Ազգ, 21 մայիսի, 1994թ., թիվ 95
Ռուսական ռազմական գերատեսչությունում միաձայնություն չկա
Մոսկվա 20 մայիսի։ Հինգշաբթի [մայիսի 19-ին] Մոսկվա ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովը դեռևս չի ստորագրել հրադադարի և կողմերի տարանջատման մասին մայիսի 17-ին նախապատրաստված արձանագրությունը։ ինչպես հաղորդեց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Ռիզաևը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Կոնդրատևի հետ ադրբեջանցի նախարարի ունեցած հանդիպումները առայժմ «կարելիություն չեն ընձեռել ընդհանուր մոտեցումներ գտնելու», և Մամեդովը մտադիր է այսօր հանդիպում ունենալ Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ փաստորեն հրադադարի և կողմերի տարանջատման հետ միաժամանակ սկսվի հայկական զորքերի հետքաշումը հակամարտության ընթացքում գրավված տարածքներից։ Առաջարկվում է այդ դրույթը գրանցել արձանագարության մեջ։ «Մենք կցանկանայինք համատեղել հակամարտության կարգավորման առաջին և երկրորդ փուլերը»,— հայտարարեց Ադրբեջանի դեսպանը։
Ռամիզ Ռիզաևի ասելով՝ ադրբեջանական կողմի առաջարկություններն արժանացել են Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևի սկզբունքային պաշտպանությանը։
Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության զինվորական փարձագետների կարծիքով, Պավել Գրաչովը հազիվ թե համաձայնի արձանագրության մեջ ադրբեջանական կողմի առաջարկած փոփոխություններին, քանզի այն, ինչպես հայտնի է, արդեն ստորագրել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի ներկայացուցիչները։
Ինչպես հայտնի դարձավ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտիկ կանգնած աղբյուրներից, այդ գերատեսչությունում միաձայնություն չկա Ղարաբաղի շրջան ռուսական խաղաղարար ուժեր մտցնելու հարցում, երեկ հաղորդեց Սնարքը։
Այսպես, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Սեմյոնովը երեկ հայտարարել է, թե իր կարծիքով վերջերս Մոսկվայում վարված բանակցությունները պետք է համարել ձախողված, քանի որ ամփոփիչ փաստաթղթում չկա ադրբեջանական կողմի ստորագրությունը։ Հենց այդ պատճառով նա առայժմ մտադիր չէ իր ենթականերին ուղարկել հակամարտության գոտի։
Դրանից մեկ օր առաջ համանման ելույթ էր ունեցել օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Պոդկոլոզինը։ Նա գտնում է, որ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության խոսք անգամ լինել չի կարող օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներ այդ շրջան ուղարկելու մասին։
Մինչդեռ նույն աղբյուրները հայտնեցին, որ մայիսի վերջերին բացառված չէ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովի այցը Երևան։ Հաղորդվում է, որ նա միանշանակ կերպով հանդես է գալիս Ղարաբաղի շրջան ռուսական զորքեր ուղարկելու օգտին։ Իր հերթին, Նոյյան Տապանը հաղորդում է, թե Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վալտեր Շոնիայի հաղորդման համաձայն, Բաքվում Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Վլադիմիր Կազիմիրովը բանակցություններ է վարում Ադրբեջանի ղեկավարության հետ։ Քննարկվել են Ռուսաստանի Դաշնության միջնորդության հարցերը և հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման պլանը։ Որոշակիորեն չլուսաբանելով հանրապետությունում Ռուսաստանի դիվանագետի գործունեության արդյունքները, Շոնիան նշել է, որ «Ռուսաստանը համառորեն ձգտում է հասնել այն բանին, որ պատվով կատարի միջնորդի իր դերը, չնայած որ նրան շատ-շատ են խանգարում»։