November 27, 2024

Լարվածություն համաժողովում: Նոր հրադադա՞ր

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83

«Մենք թույլ չենք տա, որ ԱՊՀ անդամ երկրները պատերազմեն միմյանց դեմ». երեկ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սկսված ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համաժողովում  հայտարարեց Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն: Համաժողովը, որի մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի խորհրդարանների ղեկավարները, նվիրված է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ինչպես հայտնի է, Շումեյկոն մինչ այդ հայտարարել էր նաև, թե Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին ճանաչել որպես հակամարտության կողմ: Առաջին անգամն է,— ասել էր Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահը,— որ կարողացանք բանակցությունների սեղանի շուրջ բերել երեք խորհրդարանների ղեկավարներին: Սակայն հակառակ Շումեյկոյի լավատեսությանը, բանակցությունների սկզբում լարվածություն առաջացավ այն պատճառով, որ Ադրբեջանը ներկայացնում էր ոչ թե խորհրդարանի նախագահը, այլ փոխնախագահ Աֆիադին Ջալիլովը: Ադրբեջանական կողմը պնդում էր Հայաստանից հաշիվ պահանջել Ղարաբաղի տարածքում նրա գործողությունների համար, մինչդեռ Հայաստանի խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը անպտուղ համարեց Ադրբեջանի դեկլարատիվ հայտարարությունները, որոնք հաշվի չեն առնում ստեղծված իրողությունները: Օրվա երկրորդ կեսին բանակցությունները շարունակվեցին դռնփակ: Երեկ երեկոյան ռուսական «Վեստի» հեռուստածրագիրը հաղորդեց, թե լավատեղյակ աղբյուրներին հաջողվել է պարզել, որ հետագա քննարկումներում շոշափվել է հրադադարի հարցը և նախատեսվում է ռազմական գործողությունները դադարեցնել մայիսի 9-ից: Ըստ երևույթին, որևէ պայմանագիր կամ համաձայնագիր Բիշքեկում չի կնքվի, քանի որ մինչ այդ Բաբկեն Արարքցյանը հայտարարել էր, թե հանդիպումը օրենսդիր իշխանությունների միջև է միայն և կողմերից ոչ ոք իրավասություն չունի խաղաղության դաշն կնքելու: «Դա կարող են անել միայն երեք պետությունների ղեկավարները»,— ասել էր նա: Երեկ «Վեստին» հաղորդեց նաև, թե մայիսի 6-ին Մոսկվա կժամանի ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Յան Էլիասոնը՝ քննարկելու ղարաբաղյան հարցի կարգավորման ռուսական ծրագիրը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives