November 27, 2024

Նոր սպառնալիք

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 29 փետրվարի, 1920թ., թիվ 44

Խմբագրական

…Ուսուբբեկովի կառավարության դեկտեմբերի 26-ի դեկլարացիան նույնպես շեշտում է այն գործելակերպը, որը արտահայտված է Սուլթանովի կոչի մեջ: Ուսուբբեկովն իր դեկլարացիայով առանց կարմրելու ցավ հայտնելով Ղայբալիքենդում հայ ժողովրդի վրա գործ դրած բարբարոսությունների համար և հայտարարելով, որ խաղաղ ճանապարհ է ընտրել որպես միջոց բոլոր հարցերը վճռելու, խրախուսում է նախիջևանցիների, շարուրցիների, վեդիբասարցիների տմարդի շարժումները: Էլ չենք ասում, որ այդ շարժումների և կազմակերպողը և հեղինակները տաճկական ու ադրբեջանական վարձու գործակալներն էին:

Հիշենք նաև Գողթանը, որի բնակչությունը կոտորված է գլխովին, գազանորեն խողխողված է Վերին և Ներքին Ագուլիսների ամբողջ ազգաբնակչությունը, բռնաբարված աղջիկները, թալանված ժողովրդի ստացվածքը, և այդ բոլորն այն ժամանակ, երբ բնակչությունը պահում էր իրեն խիստ լոյալ:

Եվ այսպես անվերջ — կոտորածներ, թալան, արյունահեղություններ, բարբարոսություններ և բռնաբարություններ:

Այսօր էլ նույն Սուլթանովը՝ հայ ժողովրդի ականավոր այդ դահիճը, Ղարաբաղում մոտ ժամանակներս գումարվելիք համագումարից վերջնական պատասխան է պահանջում՝ արդյոք համաձա՞յն է համագումարը Ղարաբաղը միացնել Ադրբեջանի հետ:

Մոռանում են Սուլթանովը և Ուսուբբեկովի «խաղաղասեր» կառավարությունը, որ Ղարաբաղը ժամանակավորապես է հանդուրժել ադրբեջանական իշխանությունը՝ հակառակ իր կամքի՝ թնդանոթների և գնդացիրների հարվածների տակ: Մոռանում են նրանք նաև, որ բազմիցս հայտարարել են ի լուր աշխարհի, որ բոլոր հարցերը պիտի վճռվեն խաղաղ ճանապարհով՝ առանց արյունի: Չէ՞ որ այդ իմաստով է կայացած մեր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև Թիֆլիսիի համաձայնությունը: Բայց ի՞նչ արժեք ունեն Ադրբեջանի, այդ նոր Տաճկաստանի համար խոստումները, հայտարարությունները, համաձայնությունները: Նրանը սուրն է, և այդ սուրն է ճոճվում կրկին Ղարաբաղի հայ ժողովրդի գլխին: Ի՞նչ է նշանակում՝ Սուլթանովը պատասխան է պահանջում Ղարաբաղում հրավիրվելիք համագումարից, արդյոք այս ևս մի նոր ավերածությունների և արյան սպառնալիք չէ՞: Կասկած չկա, որ Բաքվի կառավարությունը հայակեր Սուլթանովի հետ միասին նոր դժբախտությունների և կոտորածների ծրագիր են կազմակերպում Ղարաբաղի հայ ժողովրդի համար:

Ադրբեջանի ղեկավար խան ու բեկերը չկարողացան և չպիտի էլ կարողանան ըստ երևույթին հասկանալ, լուրջ գիտակցել, որ հրով ու սրով հնարավոր չէ ժողովրդի կամքը բռնադատել, նրանք անզոր են ըմբռնելու այս ճշմարտության իմաստը, նրանք բավականին հետամնաց են դաս առնելու մեռնող Տաճկաստանի տխուր անցյալից:

Ղարաբաղի համագումարն ուրիշ ոչինչ չունի ասելու, քան այն, որ Ղարաբաղը, նրա հետ նաև Զանգեզուր-Նախիջևանը Հայաստանի անբաժան մասն են: Պարզ և կտրուկ: Իսկ եթե ոճրագործությունն այս անգամ ևս անխուսափելի է, ինչ արած, հայ ազատատենչ ժողովուրդը. թառած Ղարաբաղի լեռների կատարին, այս անգամ ևս կքամի դառնության բաժակը: Անդրկովկասի երեք հանրապետությունների աշխատավորները այսօրվանից թող գիտակցեն, որ Ղարաբաղի հրդեհը կարող է տարածվել և լափել բոլորին, և այդ հրդեհը վառողը Բաքվի խաներն ու բեկերն են, շարունակ արյան ձգտող Սուլթանովները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives