November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ժ. Լիպարիտյան. Ցեղասպանության ճանաչումը պատմական և բարոյական հարց է

Ժ. Լիպարիտյան. Ցեղասպանության ճանաչումը պատմական և բարոյական հարց է

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Ազգ, 23 ապրիլի, 1994թ., թիվ 75

Դեռ խորհրդային տարիներին Հայաստանի պետական պաշտոնական ղեկավար այրերը ապրիլի 24-ին այցելում էին Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին: Նույնը կրկնում են նաև հիմա՝ Հայաստանի անկախացումից հետո, ներկա իշխանությունները: Սակայն արտաքին հարաբերությունների ոլորտում ցեղասպանության կամ պահանջատիրության հետ կապված հարցերը գրեթե չեն շոշափվում: Ո՞րն է այսօր Հայաստանի պետական, պաշտոնական դիրքորոշումը: Այս հարցով դիմեցինք արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին:

— Նախ՝ ցեղասպանությունը պատմական երևույթ է: Ցեղասպանության ճանաչումը նույնպես պատմական և բարոյական հարց է: Կասկած չկա, որ դա մեր պատմության ամենակարևոր դեպքերից է: Հարցի մեջ փոփոխություն է մտնում, երբ այն քաղաքականացվում է: Դա կատարվում է երկու ձևով. նախ, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտվի որպես առաջնահերթ հարց, և երկրորդ, այդ ճանաչման հիման վրա դրվի պահանջատիրության հարցը: Մինչդեռ մենք այս սահմաններով են հանրապետություն դարձել, և մեր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունենք: Նույնիսկ Ղարաբաղի խնդիրը դրված է որպես ինքնորոշման հարց, այն փորձում ենք լուծել բանակցությունների միջոցով և Ադրբեջանին տարածքային հարց չի ներկայացվում:

— Հայաստանի քաղաքական գործիչներից ոմանք այն կարծիքին են, թե այժմ վաղ է պահանջատիրության արծարծումը, բայց այն կարող է օրակարգի հարց դառնալ մի քանի տասնամյակ հետո կամ գուցե ավելի ուշ: Դուք ինչպե՞ս եք մտածում:

— Ոչ ես, ոչ մեկ ուրիշը իրավունք չունի խոսելու հաջորդ սերունդների անունից: Իմ կարծիքով, այդ հարցը չպետք է դնել ժամանակային ինչ-որ տարածքի վրա, քանի որ այն արդեն դրված է մեր կուսակցությունների կողմից, որոնք զբաղվում են պահանջատիրությամբ: Մենք ցեղասպանության ճանաչման, որպես անկախ պետություն, ամենասատարող ազդակն ենք: Եթե նախկինում բացի մեզանից որևէ օտար պաշտոնյա Ծիծեռնակաբերդ չէր այցելում, ապա այս տարի Հայաստանում ներկայացված դեսպանները ապրիլի 24-ին ծաղեիկներ կդնեն Եղեռնի հուշարձանին: Որպես պետություն մենք արդեն ապրիլի 24-ը ազգային սգի օր ենք հռչակել: Սա ողջ ժողովրդի հարցն է, և ոչ թե այս կամ այն կուսակցության: Բայց հիմա էլ կան կուսակցություններ, որոնք եթե մի քանի տարի հետո գան իշխանության գլուխ կարող են դնել պահանջատիրության հարցը: Չնայած կարծում եմ, որ որևէ կուսակցություն կամ անձ, որ պատասխանատվություն ստանձնի ժողովրդի համար ծանր այս պայմաններում, ոչ իրական հարցեր դնելով կքանդի այս երկիրը: Այդ իրական հարցերը սոցիալական են, տնտեսական, քաղաքական: Մենք կամ պետք է սովորենք այս շրջանում ապրել մեր հարևանների հետ, կամ պետք է դառնանք ուրիշ տեսակի պետություն, ուրիշ քաղաքականություն վարենք, որն, իմ կարծիքով, կործանման կտանի: Կարծում եմ, որ ինչ կուսակցություն էլ իշխանության գլուխ գա և պատասխանատվություն զգա այսօրվա խնդիրները լուծելու հարցերում, դժվար թե այլ ուղի ընտրի, ինչ ներկա կառավարությունը:

— Պահանջատիրության հետ կապված խնդիրներում ինչ տեղ եք վերապահում սփյուռքին և Հայաստանի կառավարությանը:

— Սփյուռքն իր խնդիրներն ունի, և դրանք տարբերվում են Հայաստանի խնդիրներից: Սփյուռքն ունի հայապահպանության խնդիր, որ մենք չունենք: Ելնելով իմ փորձառությունից՝ կարող եմ ասել, որ անկախ պետականության հռչակումից հետո այդ խնդիրները պակասել են սփյուռքի մեջ: Նոր սերունդը գիտե, որ արդեն պետություն կա: Հայ լինելու, հայի ինքնության հարցը մեծամասամբ լուծվել է: Սփյուռքը չունի նաև անվտանգության խնդիրը, մինչդեռ Հայաստանն ունի ոչ միայն այդ խնդիրը, այլև բյուջեի, մարդկանց սոցիալ-տնտեսական բարեկեցության հարցերը: Սփյուռքում դա կազմակերպական հարց չէ: Ոչ մի կուսակցության նպատակը չէ մարդկանց կյանք տալ կամ մարդկանց ապրեցնել: Սա է հիմնական տարբերությունը: Սփյուռքի համար դժվար է երևակայել, թե ինչ ջանք կպահանջվի այս կառավարությունից երկիրը սննդամթերքով և էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Եվ երբ այդ հիմնական տարբերություններին անդրադառնանք, կտեսնենք, թե որն է այս կառավարության հիմնական պատասխանատվությունը: Սփյուռքն ազատ է այն հիմնական խնդիրներից, որ ունի այս կառավարությունը, հետևաբար և՛ մարդիկ, և՛ ռեսուրսներ կարող է տրամադրել այլ հարցերի լուծման համար: Բացի այդ, ցեղասպանության կամ պահանջատիրության հարցերը կազմակերպությունների կողմից գործածվել են որպես ժողովրդին ինքնության ձև տալու, հոգեբանական ազդեցություն թողնելու համար: Եթե այս կառավարությունն իր առջև դնի խնդիրներ, որոնք կուսակցությունների կարծիքով պետք է այսօր լուծել կամ 50 տարի անց, դրանք մեզ կտանեն քայքայման:

Մյուս կողմից, անհրաժեշտ եմ համարում պահանջատիրությունը դիտել որպես պատմական երևույթ, մեր պատմության հավաքական, անհատական հիշողության մեջ, մեր ներկայիս քաղաքականությունը վարելու մեջ, որպես մի ժողովուրդ, որ անցել է այդ փորձառության միջով, միջազգային հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումների մեջ: Այդ է ցեղասպանությունը հիշելու լավագույն ձևը: Պետք է հաշվի առնել նաև ցեղասպանությունից բխող քաղաքական դասերը մեր դիվանագիտության համար: Մեզ համար ավելի կարևոր է ճիշտ ըմբռնել, թե ի՞նչ է կատարվել և ինչո՞ւ, և այդ սխալներն այլևս չկատարել, քան թե ինչ-որ անիրական նպատակներ դնել: Ի վերջո՝ երբ անիրականը դառնում է քաղաքական մտածելակերպի առանցք, արդեն քաղաքականությունը վերացականի է վերածվում: Ուստի, սփյուռքը եթե անգամ հաջողությունների հասել է, ապա ցեղասպանության և ոչ պահանջատիրության ճանաչման մեջ: Երբ պահանջատիրությունը կապվեց ցեղասպանությանը, շատ պետություններ վախեցան այն ճանաչելուց: Թուրքիայի գիտական և քաղաքական դեմքերի հետ ունեցած շփումներից ինձ հայտնի է, որ այնտեղ ավելի տրամադրվածություն կլիներ, եթե պահանջատիրության հարց չլիներ: Սրանով չեմ ուզում ասել, թե դա լավ է կամ վատ: Ուղղակի ցանկությունս է ցույց տալ, թե ինչպես են իրենք ընկալում:

Մեր մոտեցմամբ, ես կարծում եմ, որ ցեղասպանությունը բարոյական և պատմական երևույթ, վերք է և՛ մեր, և՛ Թուրքիայի պատմության մեջ, որի հետևանքները հոգեբանորեն կրում են երկուսն էլ:

Այս պետականությամբ և այս քաղաքականությամբ շատ ավելի հավանական է, որ Թուրքիան կճանաչի, Թուրքիայի նախագահը կամ վարչապետը մի օր կգա և ծաղկեփունջ կդնի եղեռնի հուշարձանին, քան անկախությունից առաջ, քան պահանջատիրության քաղաքականությանը հետևելու դեպքում:

Յուրաքանչյուր հայ անհատ, քաղաքացի, կազմակերպություն պետք է ինքն իրեն համար որոշի, թե որն է հիմնականը: Եթե իսկապես ճանաչումը կարևոր է, որպեսզի մեր վերքը փակվի, որպեսզի մեր սերունդները հասկանան, որ ճանաչվեց, այդ դեպքում պետք է մտածել, թե ինչ քաղաքականությամբ կարելի է դրան հասնել: Երբ փորձենք ամեն բան իրար հետ անել, դա անիրական կդարձնի ճանաչումը: Թուրքիայի և միջազգային հանրության առաջին պարտքը ճանաչումն է, դա բարոյական, պատմական հարց է: Եվ կարծում եմ, որ մեր քաղաքականությունը ավելի կմոտեցնենք դրան:

— Այս օրերին Ռուսաստանի Դումայում քննարկվող հայերի ցեղասպանությանը վերաբերող բանաձևին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Այն կարող է ավելի վնաս բերել, քան օգուտ, եթե դա օգտագործվի քաղաքական շահարկումների նպատակով: Ո՞ր հայը կարող է դեմ լինել, եթե ցեղասպանությունը ճանաչվի: Բայց որ քաղաքական նպատակներ են դրվում, ինձ մտահոգում է: Թեև ոչինչ չեմ կարող ասել, որովհետև մենք էլ ենք այդ հարցը քաղաքականորեն շահարկում: Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives