Հառաջ, 17 հունվարի, 1920թ., թիվ 13
Ագուլիսի կոտորված բնակչության բուն պատճառը, մեր կարծիքով, երկուսն են.—
Առաջին՝ թալանի տենչը, որ ընդհանրապես զորեղ է թաթար զանգվածի մեջ և որին գոհացում տալու բոլոր հնարավորությունները ներկայացնում էին կռվի անընդունակ և անզեն, բայց միևնույն ժամանակ հարուստ և թաթարների մեջ «Ոսկու ձոր» կոչվող Ագուլիսները, իսկ երկրորդ պատճառը քաղաքական է:
Դուք արդեն գիտեք, որ նվաճողական ցավով բռնված Ադրբեջանն իր անբաժան մասն է համարում ոչ միայն Հայկական Ղարաբաղն ու Զանգեզուրը, այլև Նախիջևանն ու Շարուրը, նույնիսկ Սուրմալուն ու Երևանի գավառի մի մասը:
Այդ ցնորական ծրագրի իրականացմանը կառչած, Ադրբեջանի կառավարությունը մինչև այժմ հետապնդել է և դեռևս շարունակում է հետապնդել մի հանցավոր քաղաքականություն: Նա համառ հետևողականությամբ և սիստեմատիկ կերպով աշխատում է նոսրացնել — ջարդերի և տեղահանության միջոցով հայ տարրն այն բոլոր շրջաններում, որ մտնում են նրա երևակայական քարտեզի մեջ:
Հիշեցեք նրա ոտնձգություններն ու հարձակումները Նուխիում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջևանում, Շարուրում և այլուր: Դրանք բոլորը միայն ու միայն մի նպատակ են հետապնդում՝ թուլացնել, նոսրացնել հայ տարրը — թե թվով և թե տնտեսական-կուլտուրական կարողություններով: Նույն այդ ծրագրի դժբախտ զոհերից մեկն ահա հանդիսացավ նաև Գողթան գավառակը, որ կապում է Զարաբաղ-Զանգեզուրն ու Նախիջևան-Շարուրը:
Դա է երկու Ագուլիսների աղետի և կործանման իսկական դրդապատճառը:
Բոլշևիկյան շարժման հետևանքով՝ Կովկասյան ռազմաճակատը մերկանալուց և հայ-տաճկական պատերազմն սկսվելուց անմիջապես հետո, թաթար ժողովուրդը բոլոր միջոցներով աշխատեց ոչնչացնել Գողթանի հայությունը:
Նա, Ադրբեջանի և Տաճկաստանի օժանդակությամբ, տարիներով բլոկադայի ենթարկեց Գողթանի հայ գյուղերը, հայտարարեց նրանց դեմ տնտեսական բոյկոտ, կազմակերպեց անհամար հարձակումներ նրանց վրա — սակայն այդ բոլորով հանդերձ, նա, այնուամենայնիվ, չկարողացավ ընկճել Գողթանն ամբողջապես: Նույնիսկ տաճկական զորքերն եկան և լեռնային Գողթանի մի բուռն քաջարի ժողովրդի հերոսական դիմադրությանը հանդիպելով, փշուր-փշուր եղած, խայտառակությամբ հետ դարձան: Ամենաշատը նրանց հաջողվեց, այն էլ ահագին զոհեր տալով, ավերել Ազան ու Դերը, Քաղաքիկն ու Տանակերտը:
Նախիջևանի և Օրդուբադի թրքությունը այդ բոլոր անհաջողությունների թույնը թափեց Վերին և Ներքին Ագուլիսների խաղաղ և անզեն ժողովրդի վրա, ադրբեջանական զորքի և զորականների ղեկավարությամբ դեկտեմբերի վերջերին ամբողջական բնաջնջման, ավերի ու հրդեհի մատնելով նրանց:
Մենք չգիտենք, թե որքան են այն համեմատաբար «բախտավորները», որոնց հաջողվել է ճողոպրել յաթաղանից և փախուստի մեջ իրենց փրկությունը որոնել: Մենք կուզեինք կառավարության ուշադրությունը հրավիրել նրանց վրա: Հարկավոր է շուտափույթ կերպով կազմակերպել նրանց օգնության գործը Մեղրիում, որովհետև այդ մնացորդները մեզ և մեր երկրի համար շատ թանկագին են: