Հայաստանի աշխատավոր, 12 հուլիսի, 1919թ., թիվ 93
Կարս, 29 հունիսի
Ամսոյս 27-ին, Նոր-Սելիմից դեպի հյուսիս-արևմուտք 15 վերստի վրա գտնվող Բայգարա գյուղի պոստի վրա են հարձակվում 70-ի չափ զինված քրդեր և հանկարծակի շրջապատելով՝ գերի են տանում 13 միլիցիոների: Նույն օրը Սարիղամիշից մեկնող զորամասին հեշտությամբ հաջողվում է շրջապատել Հաջիղալա գյուղը, ուր գերված են եղել միլիցիոներները և անմիջապես հետ խլել վերջիններին: Քրդերը չեն դիմադրել զորամասին, լավ հասկանալով, որ դիմադրության դեպքում գյուղը կոչնչանար: Մեղավորները բանտարկված են:
Արդահանի շրջան. 2 հուլիսի
Ամենահաստատ աղբյուրներից պարզվում է, որ Արդահանի գավառում նույնպես կենտրոնանում են մեծաքանակ տաճիկ չեթնիկներ ու լազեր՝ գլխավորապես Շեշեթի և այլ գավառներից:
Նրանք տենդորեն աշխատում են կազմակերպել տեղական մահմեդական ամբոխը, որպեսզի շուտով հարձակվեն հայերի վրա այն նպատակով, որպեսզի տապալեն Հայկական իշխանությունը՝ ի նպաստ Տաճկաստանի կամ Վրաստանի:
Բոլոր նշաններից երևում է, որ այժմ, Կարսի շրջանում ամենուրեք մահմեդական ինչ-որ մի ընդհանուր պրոպագանդա է վերսկսվել: Այդ բոլորը հաստատում են Կաղզվանի, Սարիղամիշի, Մերդենեկի, Արդահանի և այլ վայրերի պաշտոնական աղբյուրների հեռագրերն ու հաղորդագրությունները, որոնք գրեթե բոլորը վկայում են, որ մահմեդականները վերջերում իրենց չափազանց սանձարձակ են պահում, սպառնալով, թե կտեսնեք շուտով, ինչ ենք անելու ձեր գլուխը հայեր և հույներ և այլն, և այլն:
Ակներև է այդ բոլորից նաև այն պարզ հանգամանքը, որ այդ գործում բացի տաճիկ կոմիսարներից, բավականին մեծ տեղ է բռնում նաև «Նոր դաշնակիցների» «դեմոկրատական» բլոկը՝ դա Գեգեչկորիի և Ջաֆարովի կառավարությունների «Նոր Դաշնագրի» երկրպագուների ագիտացիան է Արդահանի և Օլթիի շրջանում, ուր պարզորեն քարոզվում են այդ շրջանները կամ Տաճկաստանին, կամ նրա «դաշնակից» Վրաստանին… Գ. Սարգիսբեկյան