November 28, 2024

Վտանգը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հայաստանի աշխատավոր

Հայաստանի աշխատավոր, 13 հուլիսի, 1919թ., թիվ 94

Խմբագրական

Մինչ ամբողջ աշխարհը խաղաղվելու վրա է՝ մեր երկիրը մշտական պատերազմի վիճակ է ապրում: Մեր թշնամին դեռ ապրում է: Ավելին: Նա միայն մեր սահմանի վրա չէ: Նա նաև մեր երկրի ներսն է: Նա անթիվ գործակալներ ու թշնամական կազմակերպություններ ունի մեր հայրենիքի ներսում: Արտաքին թշնամու հետ են ոչ միայն մեր երկրի թուրք կալվածատեր տարրերը, այլև շնորհիվ իրենց դասակարգային անգիտակցության՝ նաև թուրք ստորին խավերը: Հենվելով վերջիններիս կրոնա-ցեղային մութ գիտակցության վրա՝ արտաքին թշնամու գործակալներն ու ներքին հակահեղափոխական տարրերը մեր երկրի ներսում մի շարք Վանդեաներ են կազմակերպել: Այսպիսով բոլոր թաթարական շրջանները այսօր — ակտիվ, թե պասիվ կերպով — մեր դեմոկրատիկ հանրապետության դեմ են:

Որոշ շրջաններ արդեն իսկ ապստամբել են մեր հանրապետության դեմ և տաճիկ զինվորականների ձեռքով կազմակերպված ուժերով, գնդացիրներով ու թնդանոթներով ընդդիմադրում են մեր զորքին ու իշխանությանը:

Թշնամությամբ ու անբարյացակամությամբ օղակված ու վտանգված է մեր ամբողջ երկիրը: Մեր ռամկավար հայրենիքն ու ազատությունը վտանգի մեջ են: Թշնամին ամեն տեղ է և ամեն ազգի ու դավանանքի: Ավելի չարաբախտ ու բացառիկ պայմաններում գտնվող երկիր, քան մերը՝ չկա: Բոլորն անխտիր — ի բացառյալ մեր պետական կուսակցությունը — բացարձակապես դեմ են նրա անկախությանն ու պետականությանը, նրա դեմ է թաթար խավրած ու մոլորված ազգաբնակչությունը, նրա դեմ են հայ բուրժուական տարրերից (Հայ Ժողովրդական կուսակցությունը) սկսած մինչև ծայրահեղ ձախակողմը:

Եվ օրեցօր շատանում և ուժեղանում են հակապետական ու հակահեղափոխական տարրերը մեր երկրում և մեծապես վտանգում մեր ազատությունն ու անկախությունը: Եվ որովհետև այդ ամենը ուղղված է Հայաստանի աշխատավորության քաղաքական ազատության ու դեմոկրատիկ իրավունքների դեմ, ուստի և դրանք բոլորն էլ պետք դիտվին ու հալածվին իբրև հավասարապես վտանգավոր հակահեղափոխական ուժեր: Այս դժբախտ երկրի համար ևս պետք է ճշմարտություն համարվի, որ պետության (ոչ թե կառավարության) ու անկախության (որ ասել է — ազատության) թշնամին հանդուրժելի չէ: Ինչո՞ւ պետք է այս չար աստղի տակ ազատված երկիրը միայն բացառություն կազմի և իր մեր հյուրընկալի, հանդուրժի ու պատսպարի պետության ու անկախության թշնամիներին: Այդ ո՞ր երկիրն է աշխարհիս երեսին և ո՞ր իշխանությունն է այն (Ռուսական Սովետական կոմունիստակա՞նը…), որ այսքան՝ դեմոկրատիայի համար հանցավոր՝ հանդուրժողություն է երևան բերում դեպի իր անկախ գոյության ու ազատության թշնամիները:

Չկա աշխարհիս երեսին և չի էլ կարող լինել, չի կարող գոյություն ունենալ մի պետություն, այդքան թույլ ինքնապաշտպանության բնազդով: Իր այդ հանցավոր ներողամտությամբ և պետական կամազրկությամբ ռամկավար Հայաստանին թերևս մասամբ նման լինի Պարսկաստանը: Եվ երկուսի վիճակն էլ այդ տեսակետից նախանձելի չէ: Երկուսն էլ ամեն տեսակ թշնամիների մարզարան են ու ազատ քաղաքական զբոսավայր: Մինչդեռ ամեն մի գոյություն, ամեն մի մարմին ունի իր կենսական հրամայականներն ու ինքնապահպանման երկաթե օրենքները, առանց որոնց նա և ոչ մի րոպե կարող է ապրել: Հայաստանի Հանրապետությունն է, որ չէ կամենում ընդունել բնության այդ բացարձակ օրենքը և եթե կամենում է անկախ լինել՝ ամեն կերպ պաշտպանել իր անկախ գոյությունն ու ազատությունը և անողոքաբար ու հետևողականորեն ճնշել իր անկախության ու ազատ կյանքի թշնամիներին:

Բայց նա պարտավոր է այս անել ի սեր այն ժողովրդի, որի բովանդակ շահերի ու կյանքի պաշտպանության համար է առաջ եկել ինքը, որի համար միայն նա գոյության իմաստ ունի:

Բայց այսօր նա, հովանավորելով կամ աչք գոցելով իր թշնամիների վրա, ինքն իր գոյության իմաստի դեմ է գնում: Նա ոչ թե պաշտպանում, այլ ամեն կերպ վտանգում է իր ժողովրդի կյանքն ու ազատությունը, իսկ այդ ամեն մի պետության գերագույն հանցանքն է: Վերջապես մեր կառավարությունը պետք է օր առաջ զգա վտանգի ամբողջ մեծությունը, զգաստանա և վճռական ու աներեր կամք երևան բերի իր ժողովրդի ազատությունն ու հայրենիքը պաշտպանելու: Նա ամենակտրուկ միջոցներով պետք է խեղդի հակահեղափոխական ու հակապետական ապստամբությունը ամենուրեք: Նա ամեն կերպ պետք է կռվի առհասարակ երկրի արտաքին և ներքին ամեն տեսակ թշնամիների դեմ և մի անգամ ընդմիշտ ապահովի այս բազմատանջ ժողովրդի կյանքն ու ազատությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives