Զանգ, 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59
Երևան, 5 հոկտեմբերի
Հայաստանը անկախ հանրապետություն հայտարարելուց ուղիղ երկու ամիս է անցել, սակայն մինչև օրս էլ Բաթումի դաշնագիրը մնում է իր անորոշության մեջ։ Մինչդեռ Բաթումի դաշնագրի մեջ կան կետեր, որոնց իրագործումը տեղի պիտի ունենար մի ամսվա ընթացքում։
Նման անհետաձգելի հոդվածների շարքում են դասվում օրինակ՝ մեր սահմանների վերջնական որոշման հարցը՝ թուրք զորքերի հեռացումը մեր երկրամասերից, գաղթականների վերադարձն իրենց բնակատեղիները… հարցեր, որոնց շուտափույթ լուծումը իսկապես մի անկախ ու ինքնօրեն երկրի համար անհրաժեշտ պայմաններ են։
Ճիշտ է, ինչպես Կովկասյան նոր պետությունների, նմանապես և Հայաստանի վերաբերյալ մի շարք ծանրակշիռ խնդիրների վերջնական լուծումը թողնված էր Կ.Պոլսի կոնֆերանսին, բայց այդ կոնֆերանսը, ինչպես գիտեք, մինչև օրս էլ մեզ անհայտ պատճառներով ձգձգվում է և հավանորեն նա երբեք էլ տեղի չի ունենա։
Նման պարագաներում ինչ է մնում անելու Հայաստանի հանրապետության։
Անշուշտ, լավ կլիներ, որ այդ կոնֆերանսը տեղի ունենար և վերջնակապես լուծվեին ու ձևավորվեին Կովկասին ու Հայաստանին վերաբերյալ հարցերը, որպիսին իրոք կարող էր հանդիսանալ Գերմանիայի, Ավստրիայի, Բոլգարիայի և Թուրքիայի ներկայացուցչությունը։ Բայց քանի որ այդ չկա և մեր պատգամավորներն էլ դեռևս գտնվում են Պոլսում, անհրաժեշտ է, որ մեր կառավարությունը իր ներկայացուցիչների միջոցով անմիջապես բանակցությունների մեջ մտներ Բարձրագույն Դռան հետ գեթ պարզելու մեր և թուրքերի փոխհարաբերությունը, ինչպես և միջոցներ ձեռնարկեր իրականացնելու Բաթումի դաշնագրի որոշ հոդվածներ։
Թուրք կառավարությունը սիրում է հաճախ իր ականավոր ներկայացուցիչների բերանով հայտարարել, թե՝ «Հայաստանի անկախությունը թանկ է իր համար, որովհետև համարում է իր «զավակը»։ Եթե իրոք անկեղծ են նման հայտարարությունները և Թուրքիան ցանկանում է բարեկամություն հաստատել մեզ հետ, ապա ուրեմն առաջինն ինքն է, որ պիտի հարգի իր դաշինքը և աշխատի հայ ժողովուրդը հանել այն վատթար կացությունից, որի մեջ դրել է ինքը։
Բարեկամություն ցանկացող պետության համար երկու ամիսն էլ բավական էր որոշելու իր դերը և իրենց բնակավայրը վերադարձնել այն հայ սովալլուկ բազմությունը, որ արհեստականորեն քշել կուտակել է Հայաստանի տերիտորիայում։
Բարեկամ պետությունը երբեք արգելքներ չպիտի հարուցի կամովին հայրենիք վերադարձող գաղթականների առաջ. այլ ընդհակառակը, նա պիտի ընդառաջե և դյուրություններ ստեղծի խաղաղ աշխատավոր ժողովրդին նորից տեր դառնալու իր տանն ու հանդին։ Հայաստանի Հանրապետությունը իր Պոլսի պատգամավորների միջոցով պարտավոր է գեթ այս չափով դրությունը պարզել։