Ազգ, 27 ապրիլի, 1994թ., թիվ 77
Ռոզա Գաբրիելյան, պատմագիտության թեկնածու
Մոսկվայում ԱՊՀ մասնակից երկրների վերջին գագաթնաժողովը նշանակալի երևույթ է անդրկովկասյան պետություններ Վրաստանի և Ադրբեջանի համար։ Խոսքը համաձայնությունների կետերից մեկի՝ սահմանների հարցի մասին է։ Հենց այդ հարցը շատ կարևոր է լեզգիների և ավարների համար, որոնք ապրում են ռուս-ադրբեջանական սահմանի երկու կողմում։
«Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի մասին» օրենքի համաձայն, որը Գերագույն խորհուրդն ընդունեց 1993թ. փետրվարի 18-ին, ենթադրվում էր մաքսային պահակակետեր տեղակայել ինչպես օտար, այնպես էլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ Ռուսաստանի սահմանի ամբողջ երկայնքով։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի սահմանագծում իրադրությունը կրկին սրվեց։ Դա արվեց այն պատճառով, որ վերջին ժամանակներս լեզգիական շրջաններում՝ Կուսարիում, Ղուբայում, Խաչմազում «Սավդալ» կազմակերպության ներկայացուցիչներն սկսել էին ստորագրություններ հավաքել այն փաստաթղթի տակ, որով պահանջվում է Սամուր գետով անցնող ռուս-ադրբեջանական սահմանը թողնել թափանցիկ։ Հավաքված նյութերը ենթադրվում է ուղարկել Բորիս Ելցինին, Հեյդար Ալիևին և ՄԱԿ-ին։ Այս ամենը հերթական քաղաքական խաղ է, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի սահմանի ամբողջ հյուսիսկովկասյան հատվածը հայտնվել է «թեժ կետերի» կրակի մեջ։ Անմիջապես նշենք, որ նկատի ունենալով Աբխազիան Էդուարդ Շևարդնաձեն պատկերավոր կերպով ասել է, որ այդ գոտում բոլոր հակամարտությունների լուծման բանալին «գտնվում է Մոսկվայում»։
Ռուսաստանի ամբողջ սահմանի վրա, այդ թվում նաև կովկասյան հատվածում սահմանային պահակակետեր տեղակայելու որոշման ընդունումից հետո իրադրությունը բոլոր «թեժ կետերում» սրվեց։
Դա կապված է լեզգիների հարցի հետ, որը Ռուսաստանի արտաքին քաղաքական ջանքերով «մարվեց» դեռ 1993թ. աշնանը։ Այստեղ իրավիճակն առավել բարդ է։ Ռուս-ադրբեջանական սահմանի երկու կողմերում ապրող լեզգիները (ըստ Բոստոն գլոբի՝ 800 հազար) պահանջում են սահմանը թողնել «թափանցիկ»։ Դե ձեռնտու է Ադրբեջանի համար։ Սակայն իրադրությունն անսովոր է։ Եթե Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը 1993թ. սկզբներին «զիջումներ» էր արել և վերսկսել ռադիոյի լեզգիերեն հաղորդումները, ապա ներկայիս նախագահ Հեյդար Ալիևը, գործելով ամբողջատիրական դարաշրջանի սկզբունքային ավանդույթներով, պարբերաբար լեզգիական շրջանները «մաքրում է անհաճո տարրերից»։ Միասնական ու հզոր «Սավդալ» կազմակերպությունն անցյալ տարի պառակտվեց։ Դրա արմատական մասը (Ադրբեջանում ապրող լեզգիները) պահանջում էին Լեզգիստան պետություն ստեղծելու իրավունք։ Ալիևը «ադրբեջանականացրեց» նաև այդ լեզգիական հասարակական կազմակերպությունը։ Դա բնական է. չէ՞ որ հենց նրա կառավարման տարիներն Ադրբեջանում լեզգիները գլխովին արձանագրվեցին որպես ադրբեջանցիներ։
Բայց այժմ, երբ «թափանցիկ» սահմանները Ադրբեջանին «օդի պես» անհրաժեշտ են, լեզգիական շարժումը շատ տեղին է։ Մանավանդ, որ այդ շարժումը գործում է քաղաքակիրթ շրջանակներում. ստորագրություններ է հավաքում ի նպաստ թափանցիկ սահմանի և այդ ցուցակներն ուղարկելու է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներին և ՄԱԿ։
Լեզգիների այս ակտիվացումը զգալի չափով ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ հնարավորություն է տալիս վերահսկողության տակ պահել վերջին ժամանակներս այնքան համառ դարձած Ադրբեջանի վրա իր քաղաքական ու տնտեսական ազդեցության լծակները։ Նկատի է առնվում Հեյդար Ալիևի «քանի դեռ ես նախագահ եմ, մեր երկրում չեն տեղաբաշխվի օտարերկրյա (ռուսական) զորքեր» երդումը։ Ռուս-ադրբեջանական սահմանն անցնում է նաև Ադրբեջանի ավարական շրջաններով (հիմնականում Զաքաթալայի շրջանում)։ Այստեղ իրավիճակը նույնպես անսովոր է։ 1991թ. ի վեր՝ «Սադվալ» կազմակերպության գործունեության ժամանակամիջոցում լեզգիների և ավարների ազգային ինքնագիտակցությունն զգալի վերելք է ապրել։ Բացահայտվել են պատմության մի քանի փաստեր և բացարձակացվել այսօրվա համար։ Թեև այժմ շատ գաղթակղիչ է պատմական մանրամասնություններին խորամուխ լինելը, անդրադառնանք միայն դրանցից մեկին։ Ինչպես և սպասվում էր, լեզգի-ավարական շարժումը մեծարանքի արժանացրեց Շամիլին և նրա հուշարձանը կանգնեցրեց Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում։ Պարզ է, որ այդ վայրը պատմաբան չէր ընտրել, որին պետք է հայտնի լիներ, որ Զաքաթալայի շրջանը Վրաստանի պատմական մարզ Զաքաթալին է, որ Շամիլի հուշարձանը կարելի էր կանգնեցնել գոնե Դաղստանում։
Ընդհանուր առմամվ առկա են վրաց-օսական, վրաց-աբխազական տիպի հակամարտության բոլոր բաղադրիչները, ինչպես նաև օս-ինգուշական հակամարտության որոշ գծեր։ Իսկ ինչպես հայտնի է, հիշյալ հակամարտությունների կարգավորման մեջ Ռուսաստանը կամ անմիջական կամ էլ միջնորդավորված մասնակից է։ Ռուսական մամուլը լայնորեն լուսաբանում է Ադրբեջանի լեզգիական շրջանների իրադրությունը. Էլչիբեյը փորձում էր այստեղ վերաբնակեցնել մեսխեթցի թուրքերին, Ղարաբաղի Քելբաջարի և այլ շրջանների «հարկադիր» տեղահանվածներին, լեզգիներին հավաքագրում են ղարաբաղյան պատերազմի համար։ Ալիևն այստեղ գործում է Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահ եղած տարիների իր վարքագծի ոգով և ձերբակալում 36 ակտիվիստների։ Դրա հետևանքով պառակտվեց «Սավդալ» շարժումը, իսկ դրա մի մասը դարձավ ադրբեջանական կուսակցություն։ Այնպես որ Ալիևը լրամշակեց և ավարտեց նաև այդ լեզգիական գործոնը։ Ահա թե ինչու, թեև խիստ ու դաժան Հեյդար Ալիևը խստացրել է իրավակարգի պաշտպանությունն այդ շրջաններում, չի խոչընդոտում «թափանցիկ» սահմանի պահպանման խնդրագրի տակ ստորագրությունների հավաքմանը։ Դա ձեռնտու է իրեն, քանի որ իր դրական պատասխանի դեպքում Ռուսաստանի մերժումը նման կլինի լեզգի ժողովրդի ազգային իղձերի ու շահերի դավաճանության։ Իսկ իրադարձությունների հետագա զարգացման համար լիովին պատասխանատու կլինի հենց Ռուսաստանը։