March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանական զորքերը Ղարաբաղում կորցնում են իրենց դիրքերը

Ադրբեջանական զորքերը Ղարաբաղում կորցնում են իրենց դիրքերը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)

Թուրքիայի վարչապետ Դեմիրելը կողմ է Բաքվին մարդասիրական օգնություն տրամադրելու՝ ԱՄՆ-ի կոնգրեսի էմբարգոյի վերացմանը

Ադրբեջանցիները Ղարաբաղում կորցնում են անցյալ ամառ զավթած դիրքերը, Թուրքիան «խաղաղ կարգավորման» իր պլանն է առաջարկում, Դեմիրելը ամերիկացիներին համոզում է «հաշվեկշռի» համար Ադրբեջանին օգնություն ցուցաբերել, ռու­սական թերթը «Հայաստանի շրջափակում» արտահայտությու­նը գրում է չակերտներով, իսկ ռուս դիվանագետները Անկարայում պետք է քննարկեն ու վերամշակեն Թուրքիայի խաղաղասի­րական ծրագիրը։ Մեր ականջին խորթ եւ անշուշտ ուշադրութ­յան արժանի այս շեշտադրումներն են, որ հուշեցին արտատպել ադրբեջանցի լրագրողի ստորեւ ներկայացվող հոդվածը։

Ադրբեջանի պաշտպանութ­յան նախարարությունն արգելել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտուց հաղոր­դագրությունները եւ հայտարարել, որ այսուհետ տարածաշրջանից տրվող տեղեկատվությունը ի մի կբերվի պաշտպանության նախա­րարության լրատվական-վերլուծական կենտրոնում եւ կհաղորդվի զանգվածային լրատվության միջոցներին՝ ամենօրյա հաղորդագրությունների տեսքով։ Ռազմական գաղտնիք պարունակող լրատվութ­յան արտահոսքը մամուլ կասեցնե­լու ձգտմամբ թելադրված նման որոշումն ընդունվում է այն պահին, երբ ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղի հյուսիսում շարունակում են կորուստներ կրել։ Տեղեկություններ կան, որ հայկա­կան զորքերն արդեն մարտեր են մղում Աղդարա (Մարտակերտ) շրջկենտրոնի մատույցներում։ Ըստ այլ տվյալների, վերջին օրերին մարտերն ընթանում էին արդեն շրջկենտրոնի փողոցներում։ Սա­կայն ադրբեջանական պաշտոնա­կան աղբյուրները հրաժարվում են հաստատել կամ ժխտել այդ տեղե­կատվությունը։

Ընդ որում, ադրբեջանական կողմը, որը շարունակում է կորց­նել իր դիրքերը Ղարաբաղում, պրոբլեմի լուծման հույսերը կա­պում է փետրվարի վերջին, թուր­քական կառավարության առաջ քաշած խաղաղ կարգավորման նա­խաձեռնության հետ։ Թուրքիան առաջարկել է 4 կետից բաղկացած ծրագիր. 1. Հրադադար առանց նախնական պայմանների, 2. Ադրբեջանական տարածքից հայկական զորքերի դուրսբերում, 3. Ադրբեջանի եւ Հայաստանի անվտան­գության եւ տարածքային ամբողջականության միջազգային երաշ­խիքների ապահովում, 4. Ադրբեջանի եւ Հայաստանի՝ միմյանց միջազգային գործերին չմիջամտում։ Այս ծրագիրն Ադրբեջանը դրականորեն էր ընդունել, ինչը հավաստվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Հիքմեթ Չեթինի եւ Թոֆիկ Ղասիմովի մարտի 6-ի համատեղ մա­մուլի ասուլիսում։ Հայտնի դար­ձավ, որ Հ. Չեթինը, թեպետ թուր­քական կառավարության ծրագրած պաշտոնական այցով դեռեւս չի ժամանել Երեւան, մարտի 8-ին Անկարայից զանգահարել է Հա­յաստանի նախագահ Լ. Տեր- Պետրոսյանին։

Ղարաբաղյան հակամար­տության՝ Թուրքիայի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրի քն­նարկման ու մշակման համար ռուսական դիվանագետների Անկարա այցելության նախաշեմին ԱՄՆ-ի վարչակազմը հետաքրք­րություն է հանդես բերել Թուրքիայի դիվանագիտական ջանքերի հանդեպ։ Տեղեկություններ կան, որ մարտի 8-ին Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Բարթլին իր խնդրանքով ընդունվել է Թուր­քիայի նախարարների դահլիճում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը, փոխվարչապետ Էրդալ Ինոնյուն եւ արտգործնախարար Հիքմեթ Չեթինը։ Ռիչարդ Բարթլին հայտարարել է, որ նախագահ Քլինթոնի վարչակազմը հաստատապես մտադիր է Հայաստանին մարդասիրական օգնություն ցու­ցաբերել։ Թուրքիայի վարչապետ Դեմիրելը, դրան համաձայնելով, միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է կիրառել երկու այսրկովկասյան հանրապետություններին օգնություն հատկացնելու հաշ­վեկշռված քաղաքականություն։ Այդ կապակցությամբ Դեմիրելը կասկածի տակ է առել Ադրբեջանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ անցյալ տարի ԱՄՆ-ի կոնգրեսի ընդունած էմ­բարգոն պահպանելու նպատակահարմարությունը (խոսքը ԱՄՆ-ի վարչակազմի՝ կոնգրեսի խրախուսանքին արժանացած ուղղման մա­սին է, որը նախատեսում է հրա­ժարում Ադրբեջանին մարդասիրա­կան օգնություն հատկացնելուց, քանի դեռ չի դադարել «Հայաս­տանի շրջափակման քաղաքականությունը»): Դեմիրելի կարծիքով, էմբարգոյի վերացումը կնպաստեր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Այդին Մեհտիև
«Նեզավիսիմայա գազետա», 11 մարտի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives