Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4
Գորիսից Մելիք-Յոլչյանը արտաքին և ներքին գործոց նախարարներին հեռագրում է հետևյալը։
Ըստ լրացուցիչ և ճշտված տեղեկությունների Նախիջևանի և Օրդուբադի թաթարները Ադրբեջանի և Տաճկական սպաների Խալիլ բեյի, Էդիփ բեյի և այլն ղեկավարությամբ ջարդից հետո բարբարոսաբար կոտորել են Ագուլիսի ամբողջ ազգաբնակությունը։ Ներքին Ագուլիսում կոտորած են 400, վերին Ագուլիսում 1000 մարդ։ Ազգաբնակությունը ամբողջությամբ մեռցուցած են ի բացառյալ 20 սիրուն աղջիկների, որոնց բաժանել են իբրև պարգև սպաներին։ Հայտնի հարուստ Փանյանցի աղջիկը 16 տարեկան մատուցած է Էդիփ բեյին։
Ագուլիսի ազգաբնակչությունը եղել է անզեն, վաղուց ճանաչել է Ադրբեջանի իշխանությունը և մնացել է լոյալ, սակայն այդ նրան չի փրկել։ Հարձակումները Գողթանի վրա շարունակվում են, մնացածները գաղթում են Մեղրի։ Կոտորածը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին։ Զանգեզուրի ազգաբնակչությունը խորապես վրդովված է և պահանջում է ձեռք առնել արմատական միջոցներ հեռացնելու տաճկական սպաներին, Ադրբեջանի Նախիջևանի գեներալ-նահանգապետին և ազատել աղջիկներին։ Մեծ դժվարությամբ է հաջողվում հանգստացնել ժողովրդին։ Մեր առաջարկին՝ բանալ Ղափան տանող Շուռնուխի խճուղին, թաթարները խնդրել են ուղարկել պատվիրակներ։ Ուղարկված 5 պատվիրակներին գազանաբար սպանել են։ Օգնության ուղարկված պահակը գնդացրային և հրացանային համազարկի ենթարկվեց Շուռնուխի թաթարների կողմից։