի համար ինձ մրցանակ հանձնվեց, ես նման հպարտություն չէի զգում, ինչպես հիմա։ Եղիշեի անվան մրցանակի հետ միասին ստացել եմ նաեւ դրամական պարգեւ՝ 25 հազար ռուբլի։ Այդ գումարը միանգամից փոխանցեցի ԼՂՀ կրթության նախարարին՝ խնդրելով, որ գործադրվի ուսումնական պիտույքներ ձեռք բերելու համար։

Այդ մրցանակն ինձ համար ոսկուց էլ թանկ է, այն ամենալավը կլինի իմ հավաքածուում։

– Ի՞նչ կմաղթեիք Արցախի ժողովրդին։

– Արցախի ժողովրդին արդեն վաղուց է, ինչ խաղաղություն ու ազատություն եմ ցանկանում։ Շատ եմ ուզում, որ հնարավորին չափ շուտ վերջանա այս պատերազմը եւ ձեր կյանքը մտնի նորմալ, խաղաղ հունի մեջ։ Ես երջանիկ կլինեմ ձեզ շնորհավորելու մահվան նկատմամբ հաղթանակի, կյանքի հաղթանակի առիթով։ Պատրաստ եմ հերթական կինոնկարը նկարահանել Ղարարաղի հաղթանակի մասին, իսկ հետո մաքուր խղճով տուն վերադառնալ, ինչպես պրոֆեսիոնալը, որը հավատարիմ է մնացել իր թեմային։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives