Հայաստանի աշխատավոր, 6 հուլիսի, 1919թ., թիվ 89
Խմբագրական
Երևան, 4 հուլիսի
Հայաստանի Հեռագրական գործակալությունը հունիսի վերջերին հաղորդեց մի չափազանց կարևոր լուր. «Բաքու-Թիֆլիս ճանապարհը հայերի համար ապահով է»: Մի տիպիկ վավերագիր է սա, որ ցայտուն կերպով ցուցահանում է Անդրկովկասի հանրապետություններից մեկի՝ Ադրբեջանի, այդ «օրինժինել հանրապետության» վերաբերումը դեպի իր սահմաններն անցնող հայերի նկատմամբ:
Ադրբեջանական խանո-բեկական կուլակների կառավարության ողջ քաղաքականությունն է արտահայտված այդ հաղորդագրության մեջ, մի կառավարություն, որ ամեն ինչ է եղել, բայց բնավ հանրապետություն և մանավանդ դեմոկրատիկ:
Այն հայակեր քաղաքականությունը, որ տասնյակ տարիներ հղացավ ու իրագործեց Ելդըզի բորենիների կառավարությունը, ամենահանճարեղ կերպով սազական է Ադրբեջանին, այն էլ «հանրապետական» Ադրբեջանին:
Խան-Խոյսկի ու Սուլթանով, ապա Էնվեր ու Թալեաթ, սոքա տարբեր անուններ են, բայց միևնույն էությունն է բոլորի մեջ, սոքա բոլորն էլ Համիդի ամենահավատարիմ ժառանգներն են:
Ադրբեջանը այն երկիրն է, ուր հայ լինելը հերոսություն է: Մի հանրապետություն, որի վարիչները պետական շենք կառուցելու համար կարիք ունեն ոչ միայն զորական ուժի, դրամի, այլ նաև մի ուրիշ ավելի անհրաժեշտ բանի՝ հայության արյան:
Հայությունը ջարդվեց, երբ նոքա իրենց գահերը Գանձակից տեղափոխեցին Բաքու, հայությունը ջարդվեց, երբ նոքա իշխանություն դարձան, հարյությունը ջարդվեց Ղարաբաղում, որովհետև Սուլթանովն ուզում էր այդ երկիրը կցել Ադրբեջանին: Այն՝ ինչ կիսատ էին թողել Օսմանյան դահիճները, այսօր շարունակվում է նույն վայրագությամբ Ադրբեջանի սահմաններում: Դեռ ավելին:
Նախկին Տաճկաստանում հայությունը ջարդվեց գերմանացիների աչքի առջև, անգամ շատ հաճախ նրանց թելադրանքով, այսօր դաշնակիցների աչքի առջև էլ նույնն է շարունակվում Ադրբեջանում:
Մեր արյան հոտը այլևս ոչ ոքի չի անհանգստացնում… Ո՞վ է այս բոլորի պատասխանատուն, ո՞վ է մորթվողների իրավական տերը, և ո՞վ է, որ պետք է դատի և արգելի հրամայական կերպով: Որ ոքի հողի և հացի ձեռք չենք մեկնել, չենք ոտնակոխել և ոչ ոքի երկիր: Եվ երբ Ղարաբաղի հայությունը իր իսկ հայրենի օջախին տեր է կանգնում, նա մորթոտվում է. ոչ ոք է, որ բողոքի Ադրբեջանի ջարդարարության դեմ:
Պատասխանատու են նոքա, որոնք ուժ ունեն և չեն կանգնեցնում մեծ ոճիրը. առաջին հերթին Դաշնակիցների Կովկասյան բարձր հրամանատարությունը: Նոքա, որոնք պատեհ ու ցանկացած դեպքում կարող են թելադրել Վրաց կառավարության կամ Ադրբեջանին, այս դեպքում, չքմեղ ձևանալ՝ կասկածելի է: Եվ փաստորեն Ադրբեջանի հայաջինջ քաղաքականության պատասխանատուն Դաշնակիցների հրամանատարությունն է: մի կասկածելի քաղաքականություն է սա, որի զոհը միայն հայությունն է: Պատասխանատվության բաժին ունի նաև Հայաստանի կառավարությունը: Որքան կարևոր է տրանզիտն ու փոստային պայմանագիրը, նույնքան և ավելի շատ հրամայական է սեփական քաղաքացու պաշտպանությունը: Չէ՞ որ փաստորեն այժմ Ադրբեջանում հայությունն իրենքից դուրս է հայտարարված. սպանում են, կոտորում, ավերում ու թալանում և որ ամենազարմանալին է, բողոքում են մեր դեմ, մեղավոր ենք անգամ, որ կոտորվում ենք:
Երևանի նահանգի մուսուլմանների հայրենակցության նախագահ ոմն Շեյխով հեռագրում է Ադրբեջանի մինիստր նախագահին, որ «Շարուրում և Օրդուբադում սկսվել են մուսուլման գործիչների ձերբակալություններ Հայաստանի կառավարության կողմից… Ամեն կողմից մեղադրանքներ, մուսուլմանների գույքերի գրավում: Հայոց կառավարության կանոնավոր զորքը ռմբակոծում է Բուլկան թուրք գյուղը, Նախիջևանում բնակչությունը թափառում է բաց երկնքի տակ, վախենալով հայկական ջարդից»:
Ահա և լեզուն մեր հարևանի. ցանկանում են հակառակ ազդեցություն անել Ղարաբաղի ջարդերի, որ առաջինը մոռացվի, և իրենք նորից ժպտան Հուդայորեն: Սա հայհոյանք է մի սոված ու մեռնող ժողովրդի հասցեին: Եվ կյանքում չկա ավելի վատն ու զզվելին, քան տառապանքը հայհոյելը:
Ո՞ւր է դատը, ե՞րբ է լինելու և ո՞ւր է դատավորը. այդ է, որ ստվեր է ձգում մեր խղճի վրա, որ մեզ դնում է բողոքի, ցասումի ճանապարհի վրա:
Բողոքում ենք Ադրբեջանի հայաջինջ քաղաքականության դեմ և պահանջում ենք դաշնակիցներից վերջ տալ հայության կոտորածներին և դատի կանչել նոցա, որոնք գահերի վրա են, բայց պետք է բանտերում լինեն: Ե՞րբ է լինելու: