November 27, 2024

Երևանի Ազգային խորհրդի հեռագիրը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Հորիզոն, 28 (15) ապրիլի, 1918թ., թիվ 80

Երևանի Ազգային խորհրդի նախագահ Մուսինյանը հեռագրում է Անդրկովկասի կառավարության ու Սեյմին ապրիլի 12-ին.

«Յուրաքանչյուր հայ խորը կերպով համոզված է, որ իր թանկագին հայրենիքի — Անդրկովկասի սահմանները, ինչպես և շատ թանկ գնով ձեռք բերված ազատությունը կարելի է պահպանել միմիայն զենքը ձեռքին։ Դրա համար է, որ հայ ժողովուրդը զորահավաքի է ենթարկում իր ուժերը։ Սեյմի հայրենասիրական կոչը, Անդրկովկասի բոլոր ազգություններին դիմելը մեր նահանգի մեջ ոգու բարձրացում ու մեծ ոգևորություն առաջացրեց։ Ժողովուրդն արձագանք տվեց Սեյմի կոչին և սկսեց զորքի շարքերն ուղարկել իրենց թանկագին զավակներին, որոնց թիվը մի քանի օրվա ընթացքում 5000-ի հասավ։

Երևանի Ազգային խորհուրդը խորը ցավ զգաց զինադադարի լուրը լսելով։ Խորհուրդը անկարող է հաշտվել «ինչ գնով լինի՝ հաշտություն» լոզունգի հետ. նա միմիայն պատվավոր հաշտություն է ընդունելի համարում։ Այդ պատճառով խորհուրդը պահանջում է, որ դուք ամեն միջոց ձեռք առնեիք, որ զինադադարը քայքայիչ կերպով չազդեր մեր զորամասերի վրա, որպեսզի զորամասերի ոգու արիությունը հարկ եղած բարձրության վրա գտնվեր, որպեսզի մեր գնդերի կազմակերպումը շարունակվեր կրկնակի եռանդով, որպեսզի մեր սահմաններն ավելի լավ ու հուսալիորեն պաշտպանված լինեին, քան զինադադար կնքելուց առաջ։ Այդ անհրաժեշտ է այն պատճառով, որպեսզի մեզ մոտ չկրկնվի այն բոլորը, ինչ որ տեղի ունեցավ Ռուսաստանում և նրան կորստյան մատնեց։ Մենք միշտ պարտավոր ենք պատրաստ ու ճակատում այնչափ ուժեղ լինել, որպեսզի ամեն րոպե կարողանանք մերժել մեզ առաջարկված ստորացուցիչ հաշտության անընդունելի պայմանները։ Հակառակ դեպքում ստեղծվում է այնպիսի մի անլուր ու սոսկալի աղետ, որ անդառնալի կերպով կորստյան կմատնի մեր հայրենիքը։ Խորհուրդը համոզված է, որ դուք ձեր բոլոր ուժերը կգործադրեք և ամեն միջոց ձեռք կառնեք հաշտության բանակցությունների մեզ համար բարենպաստ արդյունք ապահովելու համար։ Խորհուրդն իր կողմից հանդիսավոր խոստում է տալիս կանգ չառնել ոչ մի զոհողության առաջ և կրկնապատկել իր եռանդն ու գործունեությունը, ամեն բանով աջակցել ձեզ մեր հայրենիքի և Անդրկովկասյան բոլոր ժողովուրդների պատիվը պաշտպանելու համար»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives