December 5, 2024

Առեղծվա՞ծ. ոչ, զավթված հողեր

  • by Archives.am
  • 4 Years ago
  • Comments Off

Խորհրդային Հայաստան, 18 հոկտեմբերի, 1989թ.
Սերգեյ Վարդանյան

Վերջերս «Խորհրդային Հայաստանում» հրապարակված «Մեղրիի ճանապարհի առեղծվածը» կամ ով էր կտրում Հայաստանի զարկերակը» հոդվածը փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտում էր Հայաստանի հանդեպ վերջին տասնամյակում տարվող նենգ քաղաքականության նորանոր դրվագներ։ Այլ հարցերի հետ նշվում էր նաև, որ 1986թ. հանրապետության սահմանները ճշգրտվեցին և հետ վերադարձվեցին 14 հազար 530 հեկտար այն հողահանդակները, որոնք զանազան խարդախ միջոցներով զավթել էր Ադրբեջանը։ Իհարկե, դրանք անպետք հողեր չէին, եթե հողն, այն էլ հայոց հողը, կարող է անպետք լինել։ Դրանք այգիներ էին, արոտավայրեր ու անտառներ: Մոտավոր պատկերացում կազմելու համար, թե 14 հազար 530 հեկտարը (145,3 քառ. կմ) ինչ է նշանակում ներկայիս Հայաստանի համար, ասենք, որ 1978 թ. տվյալներով Մեղրու շրջանն ընդամենը 663 հա պտղատու և խաղողի այգիներ ուներ, իսկ Գորիսի շրջանն՝ ընդամենը 760 հա։ Այսինքն զավթվել էր շուրջ տասն անգամ ավելի շատ, քան Գորիսի և Մեղրու շրջանների այգիները միասին վերցրած: Եվ այնքանից հետո Ադրբեջանն ու նրա հովանավորներն աղմկում են «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխությունների» ու «սահմանային վերաձևումների» մասին: Նրանք այնքան հաճախ են կրկնում այս բառակապակցությունները, որ ակամա սկսում ես ուշադրություն դարձնել այդ «տարածքային» կոչվածի վրա և ամեն անգամ Հայկական ԽՍՀ քարտեզներին նայելիս նորանոր մանրամասներ ես հայտնաբերում։ Իհարկե, վերը նշված 14,5 հազար հեկտարի զավթումը քարտեզների վրա չի արտացոլվել, քանզի այն, ինչպես հոդվածի հեղինակն է գրում, «ուղղակի վաճառվել էր ադրբեջանցիներին՝ տնտեսության ղեկավար-հողաշինարար-գյուղվարչության պետ-շրջխորհրդի նախագահ-կուսշրջկոմի քարտուղար շղթայի որևէ օղակով, իսկ մեծ մասն էլ աստիճանաբար զավթվել էր խաբեբայության, ահաբեկման, բայց ավելի հաճախ քծնանքի ու կեղծավորության մուսուլմանական ձեռնածությամբ:» Բայց այդ դեպքում ինչո՞ւ, տարբեր տարիներին հրատարակված Հայաստանի քարտեզներն իրարից սար ու ձորի տարբերություն ունեն։ Այս միտքը կարելի է նաև բառացի հասկանալ, որովհետև հանրապետության քարտեզներից, ասես կախարդական փայտիկի օգնությամբ անհետացել են և՛ սարեր, և՛ ձորեր։ Ահա, իմ առջև է Հայկական Խորհրդային Հանրապետության 1927թ. մեծադիր քարտեզը (հրատ.՝ Հայկենտվիճվարչության, խմբ.՝ Զ. Կորկոտյան, գծագրող Ա. Մինասյան), ուշադիր դիտողը կնկատի, որ այս և բոլորիս ծանոթ ՀԽՍՀ ներկայիս քարտեզների միջև կան ոչ միայն սար ու ձորի, այլև լճերի տարբերություններ։ Օրինակ, Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների հատման վայրից արևմուտք գտնվող Մեծ Ալալիճն ու Փոքր Ալալիճը ըստ 1927 թվականի քարտեզի ՀԽՍՀ կազմում են (այդպես է նաև Խորհրդային առաջին մեծ հանրագիտարանի առաջին և երրորդ հատորներում զետեղված քարտեզներում, Մոսկվա, 1926 թ.), իսկ այժմ, իրենց ընդարձակ շրջակայքով հանդերձ ներառված են Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի (Քարավաճառի) շրջանի մեջ: Այդ է պատճառը, որ այդ հատվածում՝ Վարդենիսի և Ազիզբեկովի շրջանների բաժանարարում երկու հանրապետությունների միջև տեղի է ունեցել սահմանային հսկայական փոփոխություն։ Ե՞րբ, ո՞ր թվականին, ի՞նչ պայմաններում, իրավական ի՞նչ հիմունքներով է վերաձևվել Հայաստանի պետական սահմանը։

Այս մութ պատմության վրա որոշ լույս են սփռում Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության Հայաստանի պետական կենտրոնական արխիվում պահվող որոշ նյութեր, որոնցից պարզվում է, որ հօգուտ Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների «ճշտումը» եղել է մանրամասն մշակված քաղաքականություն։ Այսպես, Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային փոփոխություններին նվիրված նիստի արձանագրությունից իմանում ենք, որ այդ օրը լսվել է «Ալլագյոլլար» անվանվող ամառային արոտավայրի մոտավորապես 12.000 դեսյատին տեղամասը ՀԽՍՀ Դարալագյազի կամ Ադր. ԽՍՀ Քուրդիստանի գավառներին վերագրելու մասին» հարցը։ Ի տարբերության այս փաստաթղթի մյուս կետերի, որոնցում փորձ է արվում սահմանային փոփոխություններն ինչ–որ կերպ պատճառաբանել, այս դեպքում Հայաստանից մի հսկայական հատված՝ 12.000 դեսյատին կամ ավելի քան 130 քառ կմ պոկելու մասին ընդամենն ասված է, որ «վիճելի տարածքը հանձնվում է, Քուրդիստան գավառին (ֆ. 112, գ. 1, Գ. 267, թթ. 78—81)։ Բայց սա միակ դեպքը չէ. նման զավթումներ կատարվել են դրանից և՛ առաջ, և՛ հետո։

Ինչպես հայտնի է, ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի միջև 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրով Հայաստանից Թուրքիային է անցնում Կարսի մարզը (18646 քառ. կմ), Սուրմալուի գավառը (3650 քառ. կմ), Ադրբեջահին՝ Գողթն —Նախիջևանը (5,5 հազ. քառ. կմ)։ Նույն թվականի հուլիսի 5-ի Կավբյուրոյի որոշմամբ Ադրբեջանին ընծայվեց նաև ողջ Արցախը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ը՝ 4,4 հազար քառ կմ)։

Հայաստանի հոշոտման արյունռուշտ կերուխումից հետո կարելի էր նստել նոր բանակցությունների սեղանի շուրջ, և արդեն դանակ-պատառաքաղով մասնատել Հայաստանի մնացյալ մասը։ Ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրից ուղիղ մեկ տարի անց՝ 1922 թ. մայիսի 29-ին, Միութենական խորհրդի նախագահության նիստում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերի հարցը։ Ճիշտ, որ՝ ախորժակը ուտելուց է բացվում: Սահմանամերձ գոտու հայկական հողերի ու անտառների, մարգագետինների ու լճերի «հարցը լուծելուց» հետո, Ադրբեջանը ձեռքը երկարում է արդեն երկրի ներսը և պահանջում, որ… այն գյուղերին, որոնց հողերը կարող են որպես արոտավայրեր ծառայել քոչվորներին, արգելվի այդ հողերը վարել-ցանելն ու մշակելը։ Եվ ի՞նչ։ Վերոհիշյալ նիստում որոշվում է «դադարեցնել վարել նախկին արոտավայրային հողերը» և ի պաշտպանություն քոչվորների, ռուս կոմիսարի գլխավորությամբ ստեղծել զինյալ ջոկատներ (ֆ. 112, ց. 1, դ. 25, թթ. 39-40, 46-48)։ Թե ինչ կարևորություն էր տրվում Հայաստանը խաշնարածների տնօրինությանը հանձնելը, վկայում է Անդրերկրկոմի՝ սահմանային տարաձայնությունները քննող հանձնաժողովի նույն տարվա նոյեմբերի 6-ի նիստի որոշումը, որով մի քանի գյուղերի տարածքներ Ադրբեջանին ընծայելուց հետո վճռվում էր, որ Հայաստանում այս կամ այն հողակտորները կարող են մշակել միայն այն դեպքում, եթե այդ վնաս չի պատճառի քոչվորներին (ֆ. 112, ց. 1, գ. 35, թ. 20):

Այս քաղաքականության արդյունքը եղավ այն, որ Հայաստանի արոտավայրերի կեսից ավելին հանձնվեց Ադրբեջանում (170 հազ. դեսյատին) և Վրաստանում բնակվող (24 հազ. դեսյատին) անասնապահներին։ Իսկ գուցե Հայաստանն այնքան ավելորդ հողեր ուներ, որ կարող էր առատորեն աջ ու ձախ բաշխել։ Անշուշտ՝ ոչ։ Օրինակ, ոչ լրիվ տվյալներով, 1924թ. միայն գաղթականներից 79,634-ը հողազուրկ էր, իսկ տեղացիներից՝ շուրջ 40 հազար մարդ (1926թ. տվյալներով)։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում մեկ շնչին ընկնող հողաբաժինը 0,9 դեսյատին էր, իսկ Ադրբեջանում՝ 2-3։ Բայց այս 0,9-նն էլ շատերին չհասավ։ Այս էր պատճառներից մեկը, որ ՀԽՍՀ կենտվիճվարչության տվյալներով 1925 թ. այլ հանրապետություններ արտագնա աշխատանքի էր գնացել 23.682 մարդ։ Իսկ Հյուսիսային Կովկաս և այլ բարեբեր շրջաններ մշտական բնակության մեկնողների թիվը տասնյակ հազարների էր հասնում։

Այն, որ Հայաստանի սահմանամերձ տարածքների զավթումը տեղի է ունեցել այլասան միջոցներով, վկայում են բազմաթիվ փաստաթղթեր։ Այսպես, 1923 թ. դեկտեմբերին Զանգեզուրի գավգործկոմի նախագահը ներքին գործոց ժողկոմին ուղղած նամակում պատմում է Գորիսի մերձակա Շուռնուխ գյուղի անտառի զավթման մասին. «Վերջերս վերացնելով Ղուբաթլուի գավգործկոմը և կազմելով Քյուրդեստանի գործկոմ (նրանք) սկսել են կրկին արգելել՝մեր կողմից նշանակված անտառապահներին հսկելու անտառում զանազան ավազակաբարո պաշտոնյաների, վախեցնելով անտառապահներին։ Անգամ թույլ էին տվել ձերբակալելու մեր երկու անտառապահներին, առանց մեզ հայտնելու։ Այդ տգեղ երևույթը կատարվել է Ղուբաթլուի գործկոմի ինչ-որ պաշտոնյայի կողմից երեսունից ավելի զինված բանդիտների միջոցով։ Վերջերս այդ հարցին ավելի սուր բնույթ է տրվել Քյուրդեստանի գործկոմի կողմից և անտառն սկսել են անխնա կտրել» (ֆ. 112, ց. Գ62, թթ. 134-135)»։ Ցավալիորեն ծանոթ պատկեր, որն անփոփոխ սցենարով կրկնվում է արդեն 70 տարի։

Անդրկենտգործկոմի՝ Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների վիճելի հարցերի լուծման հանձնախմբին ուղղված մեկ ուրիշ փաստաթղթից իմանում ենք, որ Գորիսի սակավ անտառներին աչք տնկողներն իրենց պահանջները «հիմնավորում» են նրանով, որ անտառն իրենց պետք է որպես… շինանյութ, այն դեպքում, երբ «հենց Քուրդիստանում կան մի քանի տասնյակ հազար դեսյատին հրաշալի անտառային զանգվածներ, որոնք լիովին կբավարարեն ոչ միայն Քուրդիստանին, այլև Ադրբեջանի բոլոր գավառներին» (ֆ, 112, ց. 1, գ. 92, թ. 129-130):

Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ նույնիսկ զանազան երկրաչափները կարող էին իրենց կամոք տնօրինել հայոց հողը։ 1929թ. օգոստոսին Հայկենտգործկոմին հղած գրությամբ հողժողկոմի տեղակալ Վ. Մամիկոնյանն ու հողվարչության պետի տեղակալ Խ. Ավդալբեկյանը հայտնում են, որ «Անդրկենտգործկոմի հողհանձնաժողովի երկրաչափ Չերսկին… Արազդայան գյուղից կտրել և Նախիջևանի հանրապետության սահմաններին է կցել Արազդայանում հաստատված գաղթականների փաստացի օգտագործման տակ գտնված հողերից 12 հեկտար տարածություն։

…Երկրաչափ Չերսկու սահմանագծումից հետո հողային միանգամայն անտանելի դրություն ստեղծվեց Արազդայանում հաստատված չափազանց սակավահող նոր բնակչության համար։

… Խնդրում ենք Անդրկենտգործկոմի միջոցով Արազդայանի շրջանում վերականգնել տալ այն սահմանը, որ տեղում ընդունված է եղել ընկ. ընկ. Հ. Սութանովի և Ա. Երզնկյանի կողմից» (ֆ. 112, ց. 2, գ. 199, թ. 17)։

Այս ամենն արվում էր ոչ միայն մեր հարևանների՝ հափշտակելու բնազդական պահանջից, այլև քաղաքական ու ռազմավարական հեռահար նպատակներով։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ Ադրբեջանը ցանկանում էր տնօրինել նաև Գորիս-Ղափան ճանապարհը, որը նրա հետ ոչ մի կապ չուներ։ Նույն փաստաթղթից պարզվում է նաև, որ «Ղուբաթլուի և մյուս շրջանների բնակչությունը անցյալ տարի որոշել էր միանալ Զանգեզուրի գավառին, որի մասին էլ հեռագրեր էին հղվել Ադրբեջանի Կենտկոմ և Ադրբեջանի Կենտգործկոմ» (ֆ. 112, ց. 1, գ. 62, թթ. 129—130)։

Բայց վերաձևումները սրանով ոչ թե ավարտվում, այլ միայն նոր էին սկսվում։ 1924 թ. հուլիսի 11-ին Ա. Երզնկյանի և Մ. Բաղիրովի միջև կայացած համաձայնությամբ որոշվում է վերջնականապես «ճշգրտել» Հայաստանի սահմանները և ստեղծվում է Զանգեզուրի և Քրդստանի սահմանները որոշող հանձնաժողով՝ Անդրկենտգործկոմի լիազոր Յու. Կոչետկովի, Ադրբեջանի Կենտգործկոմի ներկայացուցիչ, ոչ անհայտ Ասադ Կարաևի և Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ակսել Բակունցի մասնակցությամբ։

Հանձնաժողովը 1925-ին շրջում է սահմանային գոտում և հողային վեճերի մասին հավաքում բողոքագրեր ու փաստաթղթեր։ Այնուհետև, 1926 թ. սեպտեմբերի 11-ից վերսկսում է աշխատանքը։ Ակսել Բակունցը, որը մինչև հոկտեմբերի 10-ը մասնակցել է սահմանագծմանը, հողվարչությանն ուղղված զեկուցագրում թվարկում է այն գյուղերն ու վայրերը, որոնք անցել են Ադրբեջանին։ Զեկուցագիրն ինքնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բայց բավարարվենք միայն մի քանի հատվածով. «Առայժմ ձեռքի տակ չունենալով թվական տեղեկություններ եղած վիճելի տարածության մասին, ինչպես և այն մասին, թե այս վիճելի տեղերից քանի դեսյատինն է անցել այս կամ այն կողմը նոր սահմանագծումից հետո, այժմ միայն մի ընդհանուր եզրակացություն կարելի է հայտնել, այն է, որ զիջող եղել է մեծ մասամբ Զանգեզուրը։ … Հիմնական թերությունն այդ աշխատանքի այն էր, որ հողհանձնաժողովը սահմանն անցկացնելիս ի նկատի չէր առնում ոչ երկու կողմի հողերի քանակը, թե այս կամ այն գյուղը ինչքան հող ունի, ինչ կապեր ունի հարևան շրջանների կենտրոնների հետ, տնտեսապես ավելի շատ դեպի որ շրջանին է ձգտում և այլն։

…Սահմանն անցկացնելիս մի ուրիշ արգելք էլ կար։ Քյուրդիստանի գյուղերի մասին ճշգրիտ տեղեկություն չկար, հայտնի չէր ոչ նրանց բնակչության թիվը, և ոչ էլ հողերի քանակը։ Բացի այդ, սահմանն անցկացնելիս հիմք չընդունվեց երկու կողմի գյուղերի հողերի նորման, արդյունքը եղավ այն, որ Զանգեզուրին անցնող գյուղերը մնացին հողի նվազ նորմայով:

Մի ուրիշ հանգամանք։ Սահմանին կից թուրքական գյուղերն ունեն գյուղակներ՝ կազմված 5 — 8 տնից։ Այդ գյուղակները խանգարում էին սահմանագծման աշխատանքին։ Ցանկանալով միանալ Քյուրդիստանին, այդ գյուղակները պահանջում էին սահմանագիծը գյուղից որոշ հեռավորության վրա դնել, այդ դեպքում վիճելի հողերի մեծ մասն անցնում էր նրանց կողմը» (ֆ, 123, ց. 1, գ. 1321, թթ. 6 — 7):

Բայց կրկին վերադառնանք Հայաստանի 1927 թ. քարտեզին, ըստ որի ՀԽՍՀ ներկայիս Կարմիրի շրջանի Արծվաշեն (Բաշքենդ) գյուղը ոչ թե կղզիացած է, այլև թերակղզու նման միացած է նրան: Այն Հայաստանին է միացած նաև Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 16-ի Անդրկովկասյան հանրապետությունների սահմանային փոփոխություններին վերաբերող որոշմամբ: Ըստ այդ փաստաթղթի առաջին կետի Ղազախի և Դիլիջանի (որի մեջ էին մտնում ներկայիս Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի և Կարմիրի շրջանները) գավառների միջև սահմանները «ճշգրտվում» են հետևյալ կերպ՝ Շինիխ-Այրում կոչվող ողջ տարածքը (11 հազար 659 դեսյատին) հանձնվում է Ղազախին։ Այս փոփոխությունից հետո հայկական Արծվաշեն (Բաշքենդ) գյուղը կտրվում է Հայաստանից։ Կրկին ծագում է ճակատագրական հարցը, ինչպե՞ս անել, որ «և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները ողջ»: Եվ գտնվում է հերթական «փոխզիջումների» ուղին։ Որոշվում է «հաշվի առնելով այն, որ հայկական Բաշքենդ գյուղը նրան հատկացված հողերի հետ միասին հանդիսանում է Հայկական ԽՍՀ-ի բաղկացուցիչ մասը և վերոհիշյալ սահմանափոխումների հետևանքով կանցնի Ադր. ԽՍՀ Ղազախի գավառի տարածք, վերջինիս անցնող Շինիխ-Այրումի շրջանի հարավային մասից Բաշքենդ գյուղին հատկացնել հողի շերտ (ամառային արոտավայրեր), որը տարածքորեն կկապեր այդ գյուղը Հայկական ԽՍՀ Դիլիջանի գավառին»։ Թե երբ զավթվեց Արծվաշենը Հայաստանին կապող տարածքը, ինձ անհայտ է, համենայնդեպս 1934թ. քարտեզներում այն դեռևս միացած էր Հայաստանին, իսկ Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հատորում (Մոսկվա, 1949) հրատարակված Ադրբեջանական ԽՍՀ և երրորդ հատորում (1950) զետեղված Հայկական ԽՍՀ քարտեզների վրա այն արդեն կղզիացած է։ Ուրեմն հանրապետության այս նոր բզկտումը տեղի է ունեցել 1934 — 49 թթ. ընթաքքում:

Այդ թվերին Հայաստանի քարտեզներին հայտնվել են նաև երեք խոռոչներ: Ամեն անգամ տարակուսանքով եմ նայում Հայաստանի քարտեզի այն օղակված տարածքներին, որոնք գտնվել են Հայկական ԽՍՀ-ում, սահմանազատված են և սլաքով նշված, որ պատկանում են Ադր. ԽՍՀ-ին: Դրանցից մեկը Արարատի շրջանում է և ենթարկվում է Նախիջևանի ԻԽՍՀ-ին, երկրորդը՝ Իջևանի շրջանում, երրորդը՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների սահմանագլխին: Որքան էլ ճգնենք, միևնույն է, չենք կարող բացահայտել այն սկզբունքը, որով առաջնորդվել են այս նոր վերաձևման հեղինակները: Եթե նույնիսկ մտածենք, որ ելակետը եղել է բնակիչների ազգային պատկանելությունը, ապա Ադր. ԽՍՀ և Նախիջևանի ԻԽՍՀ-ն սահմանամերձ գոտու բազմաթիվ հայկական հազարամյա գյուղեր նման մոտեցման դեպքում պետք է տասնյակ օղակների մեջ առնվելով միանային Հայաստանին: Այնպես որ, ստալինյան բռնատիրական քաղաքականությունը շարունակ սպիտակ բծեր է թողել Հայաստանի քարտեզի վրա։

Թե ինչ քաղաքական ծրագրեր են հետապնդել Հայաստանը բզկտողները, այժմ դյուրին է գուշակել: Այն առավել որոշակիացավ Հանրապետության բլոկադայի օրերին, երբ Իջևանի շրջանում գտնվող, բայց չգիտես ինչու Ադրբեջանին ենթարկվող Բարխուդարլու կայարանն իր տերերի անբարոյական քաղաքականության հավատարիմ փակել էր Հայաստանին ուղարկվող բեռների ճանապարհը:

Լրագրային հոդվածի սահմաններում, հասկանալի է, անհնար է անդրադառնալ Հայաստանից զավթված բոլոր հողակտորներին: Վերջում նշենք մի կարևոր հանգամանք ևս: Եթե 1927թ. հանրապետության տարածքը եղել է 30 հազար 247,6 քառ կմ, ապա այժմ այն 29 հազար 742,5 քառ կմ է: Բնական չէ՞, ենթադրել, որ այդ 505,1 քառ կմ կորուստը պետք է փնտրել հենց հանրապետության սահմանների հիշյալ վերձևումների մեջ: Համեմատության համար նշենք, որ ՀԽՍՀ Մասիսի շրջանն ընդամենը 169 քառ կմ է, Նաիրիի շրջանը` 303, Էջմիածինը` 377, Սևանինը` 389 քառ կմ: Ասենք նաև, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն 1926թ. եղել է 85363 քառ կմ, 1949-ին` 85700 քառ. կմ, իսկ 1970-ին 86600 քառկմ (Խորհրդային մեծ հանրագիտարան, հ.1):

Նույն տեղում (էջ 347) նշված է նաև, որ Կասպից ծովի մակարդակի անկման շնորհիվ Ադրբեջանական ԽՍՀ-ն մեծացել է 3.5 հազար քառ. կմ-ով: Փորձենք թվաբանական պարզ գործողությամբ գլուխ հանել թվերի այս խառնաշփոթից: Անօգուտ է: Կրկին հարց է ծագում, իսկ ի՞նչ եղավ ՀԽՍՀ 505,1 քառ կմ, եթե հայտնի է, որ Հայաստանը ծովափնյա երկիր չէ և ծովի մակարդակի բարձրացման հետևանքով 505,1 քառ կմ տարածքը չէր կարող ջրատակ լինել: Մի բան պարզ է, որ օրը ցերեկով Հայկական ԽՍՀ-ն խորհրդավոր կերպով փոքրացել է, իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ն` մեծացել:

Ահա այսպիսի գլուխկոտրուկների առջև ես կանգնում, երբ մեր ընդդիմախոսների «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխությունների» և «սահմանների վերաձևումների» մասին անվերջ շաղակրատանքներից դրդված բաղդատում ես Հայաստանի տարբեր տարիների քարտեզները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives