November 7, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Կենտրոնի և հանրապետությունների հարաբերությունների կարգի մասին Ստալինի նամակը Լենինին

Կենտրոնի և հանրապետությունների հարաբերությունների կարգի մասին Ստալինի նամակը Լենինին

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off
Lenin Stalin

«Խորհրդային պատմության փաստաթղթերը» մատենաշար
«ՌԿ(բ)Կ կենտկոմը—ՀԿ(բ)Կ կենտկոմը և ազգային հարցը», Գիրք 1, 1918-1933. Մոսկվա 2005

[էջ 78-79]

N 30
22 սեպտեմբերի, 1922թ.

Մենք հասել ենք այն վիճակին, որ կենտրոնի և ծայրամասերի հարաբերություններում առկա կարգը, այսինքն՝ դրա բացակայությունը և լիակատար քաոսը, դառնում են անհանդուրժելի, ստեղծում են հակասություններ, վիրավորանք և գրգռվածություն, ձևական են դարձնում, այսպես կոչված, միացյալ դաշնային ժողովրդական տնտեսությունը, արգելակում և կաթվածահար են անում համառուսական մասշտաբի ցանկացած տնտեսական գործունեություն։

Երկուսից՝ մեկը. կամ իրական անկախություն և այդ դեպքում — առանց կենտրոնի միջամտության, իրենց ԱԳ ժողկոմ, իրենց արտաքին առևտուր, կոնցեսիոն կոմիտե, երկաթուղի, ընդորում՝ ընդհանուր հարցերը որոշվում են բանակցություններով՝ հավասարը հավասարի հետ, իսկ համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի, ժողկոմխորհի և Ռուսաստանի աշխատանքի և պաշտպանության խորհրդի (ԱՊԽ) որոշումները պարտադիր չեն անկախ հանրապետությունների համար, կամ խորհրդային հանրապետությունների իրական միավորում տնտեսական մեկ ամբողջության մեջ՝ ՌՍԽՖՀ համառուսական կենտգործկոմի, ԱՊԽ-ի, ժողկոմխորհի իշխանության ձևական տարածում ժողկոմխորհի, կենտգործկոմի, անկախ հանրապետությունների տնտեսական խորհուրդների վրա, այսինքն՝ ձևական անկախության փոխարինում հանրապետությունների իրական ներքին ինքնավարության՝ լեզվի, մշակույթի, արդարադատության, ներքին գործերի, հողագործության և այլ իմաստով։

Հարկ է հաշվի առնել, որ

1. Ժողկոմխորհի, ԱՊԽ-ի և ՌՍԽՖՀ համառուսական կենտգործկոմի որոշումները ձևական առումով պարտադիր չեն անկախ հանրապետությունների համար։ Ընդորում, այս կառույցները աջ ու ձախ փոխում են անկախ հանրապետությունների կենտրոնական կառույցների որոշումները՝ առաջարկելով նրանց բողոքը Մոսկվայի կենտրոնական կառույցների «անօրինական գործողությունների» դեմ։

2. Նման դեպքերում ՌԿ(բ)Կ միջամտությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ծայրամասերի կենտրոնական կազմակերպություններն արդեն հրապարակել են դեկրետներ, որոնք Մոսկվայի կենտրոնական կազմակերպությունները չեղյալ են հայտարարել, ինչն արգելում և խառնաշփոթ է ստեղծում տնտեսական գործերում՝ առաջացնելով ծայրամասերի անկուսակցականների տարակուսանքն ու կոմունիստների դժգոհությունը։

3. Քաղաքացիական պատերազմի չորս տարում, երբ մենք ինտերվենցիայի պատճառով ազգային հարցում հարկադրված էինք Մոսկվայի լիբերալիզմը ցուցադրելու, մենք հասցրինք կոմունիստների շրջանում կամքից բացի դաստիարակել իսկական և հետևողական սոցիալ-անկախականների, որոնք բոլոր իմաստներով իսկական անկախություն էին պահանջում և ՌԿ(բ)Կ կենտկոմի միջամտությունը գնահատում էին որպես Մոսկվայի կողմից խաբեություն և երեսպաշտություն։

4. Մենք զարգացման այն փուլում ենք, երբ ձևը, օրենքը, սահմանադրությունը չեն կարող անտեսվել, երբ ծայրագավառների կոմունիստների երիտասարդ սերունդը հրաժարվում է անկախություն խաղալը հասկանալ որպես խաղ՝ անկախության մասին բառերը համառորեն ընդունելով որպես բացարձակ ճշմարտություն, ինչպես նաև մեզանից համառորեն պահանջելով սահմանադրության տառին համապատասխան կյանքի կոչել հանրապետությունների անկախությունը։

5. Եթե մենք հիմա չփորձենք համապատասխանեցնել կենտրոնի և ծայրամասերի հարաբերությունները փաստացի հարաբերություններին, ըստ որի ծայրամասերը բոլոր հիմնական հարցերում անպայման պետք է ենթարկվեն կենտրոնին, այսինքն՝ եթե մենք հենց հիմա ձևական անկախությունը չենք փոխարինում ձևական (միաժամանակ՝ իրական) ինքնավարությամբ, ապա մեկ տարի անց անհամեմատ ավելի դժվար կլինի պահպանել Խորհրդային Հանրապետությունների միասնականությունը։

Հիմա խոսքը ազգայիններին «չնեղացնելու» մասին է, մեկ տարի անց, հավանական է, խոսք կլինի այս հողի վրա կուսակցության պառակտումը թույլ չտալու մասին, քանի որ ծայրամասերի «ազգային» տարերքը Խորհրդային Հանրապետությունների միասնության օգտին չի աշխատում, իսկ ձևական անկախությունը նպաստում է այդ աշխատանքին։

Բազմաթիվ օրինակներից մեկը՝ պարզվում է, որ վրացական կենտկոմը վերջերս որոշել է առանց Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի իմացության Օսմանյան բանկի մասնաճյուղ բացել Թիֆլիսում (անգլո-ֆրանսիական կապիտալով), ինչն անկասկած կհանգեցներ Անդրկովկասի ֆինանսական ենթակայությանը Կ.Պոլսին (հիմա արդեն Բաթումում և Թիֆլիսում թուրքական լիրան գերակշռում է՝ վրացական և ռուսական փողը դուրս մղելով շուկայից)։ Ընդորում, կենտկոմի վճռական արգելքը (որն ընդունվեց ընկեր Սոկոլնիկովի պնդմամբ) պարզվում է առաջացրել է վրացի ազգային-կոմունիստների բուռն վրդովմունքը։

Իմ ծրագիրն է՝

1. Բուխարայի, Խիվայի և ՀԱՀ-ի (Հեռավորարևելյան հանրապետության) հարցը, որոնք դեռ չեն խորհրդայնացվել, թողնել բաց, այսինքն՝ ինքնավար չդարձնել։

2. Ինչ վերաբերում է անկախ հինգ հանրապետություններին (Ուկրաինա, Բելառուսիա, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան), ապա նպատակահարմար է ճանաչել ինքնավարությունը, այնպես, որ Խորհուրդների համառուսական համագումարում այդ հանրապետությունների կենտրոնական գործադիր կոմիտեները Մոսկվայի հետ առավել սերտ տնտեսական հարաբերություններ հաստատելու կամավոր ցանկություն հայտնեն՝ ինքնավարության սկզբունքով (ես արդեն ունեմ ադրբեջանական և հայկական կենտկոմների ինքնավարություն ունենալու ցանկությունը և վրացական կենտկոմի հայտարարությունը՝ ձևական անկախությունը պահպանելու մասին)։

ЦК РКП(б)-ВКП(б) и национальный вопрос. Кн. 1. 1918-1933 гг. Москва 2005

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives