November 14, 2024

Ալիևը Բրյուսելում ստորագրեց ՆԱՏՕ-ի ծրագիրը

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off

Ազգ, 6 մայիսի, 1994թ., թիվ 84

Բրյուսել, 4 մայիսի: ԹՈՒՐԱՆ-ՍՆԱՐՔ: Այսօր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում ունեցավ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Վյորների հետ: Քննարկվեցին Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործակցության հարցեր: Կեսօրից հետո Ալիևն ստորագրեց ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագիրը, ապա անցկացվեց մամլո ասուլիս: «ՆԱՏՕ-ի ծրագրի ստորագրումն Ադրբեջանի համար շատ մեծ կարևորություն ունի»,— ասաց նախագահի աշխատակազմի վերլուծական կենտրոնի ղեկավար Էլդար Նամազովը: «Մենք այդ փաստաթուղթը ստորագրած 15-րդ երկիրն ենք: Ադրբեջանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի հնարավորություններն ու հեղինակությունը թույլ կտան մոտ ժամանակներս դադարեցնել հայ-ադրբեջանական հակամարտությունը և շրջանում ստեղծել կայուն խաղաղություն: Նաև հույս ունենք, որ համաձայնագիրը նախադրյալներ կստեղծի կոլեկտիվ անվտանգության համակարգ հիմնելու համար, որտեղ Ադրբեջանը կունենա իր տեղը: Բացի դրանից, մենք հանդես ենք գալիս Անդրկովկասի երկրների և հարևան պետությունների կոլեկտիվ անվտանգության ստեղծման օգտին»,— ասաց Էլդար Նամազովը:

ՆԱՏՕ-ում գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն չի կարող ինքնուրույն նախաձեռնություն հանդես բերել գրավյալ տարածքների վերադարձման հարցում, բայց Ադրբեջանը կարող է հակամարտության առիթով խորհրդակցել ՆԱՏՕ-ի հետ:

Միաժամանակ, հաղորդվում է, որ Հեյդար Ալիևը Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Ժան Լյուկ Դիանի հետ: Զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ համագործակցության և շրջանային անվտանգության հարցեր: Ալիևը Դիանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական իրավիճակին: Երկու կողմերը համակարծիք են, որ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ միջոցներով: «ՆԱՏՕ-ի ծրագրին Ադրբեջանի միանալը կնպաստի ադրբեջանա-բելգիական հարաբերությունների զարգացմանը: Մենք պաշտպանում ենք Անդրկովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված բոլոր ջանքերը և ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցություններին»,— ասել է Ժան Լյուկ Դիանը: Ինչպես երեկ հաղորդեց Բաքվի ռադիոն, մայիսի 5-ին Ալիևը պետք է վերադառնար Ադրբեջան՝ ճանապարհին այցելելով Թուրքիա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives