July 27, 2024

Խորհրդարանը նախազգուշացնում է ԱԻՄ-ին

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 20 մարտի, 1991թ., թիվ 10

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում դրված էր մեկ հարց. «Ազգային ինքնորոշում միավորման» գործունեության քննարկումը։ Պատճառը ԱԻՄ-ի վերջին ժամանակների հակաօրինական գործողություններն էին. արձանների հանդեպ «բարբարոս քայլերը», շենքերի գրավումը («Գլավլիտ», ՀԿԿ քաղկոմ), զորակոչի խոչընդոտումը։ Անցած գիշեր Հայաստանի Ներքին զորքերի ուժերով ազատվել էր ԱԻՄ-ի կողմից զբաղեցրած ՀԿԿ Երևանի քաղկոմի շենքը։

Իր ելույթում Պարույր Հայրիկյանը փորձեց արդարացնել ԱԻՄ-ի գործողությունները, մասնավորապես ասելով, որ քաղկոմի շենքի գրավումը՝ հատուցումն է բանտում անցկացրած տարիների համար, նաև նշելով, որ ինքը դասալքության քարոզիչ չէ, այլ Հայոց Սպարապետության ստեղծման կողմնակից։

Այնուհետև նա ամբաստանեց իշխանություններին այլակարծությունը ճնշելու փորձեր կատարելու մեջ։ Խորհրդարանի նախագահը հատուկ նշեց, որ այս քննարկման նպատակը ոչ թե պատժողական է, այլ կանխարգելակող։ Հայաստանի Գերագույն խորհուրդը երկու որոշում ընդունեց, որոնցից առաջինով ԱԻՄ կազմակերպությանը նախազգուշացրեց իր «հակաօրինական գործողությունների համար, որոնք նպաստում են հանրապետության քաղաքական կյանքի ապակայունացմանը և հանրապետության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ձախողմանը, հղի են վտանգավոր հետևանքներով»։

Նախարարների խորհրդին առաջարկվեց այդպիսի գործողությունները կրկնվելու դեպքում վերանայել ԱԻՄ-ի կանոնադրության գրանցման հարցը։ Ըստ երկրորդ որոշման, բոլոր այն երիտասարդները, որոնք չեն վերադառնա իրենց զորամասերը մինչև մարտի 26-ի ժամը 18-ը, կհամարվեն դասալիքներ և նրանց նկատմամբ կկիրառվի համապատասխան օրենքը։ Նստաշրջանի ամբողջ ընթացքում խորհրդարանի շենքի առջև հավաքվածները վանկարկում էին իշխանության դեմ ուղղված կարգախոսներ։ Նստաշրջանի ավարտից հետո շենքի մուտքի մոտ ստեղծվեց լարված իրավիճակ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives