March 29, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Ռուսաստանի և Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին

Ռուսաստանի և Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Մշակ, 14 դեկտեմբերի, 1917թ., թիվ 261

…Փլվում է կապիտալիստական ավազակապետության ու բռնության թագավորությունը: Այրվում է իմպերիալիստ հափշտակիչների ոտքերի տակի հողը: Այդ մեծ դեպքերի հանդեպ մենք դիմում ենք ձեզ, Ռուսաստանի և Արևելքի աշխատավոր և իրավազուրկ մահմեդականներ:

Ռուսաստանի մահմեդականներ. Մերձվոլգայի և Ղրիմի թաթարներ, Անդրկովկասի թուրքեր և թաթարներ, Սիբիրի և Թուրքեստանի կիրգիզներ ու սարթեր, չեչեններ և Կովկասի լեռնականներ, որոնց մզկիթներն ու աղոթատները քանդում, որոնց սովորությունները ոտնահարում էին ցարերը և Ռուսաստանի բռնակալները:

Այսուհետև ձեր սովորություններն ու դավանանքները, ձեր կուլտուրական ու ազգային հաստատությունները հայտարարվում են ազատ ու անձեռնմխելի: Կազմակերպեցեք ձեր ազգային կյանքը ազատորեն ու անարգել: Դուք իրավունք ունեք այդ անելու: Գիտցեք, որ ձեր իրավունքները պաշտպանվում են հեղափոխության, և նրա մարմիններ բանվորների ու գյուղացիների պատգամավորների խորհուրդների բովանդակ ուժով:

Աջակցեցեք ուրեմն այդ հեղափոխությանը և նրա լիազոր կառավարությանը:

Արևելքի մահմեդականներ. պարսիկներ և թուրքեր, արաբներ և հնդիկներ, որոնց գլուխներն ու կայքը, որոնց հայրենիքն ու ազատությունը վաճառում էին հարյուրավոր տարիներ Եվրոպայի ագահ խժռողները, որոնց երկիրները կամենում են բաժանել պատերազմը սկսած կողոպտիչները:

Մենք հայտնում ենք, թե գահընկեց ցարի գաղտնի պայմանագրերը Կ.Պոլիսը հափշտակելու մասին, վավերացված պաշտոնանկ եղած Կերենսկիից, ներկայումս պատառոտված են ու ոչնչացված: Ռուսական հանրապետությունը և նրա կառավարությունը՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեմ են ուրիշի հողերը հափշտակելուն. Կ. Պոլիսը պետք է մնա մահմեդականների ձեռքում:

Մենք հայտնում ենք, թե Պարսկաստանը բաժանելու պայմանագիրը պատռտված է ու ոչնչացված: Հենց որ դադարեն պատերազմական գործողությունները, զորքերը դուրս կհանվեն Պարսկաստանից և պարսիկներին կապահովվի իրենց վիճակը ազատորեն տնօրինելու իրավունք:

Մենք հայտնում ենք, թե Թուրքիան բաժանելու և նրանից Հայաստանը «խլելու» պայմանագիրը ոչնչացված է ու պատռտված: Հենց որ դադարեն պատերազմական գործողությունները, հայերին կապահովվի իրենց քաղաքական ազատությունը, ազատորեն տնօրինելու իրավունք:

Ռուսաստանը և նրա հեղափոխական կառավարությունը չեն, որ ստրկացնելու են ձեզ, այլ եվրոպական իմպերիալիզմի հափշտակիչները, նրանք, որոնք վարում են այժմյան պատերազմը՝ ձեր երկիրները բաժանելու նպատակով, նրանք, որոնք ձեր հայրենիքը վերածել են «գաղութի»:

Տապալեցեք ուրեմն այդ հափշտակիչներին և ձեր երկրները ստրկացնողներին:

Այժմ, երբ պատերազմը և քայքայումը երերում են հին աշխարհի սյուները, երբ ամբողջ աշխարհը բոցավառվում է իմպերիալիստների դեմ, երբ հուզմունքի ամեն մի կայծ դառնում է հեղափոխության հզոր բոց, երբ նույնիսկ հնդկական մահմեդականները, տանջված օտարերկրյա բռնակալ լծից, ապստամբվում են իրենց բռնավորների դեմ, այժմ լռել չի կարելի: Օն ուրեմն, ժամանակ մի կորցնեք և հեռու շպրտեցեք ձեր հողերը հափշտակողներին: Մի մատնեք այլևս նրանց հափշտակության ձեր հայրենի մոխիրները: Դուք ինքներդ պետք է լինեք ձեր երկրի տերը: Դուք ինքներդ պետք է տնօրինեք ձեր կյանքը ձեր ցանկությամբ: Դուք իրավունք ունեք, վասնզի ձեր բախտը ձեր սեփական ձեռքումն է:

Ընկերներ, եղբայրներ.

Հաստատ ու վճռապես մենք դիմում ենք դեպի պատվավոր դեմոկրատական հաշտություն:

Մեր դրոշակների վրա մենք կրում ենք աշխարհի ճնշված ժողովուրդների ազատագրումն:

Ռուսաստանի մահմեդականներ,

Արևելքի մահմեդականներ,

Աշխարհի վերածնության այդ ճանապարհին մենք սպասում ենք ձեզնից համակրանք ու աջակցություն:

Ազգային գործերի ժողովրդական կոմիսար՝ Ջուղաշվիլի (Ստալին) Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ՝ Վ. Ուլյանով (Լենին)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives