Յապոնի (Հովհաննես Պարոնյան) հուշերը
«Հայրենիք», թիվ 8, 1941թ.։ Բոստոն
Գրի առավ՝ Հակ. Տերունի
Գորիս հասնելուցս մի քանի շաբաթ հետո Դրոն կանչեց ինձ իր մոտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային խորհրդի համաձայնությամբ կայացված որոշումով 1920-ի հունվարի սկզբներին պետք է հարձակում լինի թրքական Շուռնուխի-Էյվազլար շրջանի վրա՝ այդ շրջանի 28-ի չափ գյուղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանությունը ու զինաթափ լինեն, քանի որ նրանց շրջանը մտնում է հայկական Զանգեզուրի սահմանների մեջ։ Այլապես ամբողջ բնակչությունը պետք է հարկադրվի թողնել այդ շրջանը և հեռանալ դեպի թրքական շրջանները։
Պետք է նկատել, որ Շուռնուխի շրջանը հայկական սահմաններից ներս գտնվելով, սեպի նման խրված էր Ղափանի ու բուն Զանգեզուրի միջև և ամեն անգամ էլ այնտեղ բույն դրած ադրբեջանական գործակալները կռիվ ու թալան էին կազմակերպում հարևան հայ գյուղերի դեմ։
Հավանեցի Դրոյի ծրագիրը ու պատրաստակամությունս հայտնեցի մասնակցելու արշավանքին, որ ճակատում էլ լինի։
Հենց այդտեղ էլ նա որոշեց ինձ հանձնել ռազմական գործողության դաշտի ամենից պատասխանատու ու դժվարին ճակատը՝ Շուռնուխի կենտրոնական գյուղի վրա քայլող Տանձավերի հովիտից առաջացող ճակատը, որ գալիս էր Ուզուն-Մեշա անտառի միջով ու ելնում էր անառիկ դիրքեր ունեցող մոտ 10 գյուղերի դեմ։
Այդ հրահանգը ստանալուն պես առի ինձ օգնական նշանակված սպաներին ու անցա Որոտանի կիրճի մեկ ոլորտում գտնվող հայկական Հալիձոր-Երիցաթումբի շրջանի գյուղերը և ցուցակագրեցի գյուղերի զենքի ընդունակ տղամարդկանց, դրանց բաժանեցի զինվորական մասերի ու նշանակեցի պետեր։ Ցուցակագրված զինվորները համարվում էին ծառայության մեջ ու թեև բաց էին թողնվում իրենց տները, սակայն, պարտավոր էին պետի հրամանն առնելուն պես իրենց զենքով ներկայանալ որոշված տեղը՝ որ ժամին որ կարգադրված լիներ։
Մինչև իմ աշխատանքը ավարտելը, Դրոն անցավ Ղափան և, երբ այնտեղից դառնում էր, միասին գնացինք Գորիս, ձեռնարկվելիք ռազմական գործողության ծրագիրը կազմելու համար։
Գորիսում որոշվեց ռազմական գործողությունը սկսել հունվարի 6-ին՝ նախապես թուրք գյուղերին հպատակության և զինաթափության հրավեր ուղարկելով։
Թուրք գյուղերին ուղղված հրավերը ուղարկվեց Էյվազլար գյուղի կոմիսարի միջոցով, որին 3 օրից հետո պատասխանեցին մերժումով։
— Ոչ միայն չենք ընդունում Գորիսի իշխանությունը,— ասել էին նրանք,— այլև պատրաստվում ենք գրավելու Ադրբեջանին պատկանող ամբողջ հայկական Զանգեզուրը…
Այս պատասխանից հետո Գորիսի մնայուն գունդը, Դրոյի զորամասը և շրջաններում կազմված միլիցիական խմբերը շարժման մեջ դրվեցին՝ այն որոշումով, որ հունվարի 6-ի կեսօրին Շուռնուխին, Մազրան ու Էյվազլարը՝ իրենց հարակից գյուղերով՝ մինչև Դոնտարլուի թրքական դաշտի բերանը պետք է գրավված լինեին։
Հունվարի 5-ին, մութը կոխելուն հետ, Հալիձոր-Երիցաթումբ զորամասի գլուխն անցած՝ Որոտանի կիրճը թողինք ու խմբերի բաժանված՝ փռվեցինք Տանձավերի անտառի ձոր ու սարերում։
Ցուրտ էր, լեռնաշխարհի խանձող ցուրտը։ Կծկված ծառի կամ ապառաժի թիկունքում՝ բոլորը որոշված ազդանշանին էին սպասում՝ հարձակվելու համար։
Լուսաբացին մեկ ժամ մնացած, Քյափաղի թուրքական դիրքերի ու հայկական Երիցաթումբ գյուղի մեջտեղն ընկած բարձունքից մոսինի 3 հարվածով ամբողջ ճակատին հրաման տվի առաջ անցնելու։ Ինքս դիտմամբ էի կանգնել Մարքազի դիմաց դիրք մտած մերոնց խմբի մեջ։ Մարքազի գագաթը, որ գտնվում էր Տանձավերի հովիտի ուղիղ մեջտեղում ու թուրքերի կողմից խիստ ամրացված էր, ուներ 50-ի չափ զինված պահապաններ, մշտապես կապ ուներ իր շուրջի թուրք գյուղերի հետ։ Այդ հովիտը գրավելու համար հարկավոր էր նախ տիրել այդ բարձունքին, որ իշխում էր Շուռնուխի տանող բոլոր ճամփաների վրա։
Հարձակման ազդանշանը տալուս պես, անտառը լցվեց գնդակների և մարդկանց աղմուկով, որ հազարավոր դղրդյունով արձագանքում էր մեր շուրջը։
Ինձ հետ առած էին Երիցաթումբի զինված ուժը։ Բոլորն էլ ընտրովի մարտիկներ էին, հովիտի ճար ու ճամփաներին ծանոթ։
Քաշեցի մաուզերս ու առաջ ընկա։
— Դեպի Մարքազ,— կանչեցի,— չթողնենք, որ թշնամին աչք բացի…
Ու սկսվեց բոլորի մեջ — զինվոր թե սպա — անասելի մի մրցություն. ո՛վ առաջինը պիտի հասներ բարձունքի գագաթը, ով պիտի խլեր այնտեղ ծածանվող դրոշակը…
Հրաշալի է զանգեզուրցու հետ կռվի գնալը։ Էդ խոմ կռիվ չէ, այլ քեֆ, հերոսական մրցություն՝ դժվարագույն դիրքը գրավելու, շարքում առաջինը լինելու համար…
Լուսաբացի հետ Մարքազը մեր ձեռքումն էր։ Այստեղի թրքական զորամասի մեկ մասը փռված էր բարձունքի այս ու այդ դիրքում, իսկ մյուս մասը փախել էր դեպի Մաճ ու սրանց էլ իր հետ առած՝ Շուռնուխի ճամփան բռնել։
Մինչև մեր Մարքազի գրավումը իմ աջ թևը մաքրել էր հովիտի մուտքի առաջ ընկած թրքական գյուղերը. Մաճի մոտ նա միացավ մեզ։
Այստեղից մեր թափը կրկնապատկած՝ խփեցինք ուղիղ Շուռնուխի վրա։ Թրքական այդ կենտրոնական գյուղը իր բազմաթիվ կռվողներով ու անառիկ դիրքերով հազիվ կարողացավ մեկ ժամ դիմանալ։ Առավ ու փախավ՝ հետը քաշ տալով շուրջն ընկած բոլոր գյուղերը։ Միայն Մազրա գյուղի դաշտում կանգ առին ու փորձեցին անտառի մանվածապատ կածաններում շփոթել մերոնց շարքերը։ Բայց իմ կողքովը քայլող հերոս Երիցաթումբցիք կրակ կտրեցին և անմիջապես զույգերի բաժանվելով՝ իրարից անկախ խրվեցինք թշնամու շարքերը։
Թուրքերը, ինչ ասել կուզի, այդ թափին դիմանալ չկարողացան. իրենց գլուխն առած՝ իջան դեպի Դոնգարլուի դաշտը՝ մտքում շնորհակալ լինելով անտառի ծառ ու ժայռերի շնորհած պաշտպանությանը։
Կեսօր չեղած, մաքրեցինք իմ զորամասին հանձնված ճակատի վրա ընկած Տանձավեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Շուռնուխ, Մազրա գյուղերը՝ իրենց մոտիկ 3 ուրիշ գյուղերով և Մարքազ բարձունքը։
Մազրայի գրավումով մենք լուծեցինք մեզ հանձնած ռազմական խնդիրը և շրջան կազմելով Էյվազլարի շրջանում՝ կախվեցինք Որոտանի գլխին, ուր հանդիպեցի Գորիսից առաջացող մեր ուժերին։ Դրոն դեռ հեռվից ողջունեց մեզ և մոտենալով՝ մենք գրկախառնվեցինք։
Այդ օրը ամբողջ շրջանը, որ նախապես ծրագրած էինք, գրավեցինք։ Հաջորդ օրը բոլոր հարկավոր կետերում պահակներ կարգելով՝ դարձանք Գորիս։ Մի քանի օր հետո Դրոն ասաց, որ գնում է Երևան։ Ես էլ ընկերացա նրան։
Հասանք Դարալագյազ։ Այստեղ Դրոն ասաց, որ մնամ Քեշիշքենդում՝ տեղական պահեստները ստուգելու համար։ Մնացի ու ինձ հանձված աշխատանքը կատարեցի, մինչև որ ինքը Երևանից դարձավ Դարալագյազ։ Հասնելով Զանգեզուր՝ Դրոն ինձ նշանակեց Ղարաբաղը Զանգեզուրի հետ կապող գծի վրա հսկող ճակատի՝ Տեղ-Կոռնիձորի շրջանի հրամանատար, իսկ ինքը անցավ Ղարաբաղ։