November 27, 2024

Հայաստանի խորհրդարան. Սեպտեմբերի 1-ի նիստը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Կառավարության լրաբեր

Կառավարության լրաբեր, 6 սեպտեմբերի, 1918թ., թիվ 2

Վերջերս հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցույց տալիս դեպի Խորհրդի նիստերը։ Թեև նիստի սկիզբը հայտարարված էր ժամը 7-ին, բայց 6.30-ին հասարակության հատկացված տեղերը լիքն էին։ Նիստի բացման րոպեին դահլիճն ու պատշգամբը լիքն էին ծայրե ի ծայր։

Երեկոյան ժամը 7-ից մի քանի րոպե անց նախագահը բաց է անում նիստը՝ հայտարարելով օրակարգը։ Հերթի էին դրված հետևյալ հարցերը. 1. Պարենավորման խնդրի շարունակությունը, 2. Գաղթականական հարց և 3. Դպրոցական հարց։

Նախագահը հայտնում է, որ կառավարության ներկայացուցչի բացակայության պատճառով պարենավորման հարցը կհետաձգվի մինչև նրա գալը։ Ժողովը անցնում է գաղթականական հարցին։ Կոմիսիայի կողմից զեկուցում է պատգամավոր Ռ. Տեր-Մինասյանը։ Նա հայտնում է, որ այս հարցում կոմիսիան իր աշխատանքները դեռ չի վերջացրել. նա առայժմ զբաղվել է միայն նրանց տեղավորման և աշխատանքի կազմակերպման հարցերով։ Հայաստանի տերիտորիան բաղկացած է չորս գավառամասերից, որտեղ կան 522 գյուղեր 524 հազար բնակչությամբ։ Այդ գյուղերի մի մասը, 182 հազար բնակչությամբ գաղթել են. նրանց գյուղերը մնացել են դատարկ։ Սա մի երևույթ է, որը զգալի կերպով թեթևացնում է գաղթականների տեղավորման գործը։ Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնված գաղթականության թիվը 300 հազարից ավել էր։ Սրանից հիմա մնացել է ավելի քան 200 հազար. մնացածների մի մասը հեռացել է մեր երկրից, մյուս մասը մեռել։ Կոմիսիան գտնում է, որ հարկավոր է նախ մտածել գաղթականների մասին, որոնք ընդմիշտ պետք է բնակչություն հաստատեն Հայաստանի այժմյան սահմաններում, ապա մյուսների, այսինքն նրանց, որոնք գաղթեցին Բաթումի դաշնագրից հետո։ Այն հարցին, թե Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի ամբողջ հայ գաղթականության, թե միայն Հայաստանի սահմաններում գտնված գաղթականների գործով, կոմիսիան վերջնականապես ոչինչ չի ասում. սակայն, նա տալիս է այդ հարցի նկատմամբ ունեցած իր երկու միմյանց հակասող կարծիքները։ Պետական բյուջեն և Հայաստանի առանց այն էլ քայքայված տնտեսությունը թույլ չեն տալիս այդքան մեծ հիմունքների վրա դնել նպաստի գործը։ Մյուս կարծիքը այն է, որ ինչ էլ որ լինի, միջոցների պետք է դիմել ամբողջ գաղթականությանը շուտափույթ օգնություն հասցնելու համար։ Երկրորդ, ոչ պակաս արժեք ունեցող հարցը, նպաստի բաժանման հարցն է։ Նպաստի հին սիստեմի մասին այսօր խոսք չի կարող լինել, որովհետև գաղթականների թիվը և նրանց ստանալիք գումարները այնքան խոշոր են, որ կառավարության ուժերից վեր կլինի նրանց կանոնավոր նպաստ տալու գործը։ Չպետք է խոսել այդ սիստեմի մասին նաև այն պատճառով, որ նպաստը անբարոյականացնում և ձրիակերության է սովորեցնում մարդկանց. հարկավոր է կազմակերպել աշխատանք և այն սկզբունքով առաջնորդվել նպաստի բաշխման գործում։ Աշխատունակության տեսակետից գաղթականներին կարելի է բաժանել 3 կատեգորիայի — որբեր, կանայք և տղամարդիկ։ Որբերի թիվը հասնում է 7-8 հազարի. Պետական միջոցներով պահել նրանց հնարավոր չէ։ Պետք է որբերի կոլոնիաներ ստեղծել։ Եթե հնարավոր է կառավարությունը պետք է որոշ հողամասեր հատկացնե որբերին, իրականացնելով այդպիսով կոլոնիաների գեղեցիկ իդեան։ Այն աշխատանքները, որոնք կկատարեն այդտեղ որբերը զգալի չափով կթեթևացնի նրանց կերակրման գործը։ Կանանց մասին կոմիսիան գտնում է, որ նրանց աշխատանքներն էլ կապված չեն մեծ դժվարությունների հետ։ Հայաստանում իբրև հում նյութ կա մինչև 100 հազար փութ բամբակ, որը կարելի է օգտագործել կանանց աշխատանք մատակարարելով և միևնույն ժամանակ մանուֆակտուրայի գործը կազմակերպելով։ Տղամարդկանց աշխատանքը կապված է մեծ ծախքերի հետ, նրանց արհեստը կարելի է ասել, որ միայն հողագործությունն է։ Հարկավոր է նույնպիսի աշխատանքներ ստեղծել, որոնցից պետությունն էլ կարողանա օգտվել։ Այստեղ ի նկատի ունեն Սևանա լճի մակերևույթը 1 մետրով բարձրացնել, Էջմիածնի առուն խորացնել և այլ նման հանրօգուտ աշխատանքներ։ Բժշկա-սանիտարական գործի մասին կոմիսիան դեռ ոչինչ չի արել։

Զեկուցումից հետո նախագահը հայտարարում է ընդմիջում 15 րոպեով։

Ընդմիջումից հետո խոսք է վերցնում պատգամավոր Ազատյանը, ասելով, որ այս զեկուցման քննությունը միայն իմաստ կունենար, երբ կառավարության ներկայացուցիչները այստեղ լինեին, որպեսզի նրանք պարզեին, թե ի՞նչ է արված այդ խնդրի վերաբերմամբ մինչև հիմա։ Այսպիսի հանգամանքներում, ասում է պատգամավոր Ազատյանը, անհնարին է խաղաղ գործունեությամբ պարապել, քանի կառավարությունը վերևից է նայում այս Խորհրդի վրա և չի հաճախում այն նիստերին, որոնք ունեն մեծ կարևորություն երկրի համար։

Պատգամավոր Սարգսյանը փաստացի ուղղում է մտցնում, հայտնելով, որ կառավարության անդամները Խալիլ փաշայի հետ կարևոր խորհրդակցություն ունեն, ուստի և զուրկ են հնարավորությունից այս նիստին ներկա գտնվելու։

Պատգամավոր Խաչատրյանը բողոքում է Ազատյանի տոնի դեմ, գտնելով, որ այդ տոնով չէ, որ պետք է խոսվի պառլամենտական ամբիոնից. Նա գտնում է, որ նման ճառերը էժանագին ծափահարություններ վաստակելու դիտումով են արտասանում, մի բան, որ վայել չէ ժողովրդի ներկայացուցչին։

Պատգամավոր Ազատյանը նորից խոսք խնդրելով հայտնում է, որ իր տոնը հետևանք է կառավարության դեպի Խորհուրդը ունեցած վերաբերմունքի, որ ներքին գործոց նախարարը մինչև այժմ դեռ հաշիվ չէ ներկայացրել այն երեք միլիոնի մասին, որ ժողովրդական կասսայից տված է նրան (ծափահարություններ դահլիճում)։ Պատգամավոր Խաչատրյանը հիշեցնում է պ. Ազատյանին, որ նրա կուսակիցներին Սեյմում առանց նախահաշիվ ներկայացնելու ավանս բաց թողնվեց, և այն էլ ոչ թե 3, այլ՝ 100 միլիոն։ Ինչո՞ւ պ. Ազատյանը այդպիսի տոնով չէր բողոքում իր ընկերների դեմ։ Միթե այն 100 միլիոնը ժողովրդական դրամ չէր (Ծափահարություններ)։

Պատգամավոր Մուշեղյանը էսէռների ֆրակցիայի կողմից անտակտ է անվանում այդպիսի հարձակումները իրար վրա։ Նրա կարծիքով մեղավորը Դաշնակցության ֆրակցիան է, որը ամեն քայլափոխում պաշտպանում է կառավարությանը։ Նա մեղադրում է և Ազատյանին, որ նա իր խոսքի մեջ միշտ էլ կիրք է մտցնում։ Նա հայտնում է, որ իրենց կուսակցությունը կանգնած է գործնական օպոզիցիայի հողի վրա և եկել է վերականգնելու հին Ռուսաստանը (Ծափահարություններ)։

Պատգամավոր Մխիթարյանը տեղից էսէռներին անվանում է դավաճաններ։ Պ. Մուշեղյանը նույնը վերադարձնում է Ժող. Կուսակցությանը, հայտնելով, որ իրենց ֆրակցիան դեմ է Հայաստանի անկախությանը։

Պատգամավոր Ղազարյանը բողոքում է Ազատյանի տոնի դեմ, դարձնելով նրա ուշադրությունը ներքին գործոց մինիստրի հայտարարության վրա, որ գաղթականական և պարենավորման գործերի վարիչներին՝ Մարգարյանին և Թամամշյանին նա սպասում է Թիֆլիսից, որ նրան կարծիքով այդ մարդիկ միայն կարող են գործը կանոնավոր հիմունքների վրա դնել։ Ապա նա գտնում է, որ Հայաստանի Խորհրդի բոլոր ներկայացուցիչները պետք է ունենան միայն մեկ օրիենտացիա. դա հայկական օրիենտացիան է։ Վերադառնալով գաղթականական հարցին՝ քվեարկության է դրվում սոցիալ-դեմոկրատների բանաձևը, որը և անցնում է 31 ձայնով։ Բանաձևը առաջարկում է շուտափույթ օգնություն հասցնել որբերին և կազմակերպել աշխատանքի գործը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives