November 27, 2024

Ընտրական կատակերգություն

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովրդի ձայն

Ժողովրդի ձայն, 16 հոկտեմբերի, 1918թ., թիվ 36

Դիլիջան

Անդրկովկասյան կառավարության օրերում, երբ կատարյալ անիշխանություն էր տիրում Ղազախի գավառում, ինչպես և ուրիշ շատ տեղերում, և գավառական հիմնարկությունները մնացել էին Ղազախ քաղաքում, այսինքն թրքական մասում, որից փաստորեն բաժանվել էր հայկական շրջանը, կարիք զգացվեց ստեղծել մի որևիցե իշխանություն, որպեսզի ժողովուրդը ազատվի այն հացավոր տարրերից, որոնք գլուխ էին բարձրացրել և խմում էին ժողովրդի արյունը։ Էլ չէին մնացել ոստիկանության փչացած ծառայողներ ու անտառային օբեզչիկներ (объездчик – անտառային հեծելապահակ), որոնց փեշակն է եղել գողություն ու կաշառակերություն, էլ ավազակապետներ ու վարկաբեկված քահանաներ չէին մնացել, որ այս կամ այն նյութերը չվերցնեին իրենց ձեռքը ու կոմիսարների ու կոմիտեների անվան տակ չհայտարարեին իրենց իշխանությունը և ամենավատ ռեժիմի միջոցներով չհպատակվեին խեղճ ժողովուրդը։ Անիշխանությանը վերջ տալու համար կազմվեց Զեմսկայա ուպրավա, որը այն ժամանակվա ներքին գործոց նախարար Չենկելին հրաժարվեց ճանաչել և հաստատել։ Սակայն հարկավոր էր, որ մի որևիցե բարձր ատյան ճանաչեր այդ հիմնարկությունը։ Հայ Ազգային Խորհուրդը, որին դիմում եղավ, տվեց իր հավանությունը և հաստատեց։ Երբ նշանակվեց վարչության անդամների ընտրությունը Դիլիջանում, իսկույն ամեն կողմից թռան եկան դաշնակցության ներկայացուցիչներ՝ սկսած Ալեքսանդր Իվանովիչ Խատիսյանից, Շարաֆյանից և վերջացրած զրահավորված խմբապետներով «ազատ քաղաքացիների» հետ «ազատ» ընտրություն կատարելու համար։ Ղազախի գավառի ժողովուրդը վաղուց ծանոթ էր դաշնակցական ասպետների ու նրանց տխրահռչակ գործունեության հետ։

Այդ բավական չէր, վերջին Սահմանադիր Ժողովի անդամների ընտրությունից սկսած դուրս է եկել և մի նոր կուսակցություն «սոցիալ-հեղափոխականների», որոնք իրենց քարոզներով «հողն ու անտառները» ձրի պատկանում են աշխատավոր ժողովրդին, և մի քանի կոոպերատիվների միջոցով, որոնք իրենց կուսակիցներին խոստանում էին շաքար և ալյուր համարյա ձրիության հասցրած գներով, կարողացան շփոթեցնել ժողովրդին ու ձայներ վաստակել, չնայած այն ակներև փաստին, որ Ղազախի հայկական շրջանում չկա ոչ մի անհատական կալվածք, չնայած այն հանգամանքին, որ բոլոր հողերը արքունական են և գտնվում են գյուղացոց ձեռքում։ Իսկ անտառները շնորհիվ «սոցիալ-հեղափոխականների» «կենդանարար» քարոզների, գյուղացիք բավականին ջարդեցին։

Վերջապես ընտրություն կատարվեց և ընտրվեցին երեք կուսակցություններից — դաշնակցական, սոցիալ-հեղափոխական ու հայ ժողովրդական։ Նորերս ժողովրդին էլի հրավիրեցին վարչության լրացուցիչ անդամների ընտրություն կատարելու և հանկարծ մի քանի դրսից եկած ագիտատորների շնորհիվ փոխվեց այդ որոշումը և հայտարարեցին, թե ամբողջ վարչության կազմը փոխում են և ընտրեցին համարյա Դաշնակցությանը պատկանող անձանց. բոլորը, բացի մեկ տեղական խմբապետից, դրսից եկած և ժողովրդին անծանոթ անձինք են։ Սա արդեն ընտրություն չէր, այլ կատարյալ ֆարս, ընտրողական կոմեդիա։ Հին վարչությունը չի ճանաչում նոր ընտրվածներին և գործերը չի հանձնում։ Երկու կողմից էլ բողոքներ են գնացել ներքին գործոց նախարարին։ Բողոքների հետևից էլ գնացել են երկու կողմերի «կարևոր ուժերը» հաղթություն տանելու գաղտնի պաշտպանների միջոցով և օգնությամբ։

Իսկ ժողովուրդը, որի անունից խոսում են, անտեղյակ է, թե ինչ խաղեր են կատարում նրա գլխին։

Միակ արդարացի և նպատակահարմար լուծումն այս վեճի կլինի այն, որ ներքին գործոց նախարարությունը գտնի, որ նախկին վարչության կազմի փոխելը անհրաժեշտ է, և նոր ընտրություններն էլ կատարված են ապօրինի կերպով, և նշանակի նոր ընտրություն, որի համար տա կանոններ և հրահանգ։

Թող վերջապես զանազան բախտախնդիր անձինք ըմբռնեն, որ ժողովրդական ընտրությունը նրանց համար իբրև խաղալիք չի կարող ծառայել։ Թող և ժողովուրդը ստանա հնարավորություն իր կամքը ազատ արտահայտելու։

Դիտող

[Զեմսկայա ուպրավա (земская управа) – Ցարական Ռուսաստանում նահանգների, գավառների գործադիր մարմին, որը զբաղվում էր հողային հարցերով։ Ընտրվում էր երեք տարով։ Ուպրավայի նահանգային նախագահին հաստատում էր ներքին գործերի նախարարությունը, գավառներինը՝ նահանգապետը։ Վերացվում է 1918թ.։]

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives