November 27, 2024

Երանուհի մայրիկի թաշկինակը

  • by admin
  • 58 Years ago
  • 0

Գարուն, թիվ 1, 1967թ.
Վարդան Գրիգորյան
Պատմ. գիտ. թեկնածու, Մատենադարանի գիտ. քարտուղար

Միջին տարիքի մի մարդ էր։ Անհամարձակ քայլերով ինձ մոտեցավ բուլղարահայոց «Երևան» կազմակերպության Վառնա քաղաքի մասնաճյու­ղի սրճարանում։

– Կրնա՞մ քանի մը բան ըսել Ձեզի։

Ես հրավիրեցի նրան մեր սեղանի շուրջը։ Նստեցինք. նա մի պահ լռեց և ապա՝

– Մեր ընտանիքի սրբությունը կուզենք տալ Ձեզի, որ տանեք Հայաստան։

Սիրտս ուրախ տրոփեց, կարծեցի, թե ձեռագիր է։ Շուրջ մեկ ամիս էր, ինչ շրջում էի Բուլղարիայի հայաշատ կենտրոններում, զեկուցումներ էի կարդում մեր ձեռագիր գանձերի, Հայագիտության զարգացման մասին և կոչ էի անում, հարկ եղած դեպքում էլ խնդրում ու համոզում, հայերեն ձե­ռագրերը դարձնել գիտության սեփականություն՝ ուղարկել Երևան, Մատենադարան։ Արդեն տասնհինգ ձեռագիր ունեի ճամպրուկումս և ահա այս նոր հանդիպումը…

– Մեզ համար չափազանց ծանր պիտի ըլլա այդ սրբութենեն բաժնվիլը, սակայն վճռել ենք ու պիտի տանք։ Թաշկինակ մըն է ըսածս, մայ­րիկիս թաշկինակը…

Թաշկինա՞կ։ Երևի թանկ հիշատակ է, աշխար­հում ամենաթանկ մարդուց՝ մորից, երևի քաղցր ու տխուր հուշերի հետ է կապված, երևի…

– Բայց մայրիկս ողջ է,— առարկեց նա,— և ինքը փափագ հայտնած է, որ թաշկինակը տանեք Հայաստան։ Քիչ մը սպասեք, կբերեմ թաշ­կինակը։

Արագ քայլերով նա հեռացավ սրճարանից։

Իսկ մենք շտապում էինք, պետք է մեկնեինք Տոլբուխին։ «Երևանի» կենտրոնական վարչության քարտուղար Դավիթ Շիրինյանը, որ սիրահոժար միացել էր ինձ շրջագայությանս ժամանակ, սկսեց շտապեցնել։ Բայց ես սպասում էի թաշկինակին։

Նա վերադարձավ ավելի հուզված։ Սեղանին դրեց ապակեպատ մի շրջանակ։ Սրճարան ում եղածները շրջապատեցին մեզ. «Երանուհի մայրի­կի թաշկինա՞կն է»։ Երևում է, որ շատերը գի­տեին այդ թաշկինակի մասին։ Վերցնում եմ շրջանակը ձեռքս, բայց այս ի՞նչ է։ Սպասածս ասեղնագործության նմուշի փոխարեն մեսրոպյան տպագիր տառեր են հայտնվում դեմս և շատ տա­ռեր, մի ամբողջ էջ։ Այդ թաշկինակ կոչվածը չափազանց նուրբ մետաքսի վրա մեծ վարպետությամբ և բացառիկ խնամքով տպագրված մի ծրագիր էր:

Կարդում եմ ծրագրի առաջին տողերը, «412— 1912, 1512—1912 Համազգային մեծ հոբելյան (նորին վեհափառության Տ. Տ. Գևորգ Ե. սրբազանագույն կաթողիկոսի բարձր հովանավորությամբ և թույլտվությամբ) ծրագիր տառերու գյուտի 1500- ամյակի և տպագրության 400-ամյակի տոնակատարության»: Ւսկ ամենավերջում’ «Ամասիո հոբելյանական հանձնաժողով, 1913, հոկտ. 13»:

Իսկապես որ հետաքրքրական վավերագիր էր և արժեր տանել Հայաստան։ Խնդրում եմ ծրագիրը հանել շրջանակից։ Երանուհի մայրիկի որ­դին գործի է անցնում, բայց մատները դողում են, չի կարողանում, նրան օգնում են, և մետաքսե ծրագիրը ծալված վիճակում հանձնում են ինձ։ Դ. Շիրինյանը կրկին շտապեցնում է։

– Ինչպե՞ս է այս ծրագիրը ընկել ձեր մայրի­կի մոտ։

– Հոս ամեն ինչ գրված է։

Նա ինձ է երկարում քառածալ մի թերթ։ Ձայնը կրկին թրթռում է, աչքերից արցունքներ են կախվում։ Սեղմում եմ ձեռքը, հրաժեշտ տալիս մյուսներին։ Մի քանի րոպեից մեր մեքենան սլա­նում էր դեպի Տոլբուխին։

Ուշ երեկոյան, հյուրանոցի համարում, ճամպ­րուկիցս հանում եմ Երանուհի մայրիկի «թաշկի­նակը» և փռում սեղանին։

1913 թվականի հոկտեմբերի 13-ին, ինչպես հայաշատ բոլոր վայրերում, այնպես էլ Արևտյան Հայաստանի Ամասիա քաղաքում հանդիսավոր կերպով նշվել է Մեսրոպ Մաշտոցի մեծ գյուտի 1500-ամյակը և հայ տպագրության 400-ամյակը։ Ծրագիրը այդ հանդիսություններից մնացած ար­ժեքավոր վավերագիր էր, որի օգնությամբ հնարավոր է այժմ լավ պատկերացում ունենալ Ամասիայում տեղական հոբելյանական հանձնաժողո­վի կազմակերպած բոլոր միջոցառումների մա­սին։

Այդ օրը քաղաքի երեք եկեղեցիներում պատա­րագ է տրվել, իսկ հետո՝ ժամերգություն։ Հայ հասարակությունը հանդիսավոր ձևով շարժվել է դեպի Ս. Խաչ եկեղեցին։ Ւմիջիայլոց ասենք, որ այն ժամանակ Ամասիայում ապրում էին 25.000, իսկ գավառում՝ ավելի քան 61.000 հայեր, ուստի պետք է ենթադրել, որ համազգային այդ տոնա­կատարության մասնակիցների թիվը փոքր չի եղել։ Ծրագրում մանրամասն մշակված էր տոնա­կան բազմության շքերթի կարգը։ Առջևից գնալու էին նվագախումբը, հետո՝ դպրոցական երկսեռ աշակերտությունը, հայ կուսակցությունների ներ­կայացուցիչները, հիվանդանոցի և աղքատախնա­մի վարչությունները, կանանց և ապա տղամարդ­կանց դպրոցասիրաց վարչությունները, կրոնական դասը՝ զգեստավորված, իսկ վերջում՝ մնացած բազմությունը։

Այդ կարգով Ամասիայի հայությունը շարժվելու էր դեպի Ս. Խաչ եկեղեցին, որտեղ սկզբում տրվելու էր հոգեհանգիստ «գրի և տպագրության վաստա­կավորներու հիշատակին», իսկ այնուհետև սկսվե­լու էին բանախոսությունները։ Առաջինը «Համազգային Հանդես» թեմայով բանախոսել էր ոմն պարոն Ֆերիտ Ճեմալ։ Չհաջողվեց պարզել, թե ով էր այդ ազգանունը կրողը: Պարզ է, ոը նա թուրք էր, իսկ ի՞նչ գործ ուներ Հայ մշակույթի այդ մեծ հոբելյանին։ Բայց հիշենք, ժամանակն այնպիսին էր, որ երիտթուրքերը բարեկամ էին ձևանում հայերին, և այս մեկն էլ, անշուշտ, ոչ առանց կենտրոնի գիտության, մասնակցել էր Ամասիայի հայերի տոնակատարությանը և, հավանաբար, գովեստի խոսքեր էր շռայլել 1500 տարի առաջ գիր ու գրականություն ստեղծած հայերին, որոնց ոչնչացման ծրագրերն արդեն պատրաստ պահվում էին թուրքական կառավարության սեյֆերում։

Այնուհետև հայ գրերի գյուտի մասին զեկուցում էր կարդացել Միհրան Աղապապյանը, իսկ հայ տպագրության մասին խոսել էր Պողոս Պալեոզյանը։ Պատվելի Ե. Գասապպաշյանի բանախոսությունը նվիրված էր գրերի և տպագրության գյուտի արդյունքների խնդրին։ Բանախոսողների մեջ ներկայացված են եղել նաև ամասիահայ կանայք, նրանցից մեկը՝ օրիորդ Սուլթան Թահմազյանը, բարձրացրել էր մի կարևոր հարց՝ «Հայ կինը օրվան տոնին դիմաց»։ Սարգիս Տեմիրճյանի բանախոսության թեման էր՝ «Մեր ներկա վիճակը և պարտքը»։ Հետո սկսվել էր գեղարվեստական մասը՝ արտասանություններ, մարմնամարզություն, զանազան խաղեր, իսկ ամենավերջում գիշերային խրախճան և հրավառություն՝ Ս. Աստվածածնի եկեղեցու բակում, մինչև գիշերվա ժամը 3-ը։

Ինչպես տեսնում ենք, շատ բան պատմեց մեզ Երանուհի մայրիկի «թաշկինակը», բայց սա դեռ ամենը չէր։ Նրա ներքին, ձախ անկյունում մանր տառերով նշում կար նաև տպարանի մասին՝ «տպ. Հովնանյան— Էվրանյան—Ամասիա»։ Հովնանյանի մասին գիտենք, 1911—1914թթ. «Հովնանյան— Եարդմյան» տպարանում լույս էր ընծայվել «Ամասիա» կիսամյա հանդեսը, իսկ 1911 թվականից Ամասիայում հրապարակվել էր «Ապառաժ» շաբաթաթերթը, որը հետո դարձել էր ամսագիր։ Գ. Լևոնյանին չի հաջողվել ճշտել այս երկրորդ հանդեսի տպարանը։ Ըստ երևույթին 1913թ. հոկտեմբերին Հովնանյանը ուրիշ ընկեր ուներ, այստեղից էլ տպարանի նոր անունը: Ւնչ որ է, ուսումնասիրելու հարց է։ Սակայն ամեն կասկածից վեր է, որ հմուտ վարպետներ և լավ տառատեսակներ է ունեցել «Հովնանյան— Էվրանյան» տպարանը, դրա լավագույն ապացույցը նուրբ մետաքսի վրա տպագրված այս «թաշկինակն» է։

Բայց ինչպես է այդ «թաշկինակը» հասել Վառնա։ Այդ հարցի պատասխանը պետք է գտնեի Երանուհի մայրիկի որդու տված քառածալ թղթում։ Բաց եմ անում այդ գրությունը, կարդում եմ, և շատ բաներ են հասկանալի դառնում ինձ հա­մար. ամենից առաջ տխուր աչքերով մարդու անսովոր հուզմունքը, մատների դողն ու ար­ցունքները։ Այդ հուզմունքը համակեց նաև ինձ և երկար ժամանակ անթարթ նայում էի այդ «թաշկինակին»։ Բայց ավելի լավ է խոսքը տալ այդ գրության հեղինակին, որը հենց ինքն է՝ Երանուհի մայրիկը։

Նվիրատվական փոքրիկ ձոնից վար, «ծանո­թություններ» համեստ վերնագրի տակ նա շա­րադրել էր հետևյալը։

«Ծնած եմ Ամասիսւ, Թյուրքիա: Կրել եմ զայն 1915-ի մեծ եղեռնի օրերուն մինչև Տեր-Զոր՝ անց-նելով շատ տառապանքներու ու զրկանքի վայրերեն: Չեմ հիշում դիպվածքով, թե հրաշքով միայն այս մնաց հիշատակ հայրենական շեն օջախես, ուրիշ որևէ բան մը չի ձգեցին, հափշտակեցին…: Թուրքերը սպանեցին հայրս, երկու մեծ եղբայր­ներս ու ամուսինս: Կրեցի այս թաշկինակը մեծ հավատքով ու սիրով, որպես նշխար, որպես մեր մշակույթի նմուշ ցույց տալու համար մեր նոր սերունդին: Զավակներուս և թոռներուս ցույց տալով հասա նպատակիս, ցույց տվի նաև ծանոթներուս, հարևաններուս՝ պատմելով մեր ազգին մշակույթն ու անցած ճամբան…

Այժմ տեղի է գիտնան նաև բոլոր հայերն ու օտարները, այսպիսի մշակույթի տեր, հայաշատ քաղաքներ մոխիրի վերածվեցան Թուրքիո մեջ:

Ընդունեցեք սիրով նվիրած հիշատակս:

Երանուհի Միքայելյան

Հետագայում, երբ արդեն վերադարձել էի Երևան, այս «ծանոթությունները» հրապարակով ընթերցելու շատ և շատ առիթներ ունեցա. կար­դացի մեծ և փոքր դահլիճների առաջ, կարդացի Երևանի հեռուստատեսությամբ ու ռադիոյով և ամեն անգամ էլ չկարողացա մինչև վերջ պահել ձայնիս ամրությունը։

Սիրելի Երանուհի մայրիկ, Դուք իսկի չեք էլ կարծում, որ հերոսություն է եղել Ձեր արածը: Արյան և մահվան ճանապարհներով քայլել եք մինչև Տեր-Զոր և կրել եք Ձեր զգեստների մեջ մետաքսի այս փոքրիկ կտորը, որը կհափշտակեր թշնամին, եթե գտներ, բայց Դուք թաքցրել եք ու փրկել։ Տարել եք այն Ձեզ հետ երկրից երկիր մինչև խաղաղ մի անկյուն եք գտել։ Կրել եք այդ «թաշկինակը» մեծ հավատով ու սիրով և այժմ էլ նվեր եք ուղարկել մայր հայրենիքին։ Ընդունում ենք Ձեր թանկագին նվերը՝ սիրով ու հպարտությամբ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives