November 28, 2024

Հայ Զինվորական Միության կանոնադրությունը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ռազմիկ, Թիֆլիս

Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1

Հայրենիքն ու հեղափոխությունը վտանգի մեջ են: Երկրի բոլոր կարող ու ստեղծագործող ուժերին կոչ է արվում միանալ, ամուր կուռ ուժ կազմել հայրենիքն ու հեղափոխությունը պաշտպանելու, փրկելու կործանումից ու պատերազմի ավերմունքից: Ելակետ ունենալով Ժամանակավոր կառավարության ու հեղափոխական դեմոկրատիայի ընդունած ու հայտարարած այս դրությունը, մենք մոմենտի պահանջ ենք համարում համայն հայ զինվորականությանը միանալ կազմակերպված ուժով պաշտպանելու հայրենիքն ու հեղափոխությունը, որի հաջողությունն անմիջապես կապված է զորքի ռազմական ոգուց:

Հեղափոխությունն իր դրոշակի վրա բոլոր մանր ազգություններին բերում է ազատություն և հայ աշխատավոր ժողովրդին իր ազգային ու դասակարգային խնդիրների լուծում: Ուրիշ ճանապարհ մենք չգիտենք ու չենք փնտրում:

Մեր բաղձանքների իրականացումը գտնում ենք Ռուսական հեղափոխության պայմաններում, նրա պաշտպանության ու բարեհաջող վերջավորության, երկիրը հակահեղափոխությունից ու պատերազմի կործանումից ազատելու մեջ: Մասնավորապես Կովկասյան ճակատի անհաջողությունն ու ճեղքումն աննկարագրելի արհավիրքներ է սպառնում առանձնապես մեզ՝ հայերիս: Այս պատճառով կոչ է արվում բոլոր հայ զինվորականներին հեղափոխության ու երկրի առաջ կատարելու իրենց զինվորական ու քաղաքացիական պարտքը:

Հայ զինվորականության նպատակն է. միացնել բոլոր ուժերը պաշտպանելու հեղափոխությունն ու բարձրացնելու զորքի ռազմական ոգին:

Միության նպատակն ու խնդիրները

Ա. Զորքի ռազմական ոգու և ուժի վերականգնումն ու ուժեղացումը

1. Կովկասյան զորքում կազմակերպել բոլոր երեք տեսակի զինված հայկական նոր զորամասեր:

2. Կովկասյան զորքում գոյություն ունեցող հայ զորամասերն ուժեղացնել:

3. Նպաստել զորքը վերափոխելու նոր դեմոկրատական սկզբունքներով:

4. Զորքի մեջ հաստատել հեղափոխական դիսցիպլինա:

5. Սպաների և զինվորների մեջ հաստատել միություն:

6. Կռվել մասնավոր անհատների ու կազմակերպությունների դեմ, որոնք պրոպագանդա են մղում կազմալուծելու զորքի ռազմական ոգին:

Բ. Կռիվ դասալքության դեմ

Գ. Կուլտուրական-կրթական գործունեություն և հեղափոխական-սոցիալիստական պրոպագանդա մղել հայ զորքի շարքերում

1. Բացել հայկական դպրոցներ գրագիտություն սովորեցնելու:

2. Բացել հայկական ժողովրդական համալսարաններ:

3. Կազմակերպել դասախոսություններ, զրույցներ և այլն:

4. Հրատարակել ու տարածել լրագրեր, գրքեր ու գրքույկներ:

5. Պատրաստություն Հիմնադիր ժողովին:

Դ. Կովկասյան ազգությունների հետ պահպանել հարևանցիական բարի հարաբերություն

Ե. Հավաքել ու կարգի բերել այն բոլոր նյութերն ու փաստաթղթերն, որոնք վերաբերում են հայության մասնակցությանը համաշխարհային պատերազմում:

1. Տեղեկություններ զորքում հայերի թվի մասին:

2. Սպանվածների, վիրավորների ու մեռածների կորստի մասին:

3. Առանձին անհատների ու ամբողջ զորամասերով ստացված պարգևանշանների մասին:

4. Անհատների կամ հայ զորամասերի առանձնապես աչքի ընկնող քաջագործությունների նկարագրություն:

5. Հայ զորամասերի նիստ ու կացի, սովորությունների նկարագրություն:

Զ. Իրավական օգնություն հայ զինվորականներին և նրանց ընտանիքներին:

Է. Բժշկական օգնություն հայ զինվորության ընտանիքներին.

Միության կազմն ու կազմակերպությունը

Միությունը կազմված է իսկական և օժանդակող անդամներից

1. Իսկական անդամներ կարող են լինել բոլոր զինվորական ծառայության մեջ գտնվող հայերը՝ զինվոր, սպա, բժիշկ, դասաստիճանավոր և այն ծառայողները, որոնք աշխատում են զորքի համար գործող հասարակական հիմնարկություններում:

2. Օժանդակող անդամներ կարող են լինել բոլոր ոչ զինվորականները, որոնց գործունեությունը առանձնապես օգտակար է լինելու Միությանը:

3. Օժանդակող անդամներն օգտվում են իսկական անդամների իրավունքներով:

4. Զինվորներն ընդունվում են միության մեջ իբրև անդամ առանց հանձնարարության, իսկ մնացածները, որոնք ցույց են տրված 1 կետում կարող են ընդունվել միության երկու իսկական անդամների հանձնարարությամբ:

Բ. Միությունն ունի իր բաժանմունքներն ու ճյուղերը

1. Միության ճյուղերը

Ա. Միության ճյուղեր կազմակերպում են զորամասերին ու հաստատություններին կից:

Ծանոթություն 1. Միության ճյուղ կազմելու համար հարկավոր են ամենապակասը 20-ի չափ իսկական անդամներ:

Ծանոթություն 2. Ճյուղերը կրում են իրենց զորամասերի անունները, օրինակ, Հայ Զինվորական Միության Կովկասյան 19-րդ հրացանաձիգ գնդի ճյուղ:

Բ. Ճյուղի գործերի վարելն ընկնում է ճյուղից ընտրված կոմիտետի վրա:

Գ. Կոմիտետը կազմված է 3-5 անդամներից, որոնք ճյուղի ընդհանուր ժողովից են ընտրվում:

Դ. Կազմակերպչական, գնդային և այլն կոմիտետների հայ անդամները հրավիրվում են ճյուղի կազմի մեջ վճռական ձայնի իրավունքով:

2. Միության բաժանմունքները

Ա. Միության բաժանմունքներ կազմվում են գոյություն ունեցող ճյուղերից. Կովկասյան ճակատում ամեն մի դիվիզիայի, իսկ արևմտյան ճակատում ամեն մի կորպուսի և բերդին կից ճյուղերից:

Բ. Թիկունքում բաժանմունքներ կազմվում են խոշոր կենտրոններում:

Ծանոթություն. Բաժանմունքներն իրենց բերդի ու դիվիզիայի անունն են կրում, օրինակ, Հայ Զինվորական Միության 66-րդ հետևակ դիվիզիայի բաժանմունք, Հայ Զինվորական Միության Կարսի բաժանմունք:

Գ. Հայկական ամեն մի հրացանաձիգ գնդին կից կազմակերպվում է Միության բաժանմունք:

Դ. Բաժանմունքի գործավարությունն ընկնում է բաժանմունքի կոմիտետի վրա:

Ծանոթություն. Հայկական գնդերում չափազանց ցանկալի է բաժանմունքի ու գնդի կոմիտետների համակերպ գործունեություն:

Ե. Բաժանմունքի կոմիտետը կազմված է 5-7 անդամներից, որոնք ընտրվում են ճյուղերի ներկայացուցիչների ընդհանուր ժողովում:

Զ. Զինվորական կոմիտետների հայ անդամները հրավիրվում են բաժանմունքի կոմիտետ վճռական ձայն իրավունքով:

Գ. Կենտրոնական կոմիտետը

1. Միության ղեկավարությունն ու կառավարությունը պատկանում է կենտրոնական կոմիտետին:

2. Կենտրոնական կոմիտետը ընտրվում է Միության ընդհանուր ժողովին:

Հայ Զինվորական Միության կանոնադրությունը Մինչև ընդհանուր ժողովի գումարելը Կենտրոնական Կոմիտետի գործավարությունը կատարում է այն կազմակերպությունը, որն ընտրված է մշտական և ժամանակավոր Թիֆլիսում ապրող հայ զինվորականների հիմնադիր ժողովում:

Ծանոթություն 2. Մինչև ընդհանուր ժողովի գումարելը Հայկական հրացանաձիգ գնդերից մի-մի ներկայացուցիչ մտնում են Կենտրոնական Կոմիտետի կազմի մեջ:

Ծանոթություն 3. Մինչև ժողովի կայանալը ճյուղերի կոմիտետների անդամները կենտրոնական կոմիտետ ուղարկվելու դեպքում օգտվում են վճռական ձայնի իրավունքով:

Ծանոթություն 4. Հիմնադիր ժողովի որոշման համաձայն կենտրոնական են հրավիրվում վճռական ձայնի իրավունքով հայ կամավորական խմբերի նախկին պետերը ու Կովկասյան զինվորական խորհրդի հայ անդամները:

3. Կենտրոնական Կոմիտետը ընտրվում է Թիֆլիսում, որպես Կովկասյան ճակատի զինվորավարչական կենտրոնում:

Միության միջոցները

Ա. Միության միջոցները կազմվում են

1. Տարեկան անդամավճարներ՝ 20 կոպ. սպաներից ու ուրիշներից 5 ռուբ.:

Ծանոթություն. (Օժանդակող) անդամները վճարում են ըստ ցանկության:

2. Կամավոր վճարներ և նվերներ:

3. Ներկայացումներից ու երեկույթներից ստացված արդյունքներ և այլն:

Բ. Միության ճյուղերն իրենց միջոցների մի մասը տալիս են բաժանմունքներին ու կենտրոնական կոմիտետին:

Գ. Կենտրոնական Կոմիտետի միջոցները կազմվում են բաժանմունքներից ու ճյուղերից ստացված գումարներից:

Դ. Կենտրոնական Կոմիտետում, բոլոր բաժանմունքներում և ճյուղերում փողային հաշվետվությունը պետք է տարվի համարադրված ժապավինյալ և տպագրված գրքերով:

Ե. Միության գումարների քննությունը

1. Ճյուղերի գումարների քննությունը ընկնում է Բաժանմունքի կոմիտետի վրա:

2. Բաժանմունքների գումարների քննությունն ընկնում է կենտրոնական կոմիտետի վրա: 3. Կենտրոնական կոմիտետի գումարների քննությունը ընկնում է Միության ժողովում ընտրված քննիչ մասնաժողովի վրա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives