November 13, 2024

Դաշնակցության գնահատումը ազգի մենաշնորհն է

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Երկիր, 19 հունիսի, 1993թ., շաբաթ

Երկու օր շարունակ հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր տրվեց հունիսի 16-ին ՀՅԴ ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման տեսագրությունը և ռադիոձայնագրությունը: Հակասական տրամադրություններ առաջացնող այդ հանդիպման ընթացքում նախագահի կողմից բազմաթիվ մեղադրանքներ հարուցվեցին ՀՅԴ-ին՝ պարուրված համագործակցության առաջարկության աննյութ շղարշով: Մեր թղթակից Նաիրի Բադալյանը պարզաբանումների խնդրանքով դիմեց հանդիպման մասնակից, ՀՅԴ Հայաստանի ԿԿ ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանին:

— Նախ՝ մեկ պարզաբանում. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը ինձ հեռախոսով տեղեկացրեց, որ նախագահը իր մոտ է հրավիրում ՀՅԴ բյուրոյի և Հայաստանի ԿԿ ներկայացուցիչներին՝ զրուցելու ԵԱՀԽ-ի փաստաթղթի և ընդհանրապես ԼՂՀ հիմնահարցի հետ կապված այնպիսի մանրամասների շուրջ, որոնց մասին նախընտրում է հրապարակավ չասել: Այսինքն՝ հեռուստաշոուի մասին մենք ոչինչ չենք իմացել, այլ, ընդհակառակը, տրամադրված էինք լուրջ հարցերի շուրջ անկեղծ զրույցի:

— Հանդիպման ժամանակ նախագահը բացասական գնահատեց ՀՅԴ-ի վերջին մի քանի տարվա գործունեությունը և նկատել տվեց, որ ակնկալում է ՀՅԴ-ի քաղաքական գծի փոփոխություն:

— Դա նախագահի սովորական պահվածքն էր. մեղադրանքները՝ չհիմնավորված, ոճը, ինչպես միշտ, հավակնոտ: ՀՅԴ-ն ոչ մի մեղադրանք չի ընդունում և չի էլ պատրաստվում արդարանալ: Դաշնակցությունը ազգի առաջ է պատասխանատու: Ազգը և ապագան կգնահատեն նրա երեկը և այսօրը: Դաշնակցությունը իր պահվածքը շարունակելու է և ցանկացած պահի, ինչպես միշտ, զորավիգ կկանգնի Արցախին: Իսկ իր զորակցության ձևերը այս մի քանի տարվա ընթացքում արդեն ցույց է տվել: Մի բան կուզեի ավելացնել. ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստ են հեռուստատեսությամբ ուղիղ եթերում հանդիպել նախագահի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի հետ՝ քննարկելու ցանկացած հարց, պատասխանելու ցանկացած հարցի, պատասխանելու այս և, ընդհանրապես, նախագահի կողմից արված բոլոր մեղադրանքներին, ինչպես նաև հիմնավորելու այն քննադատությունը, որ ուղղում ենք ներկա վարչակարգի քաղաքականությանը: Իհարկե՝ քննարկելու նաև համագործակցության հարցը: Մեզ երբեք հրապարակային դեմառդեմ խոսելու հնարավորություն չի տրվել: Այս հանդիպման ժամանակ էլ նախագահը կանխեց զրույց-բանավեճը: Ես սա պաշտոնապես առաջարկում եմ՝ հույս ունենալով, որ այն ինչպես հարկն է կընդունվի:

Հանդիպման ժամանակ ավելի ցցուն երևաց որոշ բառերի ու հասկացությունների ընկալման այն տարբերությունը, որ կա մեր և նախագահի միջև: Մենք երևի տարբեր կերպ ենք գործնականում պատկերացնում անկախություն, պետականություն հասկացությունները: Իսկ ինչ վերաբերում է Արցախի ազգային-ազատագրական պայքարին մեր մասնակցությանը, ընդամենը ասեմ, որ այն չենք հասկանում որպես Ազատության հրապարակում «Միացում», «Պայքար, պայքար մինչև վերջ» դեպի իշխանություն տանող կարգախոսների վանկարկում և հետագայում դրանից հրաժարում: Եվ անտեսել Դաշնակցության դերը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման գործում ու նրա հարյուրավոր անդամների նահատակությունը՝ մեղմ ասած՝ անբարոյականություն է:

— Իսկ ի՞նչ կարող եք ասել ՀՌԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահի այն հայտարարության մասին, թե դաշնակցությունը իր դիրքորոշումը չի ունեցել ԵԱՀԽ-ի փաստաթղթի նկատմամբ:

— Իսկ մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ փաստաթղթերին ՀՅԴ-ի «ոչ» ասելը իրեն դուր չի գալիս: Նման հակասական պահվածքը այլ կերպ կմեկնաբանեի: Տեսեք, ՀՌԱԿ-ին մեղադրում է, որ տեսակետ չունի այդ փաստաթղթի նկատմամբ և պահանջում է դիրքորոշվել, այլապես ինքը կճշտի իր դիրքորոշումը այդ կուսակցության նկատմամբ: Ընդորում, նախագահը շեշտեց, որ ցանկացած դիրքորոշում իրեն ձեռք է տալիս: Իսկ մեզ ասաց, թե ձեր դիրքորոշումը «ոչ»-ն է, ինչը իր սրտով չէ: Այստեղ լուրջ տրամաբանություն չկա: Ըստ էության, կարծում եմ, սա սովորական կենցաղային ինքնահավան կռվարար մարդու հոգեբանություն է, որ կռիվ անելու առիթ է փնտրում: Մեկին մեղադրում է, թե տեսակետ չունի, մյուսին՝ թե տեսակետ ունի, բայց՝ իր ուզածը չէ…

Իսկ փաստաթղթի նկատմամբ հայտնի դիրքորոշման մասին ուզում եմ ավելացնել ևս մեկ բան. մեր «ոչ»-ը նախևառաջ ժամանակի գործոնին է վերաբերում՝ այն երկարաձգելու իմաստով, ինչը, ցավոք, այդպես էլ նախագահը չցանկացավ հասկանալ: Եվ այսօր էլ այն կարծիքին ենք, որ բոլոր հնարավորությունները կար ժամանակը երկարաձգելու գործոնը ճիշտ օգտագործելու համար: Իսկ ժամանակը ձգձգելու դեպքում երաշխիքների հարցի լուծումը ավելի իրական կդառնար:

— Այդուհանդերձ, նախագահը դաշնակցությանն առաջարկեց համագործակցություն: Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր պատասխանը:

— Կարծում եմ, նրանք, ովքեր հեռուստատեսությամբ դիտել են այդ հանդիպման տեսագրությունը, երևի զգացած կլինեն, որ նախագահի կողմից չկար անկեղծ համագործակցության առաջարկ: Դա ոչ թե համագործակցության առաջարկ էր, այլ մոտավորապես հետևյալը. դուք սխալ քաղաքականություն եք վարել  այս տարիների ընթացքում, խանգարել եք Հայաստանի պետականության կայացմանը, խանգարել եք Արցախի ազգային-ազատագրական պայքարին, դեմ եք եղել անկախությանը, և, ահա, նախագահը մեզ տալիս է վերջին շանսը, որ խելքի գանք ու սատար կանգնենք իր քաղաքականությանը: Սա, ըստ էության, ոչ թե համագործակցության առաջարկ է, այլ՝ վերջնագիր: Ստացվում է՝ համագործակցության հասկացությունն էլ մենք տարբեր կերպ ենք ընկալում:

Նախագահը նշեց նաև, թե մեր կողմից արված համագործակցության առաջարկությունները ինքը չի ընդունել, որովհետև դրանք «անկեղծ չեն եղել»: Թե որքանով է նախագահը այդ որակման մեջ իրավացի՝ դատեք թեկուզ հետևյալ օրինակից: Անցյալ գարնանը, երբ համագործակցության հարցը նորից բարձրացվեց, մենք, մի քանի կետերի հետ, տեսնելով, որ այս բարդ պայմաններում մաֆիան գնալով ավելի լուրջ ուժ է դառնում, առաջարկեցինք մեզ տրամադրել ուժային նախարարություններում լծակներ, որպեսզի կարողանայինք պետականորեն պայքարել այդ երևույթի դեմ: Իհարկե, պարտավորություններ վերցնելու հետ միասին, մենք պատրաստ էինք կրելու ողջ պատասխանատվությունը: Նախագահը չհամաձայնեց: Այսօր մաֆիան տնտեսական և, որ ավելի վտանգավոր է, քաղաքական հզոր ուժի է վերաճել՝ սերտաճելով պետական կառույցների հետ: Եվ այս անիշխանության պայմաններում այն կարող է ավելի հզորանալ, հատկապես, որ նորից եմ ուզում շեշտել, սերտաճումը կայացել է:

— Իսկ եթե, Ձեր կարծիքով, նախագահը տրամադրված չէ համագործակցության, ապա ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ հանդիպումը:

— Ուզում եմ նորից ճշտել. նախագահը առաջարկում է համագործակցության իր տարբերակը: Իսկ թե ինչ կտար նման «համագործակցությունը»՝ հիմնական հարցն է: Նախ, ընդունելով ԵԱՀԽ-ի փաստաթուղթը և այն պարտադրելով ԼՂՀ իշխանություններին՝ երաշխիքների բացակայության պայմաններում, նախագահը մեծ ռիսկի է դիմել և իր միանձնյա պատասխանատվությունը այս հարցում քաջ գիտակցում է: Կարծում եմ, արդեն միանձնյա որոշում ընդունած նախագահը այսօր ուզում է, որ այդ պատասխանատվությունը բաժանեն նաև մյուս քաղաքական ուժերը, և հատկապես այն ուժը, որը դեմ է եղել իր տեսակետին: Եվ վաղը, եթե արդարանալու հարկ լինի, հեշտ կլինի արդեն ասել, թե այլընտրանք չի եղել, և բոլորս միասին ենք պատասխանատվությունը կիսում: Նախագահի առաջարկած համագործակցության ձևը փաստորեն փակում է այդ հարցը: Փաստորեն, նախագահը նպատակ ունի դաշնակցությանը վերածել իր վարած քաղաքականության կցորդի:

Իսկ ընդհանրապես, հանդիպման ժամանակ նախագահի կեցվածքը շարունակությունն է իր այն ֆանատիկ հակադաշնակցական վարքագծի, որ որդեգրել է իշխանության գալու հենց առաջին օրից: Դա հետևողական պայքար է դաշնակցության գաղափարախոսության դեմ, ինչը նոր երևույթ չէ դաշնակցության պատմության մեջ:

— Կարևորելով Հայաստանի ապագայի կերտման և պետականության կայացման, Արցախի ազգային-ազատագրական պայքարի գործում համագործակցության անհրաժեշտությունը՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում այդ փոխհարաբերությունների ապագան:

— Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. նույնիսկ լինելով տարբեր գաղափարախոսության կրողներ՝ մենք պատրաստ ենք անկեղծ, ուզում եմ շեշտել՝ անկեղծ համագործակցության: Դա չպետք է որևէ մեկի կողմից կրի պարտադրանքի բնույթ և ոչ էլ ունենա անհանդուրժողական որևէ տարր: Նախագահի կողմից այս հանրաճանաչ սկզբունքները ընդունելու դեպքում, կարծում եմ, ազգի շահով պարտադրված այդ համագործակցությունը կկայանա: Իսկ մինչ այդ, այն առումով, որ նախագահը խոսեց ԵԱՀԽ փաստաթղթի հետ կապված մեր տերությունների անունից երաշխիքների մասին, ուզում եմ հավատացնել՝ դաշնակցությունը իր ողջ կարողություններով ցանկացած պահի Արցախի անվտանգության երաշխիք կմարմնավորի, եթե նույնիսկ այդ վտանգն առաջանա իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի պատճառով:

Եվ վերջինը. մենք չենք նույնացնում պետությունն ու նախագահին և ամեն կերպ, բոլոր պարագաներում, մասնակցել և կմասնակցենք հայոց պետականության կայացման գործին: Այլ հարց է, որ հանուն այդ պետականության մենք ստիպված կլինենք պայքարել ցանկացած իշխանության այն դրույթների դեմ, որոնք, մեր ընկալմամբ, չեն նպաստում ազգային պետականության կայացմանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives