Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80
Վաշինգտոն, 29 ապրիլ, ՓԱՍՏ: Ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին, ուր ասվում է. «Հարգարժան նախագահ, շնորհակալ եմ ղարաբաղյան հակամարտության և ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջերս ինձ ուղղված ձեր ուղերձի համար: Ես հետևում եմ ղարաբաղյան պատերազմի ընթացքին և մեծ ցավ եմ զգում անմեղ զոհերի, իրենց տները լքած մարդկանց համար: Ինձ հասկանալի է ձեր անբավարարվածությունը «Ազատության օժանդակության» փաստաթղթում առկա այն կետից, որն արգելում է ԱՄՆ-ին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Սկզբունքորեն ես դեմ եմ նման սահմանափակումների, քանզի դրանք թույլ չեն տալիս լայն թափով օժանդակել բարեփոխումներին, իսկ ձեր երկրի դեպքում՝ նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Միաժամանակ, ես գտնում եմ, որ կողմերը չպետք է դիմեն շրջափակումների կամ էմբարգոների՝ զրկելով խաղաղ բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներից: Դիտորդների մասնակցությամբ մարդասիրական միջանցքների ստեղծումը, որոնք հնարավորություն կտային բեռներ փոխադրել Հայաստան և Նախիջևան, մեծ օգուտ կբերեր պատերազմի զրկանքների մատնված մարդկանց: Մեծապես հույս ունեմ, որ Դուք կհամաձայնեք այս առաջարկին, թեթևացնելու մարդկանց վիճակը տարաշածրջանում, խաղաղության իրական ազդակներ առաջացնելու համար: Նշված կետի շուրջ կոնգրեսի որոշման վերանայման ամենակարճ ճանապարհը կլիներ ԵԱՀԽ Մինսկի շրջանակներում ընթացող բանակցություններում խաղաղ փոխհամաձայնության գալը: Մենք վերջերս նոր ներկայացուցիչ ենք նշանակել այդ խմբում, որն ակտիվորեն կհամագործակցի Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, որպեսզի օգնի գտնել այս ահավոր պատերազմի դադարեցման ուղիները: Վերջերս դուք հայտարարեցիք, որ կողմնակից եք Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին: Ես գնահատում եմ դա և հույս ունեմ, որ մենք կկարողանանք համատեղ աշխատել՝ ապահովելու նոր առաջընթաց խաղաղության ճանապարհին: Ձեր նամակում դուք ցանկություն եք հայտնել մեր երկրների միջև բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ հասկացողություն ապահովելու, և ես համամիտ եմ այդ մոտեցմանը»: