Ազգ, 5 մայիսի, 1994թ., թիվ 83
Մայիսի 3-ի երեկոյան ադրբեջանական բանակը ուժգին հրետակոծություն է սկսել Նոյեմբերյանի, Իջևանի, Տաուշի և Կրասնոսելսկի շրջանների սահմանամերձ բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ, իսկ մի քանի ժամ անց Ղազախի շրջանի տարածքից տանկերի աջակցությամբ գրոհ ձեռնարկել Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են պաշտպանության նախարարությունից: Սկզբուն հակառակորդին հաջողվել է որոշ առավելության հասնել և մոտենալ գյուղին, սակայն վերախմբավորելով ուժերը հայկական կազմավորումները թշնամուն հետ են շպրտել: Երկուստեք կան կորուստներ, որոնց թիվը ճշտվում է: Մայիսի լույս 4-ի գիշերը ուժգին հրետակոծության են ենթարկվել նաև Իջևանի շրջանի Կիրանց, Վազաշեն, Տաուշի շրջանի Պառավաքար, Այգեպար և Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղերն ու դրանց պաշտպանական դիրքերը: Հայկական սահմանապահ ուժերը ստիպված են եղել դիմել պատասխան գործողությունների, որից հետո թշնամին լռել է: Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են: