December 5, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Շուշվա կոտորածի վերաբերյալ

Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Շուշվա կոտորածի վերաբերյալ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի արտաքին գործերի մինիստրությանը Շուշվա կոտորածի և Ղարաբաղի դրության վերաբերյալ, Գեգեչկորու հետ ունեցած երկխոսության մասին

N 593

29 մարտի 1920 թ. Բաքու

Ամսույս 29-ին նորից տեսակցի Գեգեչկորիի հետ, որին ես ասացի, որ Թիֆլիզի լրագրներից արդեն երևում է, որ գործը բոլորովին այլ կերպարանք ունի, այսինքն, որ հարձակումն եղել է ոչ թե ժողովրդի կողմից, այլ ընդհակառակը Ադրբեջանն էր, որ ուզում է իրագործել յուր ծրագիրը Ղարաբաղի և Զանգեզուրի վերաբերմամբ, այդ իսկ պատճառով հարձակումն է սկսել ամեն կողմից: Բացի այդ, մեր ունեցած և դեռ չստուգված տեղեկություններից երևում է, որ Նովրուզ-Բայրամի օրը Շուշում ասկյարները 16 հայ են սպանել և առհասարակ վերջին ժամանակներս սպանությունները, բռնաբարությունները և անապահովությունը Ղարաբաղի շրջանում մեծ չափերի են հասել: Այսպիսով իմ մտածողությունս այժմ բոլորովին ուրիշ ընթացք է ստանում:

Գեգեչկորի. – Ես նույնպես մոտիկ ծանոթանալով գալիս եմ արդեն այն եզրակացության, որ այդ դեպքերը Հայաստանի կողմից չէին կարող կազմակերպված լինել, քանի որ, ինչպես հենց իրանք են ասում, այնտեղ հայկական զորամասեր շատ քիչ են և մյուս կողմից բռնությունների և անկարգությունների փաստերը ինձ մտածել են տալիս, որ երևույթը զուտ տեղական բնույթ ունի: Երևում է, որ ժողովուրդը մի հուսահատական քայլ է արել, հարձակվելով զորամասերի վրա: Նաև պետք է ասեմ, որ Ադրբեջանի կողմից էլ դա կազմակերպված արշավանք չի կարող լինել, քանի որ այն դեպքում նոքա նախապես պետք է բռնեին ստրատեգիական կարևոր դիրքեր:

Հավանություն տալով կոնֆերենցիայի գումարվելու անհրաժեշտության, ես ասացի, որ իմ մտահոգությունն է այն խնդիրը, որ Ադրբեջանի ներսում – Բագու, Գանձակ հակահայկական շարժումներ տեղի չունենան:

Գեգեչկորի. – Ես էլ այդ ուղղությամբ քայլեր եմ արել և կարծում եմ, որ ոչ մի բան չի պատահիլ, որովհետև դա հենց Ադրբեջանի շահն է պահանջում: Ալչիբայան ավելացրեց, որ ինքն էլ միջոցներ է ձեռք առել այդ ուղղությամբ և Բագվի համար երաշխավորում է:

Մ. Հարությունյան. – Մի՞թե նրանք չէին տեսնում, որ երկու-երեք շաբաթ առաջ կամավորական բանակի դրությունը անհուսալի է, մեծամասնականների հաջողությունն անխուսափելի է, հանկարծ մի այսպիսի ժամանակ կռիվներ են սկսում հայերի դեմ:

Գեգեչկորի. – Դատողություններից երևաց, որ եթե Ադրբեջանը չմիանա Վրաստանը միառժամանակ կկռվի բոլշևիկների դեմ և իհարկե վերջիվերջո կընկճվի:

Ի լրումն մեր նախորդ գրությունների պիտի հայտնենք, որ ամենաստույգ աղբյուրներից տեղեկություններ ունենք, որ բոլոր գավառապետներին շրջաբերականներ է ուղարկված անմիջապես տեղում կազմակերպել կամավորական խմբեր, վարժեցնել զինավարժության, որպեսզի ըստ առաջին պահանջի ճանապարհվեն ռազմաճակատը «դավադիր թշնամուն մի լավ պատժելու համար»: Դեռ լավ չվարժված զորամասերը քաղաք են բերում կարգը պահպանելու համար, իսկ վարժված զորամասերը ուղարկում են ռազմաճակատ: Ադրբեջանի թրքությանը կոչ է արված պատրաստվել հայրենիքը պաշտպանելու թշնամու դեմ:

Քաղաքում թեև տեղի են ունենում հայերի դեմ մանր էկցեսներ – ծեծ, հայհոյանք, կողոպուտ, գլխավորաբար ասկյարների կողմից, բայց խիստ միջոցներ են ձեռք առնված խոշոր երևույթներ թույլ չտալու համար:

Մ. Յարությունյան. – Դուք պետք է մտածեք մի փոքր էլ այն ուղղությամբ, որ սա կարող է լինել մի մտածված քայլ արդարանալու համար, թե ինչու չեն կարող այժմ Ձեզ հետ միասին մեծամասնականների դեմ կռվել: Մահմեդական հոգեբանության հետ լավ ծանոթ անձնավորություններ հաստատապես պնդում են, որ նախապես վճռած լինելով չդիմադրել բոլշևիկներին, Ադրբեջանը ստեղծել է այս ընդհարումը, որպեսզի օրինական պատճառաբանությամբ յուր զորքերն ուղղի դեպի Ղարաբաղ և ձեզ պատասխանի, որ շատ կուզենար ձեզ հետ միացած պաշտպանել Անդրկովկասը, բայց հայերն իրանց այս շարժումով զբաղեցնում են իրենց բոլոր ուժերը:

Գեգեչկորի. – Նոքա հենց այդպես էլ ասում են: Մի՞թե դուք կարծում եք, որ նոքա այդպես հեշտությամբ կզիջեին Բագուն: Այդ ժամանակ դա կորուստ կլիներ ամբողջ Անդրկովկասի համար:

Մ. Հարությունյան. – Ուրիշ ինչ կերպ բացատրել այն հանգամանքը, որ խոշոր կամավորական և պարտիզանական խմբեր են ուղարկում ղարաբաղցիների դեմ: Չէ՞ որ հայերը Ղարաբաղում զորամասեր չունեն: Այնտեղ հայկական զորքեր չկան, թեև անշուշտ ղարաբաղցի հայերի համար դժվար չէր լինիլ, իսկույն իրանց սպաներին, ենթասպաներին, ֆելդֆեբելներին հրապարակ հանել և կազմել վաշտեր ու գնդեր, քանի որ իրանք բոլորը զինվորական ծառայությունն անցած ու այս պատերազմի ժամանակ ֆրոնտներում եղած մարտիկներ են: Ուրեմն այս զուտ ժողովրդական շարժման դեմ մի՞թե բավական չէր իրանց այնտեղի զորքը, որ ճիշտ տեղեկություններով 8-10 հազարի է հասնում և բազմաթիվ կամավորական ու պարտիզանական խմբերը: Այնինչ այստեղից շարունակ ուղարկում են ահագին քանակությամբ զորք և ռազմամթերք, Սալյանից բերել են 1500 զինվոր և այլն: Այս բոլորը կարծեք ավելի հաստատում են այդ տեսակետը:

Գեգեչկորի. – Այնուամենայնիվ որևէ կերպով պիտի վերջ տալ այդ կռիվներին: Ես պնդեցի, որ ապրիլի 1-2-ին կոնֆերենցիան հավաքվի Թիֆլիզ: Ի տեղեկություն հայտնում ենք, որ թե Բագվից և թե Ղուբայից ուղարկված են ռազմաճակատ բոլոր առձեռն եղած հրանոթները: Միով բանիվ ահռելի ուժ են կենտրոնացնում այս կռիվը ինչ գնով էլ ուզում է լինի շահելու:

Դիվանագիտական ներկայացուցիչ Մարտ. Հարությունյան

Քարտուղար ՀՀ ՊԱ, ֆ. 200, ց. 1, գ. 417, թ. 139-140: Բնագիր: Ձեռագիր:

Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives