«Արցախ», մարտ-ապրիլ, 1990թ., թիվ 2
Ռուս բանաստեղծներից ու գրողներից շատերն են կենդանի հետաքրքրություն ցուցաբերել հայ մշակույթի պատմության, նրա ականավոր գործիչների նկատմամբ։ Հիշենք Պուշկինին ու Լերմոնտովին, Տուրգենևին ու Դերժավինին, Գերցենին ու Օգարևին, Եսենինին ու Ֆադեևին։ Նրանք բազմիցս իրենց երկերում անդրադարձել են հայկական, այդ թվում նաև՝ ղարաբաղյան թեմային։ Իրենց ստեղծագործություններում այս գրողները հայ իրականության մասին խորաթափանց տողեր, ամբողջ գրքեր ու հետազոտություններ են նվիրել։ Եվ այդ բոլորը նրանք արել են ազնիվ մղումներով։
Այս բարի ավանդույթը շարունակել է նաև ռուս խորհրդային գրականության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ բանաստեղծ Սերգեյ Միտրոֆանովիչ Գորոդեցկին։ Խորհրդային հանրագիտարանային բառարաններում նրա մասին համառոտ և քիչ է գրված։ Ս. Մ. Գորոդեցկին ծնվել է 1884 թվականին և մահացել 1967 թվականին։ Ռուս բանաստեղծ է։ «Յար» (1907 թ) գրքի թեման և կերպարները վերցված են ռուսական ժողովրդական բանահյուսությունից։ «Պոետների ցեխի» (աքմեիզմի) կազմակերպիչներից մեկն է։ Նրա «Մանգաղ» գիրքը լույս է տեսել 1921 թվականին, իսկ առավել խոշոր ստեղծագործությունը՝ «Կարմիր Պիտեր» պոեմը, հրատարակվել է 1922-ին։
Ընդամենը այսքան հակիրճ տեղեկություններ նրա մասին։ Մինչդեռ Սերգեյ Գորոդեցկին ոչ միայն տաղանդավոր բանաստեղծ է եղել, այլև՝ հրաշալի թարգմանիչ։ Սերգեյ Գորոդեցկու հասարակական-քաղաքական գործունեությունն ըստ արժանվույն չի գնահատվել դեռ։
Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական պահերին Գորոդեցկին եղել է նրա կողքին։ 1916–19 թթ. նա ակտիվ խաղաղասիրական գործունեությամբ է հանդես եկել, ըստ որում նրա ամեն մի ասած կամ գրած խոսքը ներգործության մեծ ուժ է ունեցել։ Ինչի մասին էլ որ գրեր, նրա խոսքը միշտ էլ պրոֆեսիոնալ բանաստեղծի խոսք էր։
Ինչպես ինքն է գրում իր հուշերում, Գորոդեցկին երեք անգամ եղել է Թիֆլիսում։ Նրա քրոջ ամուսինը՝ ճարտարապետ Ա. Կ. Վասիլևը, դարասկզբին եղել է Թիֆլիսի գլխավոր ճարտարապետը և դասական ճարտարապետության կողմնակից էր։ Հարավային այս քաղաքում կառուցած նրա շատ հիվանդանոցներ ու դպրոցներ մինչև այսօր կանգուն են։ Սերգեյ Գորոդեցկին քրոջ ընտանիքին հյուր է եղել 1902 և 1908 թվականներին։ Երրորդ անգամ նա Թիֆլիսում եղել է 1916 թվականին։ Հենց այդ թվականին կայացավ հայ մշակույթի հետ նրա մերձեցումը։
1916 թ. գարնանը Գորոդեցկին Թիֆլիս եկավ «Ռուսսկոյե սլովո» թերթի թղթակցի և Քաղաքների Համառուսաստանյան Միության վկայականներով։ Բանաստեղծը վերջին վկայականը Միության նախագահից ստացել էր դեպի Կովկաս ուղեգրի հետ միասին, իր խնդրանքով։
Ս. Գորոդեցկին ըստ երևույթին լավ էր հասկանում, որ ոչ մի տաղանդավոր գրող չի կարող շրջանցել կովկասյան թեման։ Հարկ է նշել, որ երբ նա ներկայացավ Միության թիֆլիսյան բաժանմունք, նրան նախ չհասկացան։ Բայց քանի որ Մոսկվայից էր ուղարկված, ընդառաջեցին։ Ըստ երթուղու, նա Տրապիզոն պիտի գնար, բայց Թիֆլիսում նրան խորհուրդ տվեցին մեկնել Վան, քանի որ Տրապիզոնը շրջափակված էր։ Նա այդպես էլ արեց։ Ոչ իր մեղքով փոխելով նախնական երթուղին, Գորոդեցկին բռնեց հինավուրց հայկական Վան քաղաքը տանող ճանապարհը։ Դա շատ բանով հիշեցնում էր Պուշկինի ուղևորությունը, միայն թե վերջինս եղել էր Էրզրումում, իսկ Գորոդեցկին՝ Վանում:
— Թիֆլիսում Գորոդեցկին ծանոթացավ ու մտերմացավ Հովհաննես Թումանյանի հետ, եղավ Թումանյանի ակտիվ ստեղծարար գործունեության ականատեսը 1916-1919 թթ.։ Այդ չորս տարիներին, մոտիկից շփվելով տեղական գրողների հետ, նա ուսումնասիրեց նրանց կենցաղն ու բարքերը։
Ինչպես ինքն է խոստովանել, Գորոդեցկին ամուր բարեկամական կապերի մեջ էր Թումանյանի, նրա որդու՝ Արտավազդի ու երեք դստեր հետ։ Այդ բարեկամությունը բանաստեղծը պահպանեց մինչև իր կյանքի վերջին օրերը։
Մի քանի օր անց, երբ Գորոդեցկին պատրաստվում էր մեկնելու Վան, նա գրեց «Հայաստանին» սրտահույզ բանաստեղծությունը։ Ի դեպ, նույն բանաստեղծությունը հանդիսացավ 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Հայաստանի հրեշտակը» գրքի ներածականը և նվիվեց Հովհ. Թումանյանին։ Եթե Հայաստանի համար ամենածանր օրերին մեծ հումանիստ և բանաստեղծ Վալերի Բրյուսովը ստեղծեց «Հայաստանի պոեզիան» անթոլոգիան և ռուս մտավորականության համար իսկական հոգևոր հայտնագործություն արեց, ապա Սերգեյ Գորոդեցկին Թումանյանի որդու՝ Արտավազդի հետ միասին հավաքեց Վանի ու Վայոց ձորի որբ երեխաներին։ Ի դեպ, հենց այդտեղ էլ զոհվեց հայոց մեծ բանաստեղծի որդին՝ Արտավազդը։
Այսքանն է բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու խաղաղասիրական գործունեության ոչ լրիվ նկարագիրը։
Ո՞վ էր Գորոդեցկուն պատմել Ղարաբաղի մասին։ Գուցե Թումանյանը, կամ թե՞ ինքն է նյութեր հավաքել, ուսումնասիրել։ Կամ էլ, ո՞վ գիտե, միգուցե նա այդ երկրամասի բնակիչների հետ անձնական ծանոթություն է ունեցել։ Շուրջ 70 տարի առաջ, «Կավկազսկոյե սլովո» թերթում լույս տեսավ նրա «Ղարաբաղ» վերտառությամբ հոդվածը, որը գրված էր պրոֆեսիոնալ հզոր գրչով։ Ըստ երևույթին Գորոդեցկին ծանոթ էր Մագդա Նեյմանի 1899 թվականին Պետերբուրգում հրատարակած «Հայերը» գրքին։ Հնարավոր է, որ նրա սեղանին եղել են նաև հայերի մասին պատմող այլևայլ գրքեր, որոնք բանաստեղծը ուսումնասիրել է մանրազնին, այլապես չէր կարող գրել գիտականորեն հիմնավորված այդքան կարևոր մի հոդված, որպիսին «Ղարաբաղն» է։
«Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ է դրսևորվում, դառնում է մշակութային ու քաղաքական կենտրոն։ Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, դառնում է ազգային կյանքի պատվար, հույսերի կղզի, վերածննդի գրավական։ Հայ ժողովրդի համար այս վերջին դերն է խաղացել ու խաղում է լեռնային մարզ Ղարաբաղը։
Ինքը՝ բնությունը, նրան հսկայական նշանակություն է տվել։ Այնտեղ, Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք հանդիսանում են Ղարսի ու Սևանի լեռնուտների շարունակությունը, երկու հազարից ավելի տարիներ հայ ժողովուրդը դիմացել է քոչվոր ցեղերի արշավանքներին, պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային դեմքը»։ Սույն մեջբերումը վկայում է, որ Գորոդեցկին վատ չգիտեր տեղանքի աշխարհագրությունը, Արցախի ստրատեգիական նշանակությունը հայ ժողովրդի համար։ Դրանով հանդերձ, հոդվածագիրը Ղարաբաղը տեսնում էր իբրև հնարավոր ասպատակություններից պաշտպանվելու համար հուսալի թիկունք։ Թերևս դա է վկայում նաև բանաստեղծի հետևյալ միտքը.
«Էթնիկապես, տնտեսապես և լեզվով միասնական լինելով, Ղարաբաղը հանդիսանում էր Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը։ Այդպիսին էր նա անցյալում, այդպիսին է հիմա, այդպիսին էլ կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը, չի կարելի պաշտպանել, չտիրելով Ղարաբաղին։ Պատմության ընթացքում բազմիցս ասպատակության ալիքները փշրվել են Ղարաբաղի անառիկությունից… Բազմիցս Սյունիքի իշխանական մելիքությունը, որպիսին հնում անվանվում էր Ղարաբաղը, սեփական ուժերով ետ էր մղել թշնամուն։ Պատմությանը կրկնվում է և վերջին անգամ այն տեղի ունեցավ մեր աչքերի առաջ»։
Թվում է, չի կարելի, հեղինակին առարկել պատմագիտության մեջ, թեկուզև միշտ չէ, որ հեղինակը ճիշտ է ընդգրկել աշխարհագրական հասկացության մասշտաբները, քանի որ Ղարաբաղը ընդհուպ մինչև 17-րդ դարը կոչվում էր Արցախ։ Ինչ վերաբերում է «Սյունիքի մելիքությանը, ըստ երևույթին Գորոդեցկին չէր ուզում տարանջատել ղարաբաղյան լեռները Զանգեզուրից։ Բայց որ բանաստեղծը միանգամայն ճիշտ ու հստակ կերպով ընդգծում է երկրամասի էթնիկական, տնտեսական և լեզվային մեխանիզմը, բնավ էլ առարկելի չէ։ Պատահական չէ, որ հազարամյակներ շարունակ Ղարաբաղը երբեք չի եղել օտար լծի տակ, միշտ էլ իր քաղաքական ներքին կառուցվածքը անձեռնմխելի է պահել։ Այնուհետև հեղինակը խիզախորեն և ազգագրագետի իմացությամբ գրում է.
«Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են վառ արտահայտված մի տիպ։ Ամբողջ աշխարհով մեկ ցրված ղարաբաղցիները հեշտությամբ ճանաչելի են։ Լայն թափը, անձնազոհ քաջությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, յուրատիպ համառությունը, ուղղագիծ կայունությունը, ընտանեկան կենցաղում նահապետականությունը — ահա ղարաբաղցու այն համակրելի գծերը, որոնք համարվում են հին հայկական առաքինությունների խորացումը։ Թեև պատմության դաժանությունից դրանք խամրել են, բայց մաքուր տեսքով պահպանվել են Ղարաբաղում։ Բարձրահասակ, ամրակազմ մի ցեղ, որ գնացել է լեռները՝ կյանքը փրկելու համար, որ պնդվել է լեռնային օդում, իրեն ապահովել հարթավայրային բնակիչներին սպառնացող վարակներից»:
Խելոք է ասված։ Գորոդեցկին բնավ ավելորդ խոսքեր չի շռայլել, նրա ամեն մի ասված խոսքը ճշտորեն բնութագրել է Ղարաբաղի ժողովրդին, նրա մարդկանց տիպը։ Ուշադրություն դարձրեք «բարձրահասակ, ամրակազմ ցեղ» բառերին, չէ՞ որ դրանք լավ իմաստով նշանակում են առողջ, սլացիկ, գեղեցիկ:
Շարունակելով խորհրդածել հին ու նոր Ղարաբաղի, նրա նշանավոր մարդկանց մասին, հեղինակը գրում է. «Հայաստանի ազգային հիշողությունը ղարաբաղցի ոչ քիչ հռչակավոր անուններ պետք է մտապահի։ Մի բնագավառ չկա, որում նրանք նախաձեռնություն և տաղանդ հանդես չբերեն։ Քաղաքականություն, գրականություն, հասարակական գործունեություն, առևտուր, այս բոլորը ասպարեզ են ծառայել նրանց աշխատանքի համար: Օրինակներ շատ կարելի է բերել։ Չհավակնելով լիակատարության, հիշենք մի քանի ականավոր ղարաբաղցիների անուններ, որոնք հայտնի են բոլորին։ Հասարակական գործիչներից Ղարաբաղին պարտական են իրենց ծննդի համար՝ Արամ փաշան, Սաքո Սահակյանը։ Ռազմական արվեստին Ղարաբաղը գեներալ Լազարէ է տվել։
Արդյունաբերությունն էլ իր շարքերում քիչ նշանավոր ղարաբաղցիներ չունի, դրանցից մեկն է, օրինակ, Կոստյա Համբարձումյանը։ Գրականությունը Լեո ունի, Մոսկվայում «Հայկական լրաբերի» հրատարակիչ Ամիրով… Վերջապես, հայկական թերթերի խմբագիրների մեծ մասը ղարաբաղցիներ են»։
Այժմ թերևս այդ ցուցակը կարելի է ավելի ընդլայնել, չէ՞ որ անցած յոթ տասնամյակում արցախցի նորանոր «աստղեր» են երևան եկել հայ երկնակամարում, որոնց լույսը ամբողջ աշխարհին է տեսանելի։
Դատելով Գորոդեցկու ներկայացրած ցուցակից, կարելի է ենթադրել, որ վերջինս լավ գիտեր արցախցի երևելիներին բնորոշ գծերը: Գուցե Թիֆլիսում նրա քրոջ հարևանների մեջ ծննդով ղարաբաղցի կար կամ էլ այդ տվյալները վերցված էն Մագդա Նեյմանի գրքից, որտեղ, ի դեպ, մի ամբողջ գլուխ կա նվիրված Ղարաբաղին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրում նա ղարաբաղցի կանանց մասին.
«Այդքան նշանավոր գործիչներ տված լինելով, Ղարաբաղը ստեղծել է, ավելի ճիշտ՝ մաքուր տեսքով պահպանել է հին հայուհու խառնվածքը, որի հոգեբանության մեջ ու կենցաղում մնացել են նահապետական ժամանակաշրջանի բարքերը»։
Գորոդեցկին ծանոթ էր նաև քոչվոր ցեղերի կողմից Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ կատարված արշավանքների պատմություններին։
«Իր մշակույթին ու կենցաղին գամված լինելով,— գրում է հեղինակը,— Ղարաբաղը մեր օրերում էլ մնում է իր հին փառքին արժանի։ Ինչպես Լենկ-Թեմուրի ժամանակներում, Ղարաբաղի մելիքները, հավաքելով իրենց դրուժինաները, պաշտպանեցին երկրամասի անկախությունը»։
Իհարկե, Սերգեյ Գորոդեցկու ամեն մի տող խորը վերլուծություն է պահանջում փաստերի ու իրադարձությունների համադրման համար։ Դա արդեն պատմաբանների ու հետազոտողների գործն է։ Կարևորն այն է, որ Գորոդեցկին փորձեր է արել զուգահեռներ անցկացնելու Հայաստանի ու Ղարաբաղի մշակույթների փոխազդեցությունների միջև։ Ըստ երևույթին բանաստեղծը ելնում էր այն բանից, որ մշակույթը և մշակութային կապերը կարող են գոյություն ունենալ կենտրոնում, իսկ ծայրամասերում դրանք ժողովրդի կողմից կոորդինացվում են։ Հենց դրա մասին է խոսում հետևյալ ծանրակշիռ եզրահանգումը, որ արել է բանաստեղծն իր հոդվածում:
«Տիրելով Ղարաբաղին, Հայաստանը կստանա մշակութային ուժերի մի վարար վտակ, որը հորդելով Հայաստանի ամայացած տարածությունները, կբեղմնավորի իր մշակույթով, դրանով հանդերձ իր բազմադարյան փառավոր պատմությունը հաստատելով… Բոլոր կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով կոնցենտրացվել է մշակութային կյանքը, ձեռք են բերում բացառիկ նշանակություն; Հենց նույն նշանակությունն ունի Ղարաբաղը Հայաստանի համար»։
Բնականաբար, Գորոդեցկին 1988-ի փետրվարյան շարժման ականատեսը չի եղել։ Բայց մի՞թե յոթ տասնամյակ առաջ ասված նրա խոսքերը նույն հրատապությունը չունեն այսօր։ Գաղափարի հանճարեղությունը կայանում է նրանում, որ այն բոլոր ժամանակներում պահպանում է իր հրատապությունը։ Բանաստեղծ և քաղաքացի Սերգեյ Գորոդեցկին այս առումով առաջ է անցել ժամանակի ու տարածության միջով։
Հայ ժողովրդի մեծ բարեկամն իր նշանավոր «Ղարաբաղ» հոդվածն ավարտում է հետևյալ խոսքերով։
«Ճիշտ է, պատմությունը Հայաստանին ձգել է դեպի հարավ, դեպի տաք ծովը և հնարավոր է այնտեղից այնպիսի ուժեր հորդեն, որ Ղարաբաղը դարձնեն Հայաստանի հյուսիսային ծայրամաս։ Բայց այդ դեպքում նա կկորցնի իր նշանակությունը իբրև դարերով ստուգված ու անձեռնմխելի մշակույթի ֆոնդ»։ Ցանկացած պատմաբան կամ գրող կարող է իրավամբ նախանձել վերոհիշյալ հոդվածի հեղինակին։ Գրողն արել է իր գործը և ահա երկու տասնամյակից ավելի է, նա չկա։
Գրողն ապրեց 83 տարի։ Նա հիանալի առողջություն ուներ, ճիշտ՝ իսկական դարաբաղյան երկարակեցություն։ Գորոդեցկին բնավորությամբ համակրելի էր, մանկամտորեն պարզամիտ, մեծի նման՝ լուրջ։ Ավելի դիպուկ կլիներ, եթե ասենք, որ նա իսկական լեռնցի էր։ Եվ նրա սերն էլ լեռների նկատմամբ արցախական էր։ Ուստի, մենք այսօր սուրբ պարտքի նման պիտի խոնարհենք մեր գլուխը նրա ժառանգության առաջ։ Նրա առաջ:
Սամվել Միրզոյան