Սարդարապատի կռվի օրերին որոշում են մարտադաշտի զինվորներին տիկերով ջուր հասցնել, ինչի համար Երևանի բնակիչներից վերցնում են մի քանի հարյուր ավանակ։ Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին օգնության համար դիմում է փաստաբան Ենգիբարյանին, որը փայլուն կերպով կատարում է այդ առաջադրանքը։
«Հանկարծ հիշեցի, որ փաստաբան Ենգիբարյանը, հիսուն տարեկան մի մարդ, հաճախ գալիս էր և խնդրում Արամին, որ հայրենիքի ծառայության համար էլ մի աշխատանք տրվի։ Արամն ասում էր՝ «լավ, լավ», բայց միշտ մոռանում էր։ …Հեռախոսեցի Ենգիբարյանին, որ անմիջապես գա կոմենդատուրա։
Չանցավ 15 վայրկյան, և հերթապահը հայտնեց, թե Ենգիբարյանը եկել է։
Նա ներս մտավ հուզված և գոհ ժպտալով.
— Պարոն Ենգիբարյան,— ասացի,— մեր ջուրը վտանգված է։ Ձեզ կպատմեմ հետո մանրամասնությունները։ Անմիջապես ասեմ, որ պետք է գտնել 200 էշ մեզ համար։
— Երևանում է՞շն է պակաս, 200 էլ կգտնեմ, 400 էլ։
— Ուրեմն դուք այդ գործով զբաղվեցեք։
— Բայց մի վավերաթուղթ եմ ուզում, որ կարողանամ այդ պաշտոնագրով զինվորական գրավման ենթարկել էշերը։
— Այդ թուղթը կտամ, իհարկե։
Հանձնարարեցի քարտուղար սպային, որ անմիջապես պատրաստի այդ թուղթը հետևյալ բովանդակությամբ. «Պրն. Ենգիբարյանը այս հրամանագրի հիման վրա նշանակված է էշերի կոմիսար։ Առաջարկում եմ գոհացում տալ նրան»։
Ենգիբարյանը ասաց.
— Մի քիչ անհարմար է այդպիսի գրությունը։ Բայց ոչինչ, հայրենիքի համար կընդունիմ նաև էշերի կոմիսար դառնալ։
Սեղմեցի նրա ձեռքը և ասացի՝ «դեպի աշխատանք»։ 24 ժամ հետո 600 էշ կանգնած էին Մալխասյանի տրամադրության տակ, կայարանում»
(Արշավիր Շահխաթունի, Սարդարապատի հերոսամարտը և մահափորձ Արամ փաշայի դեմ։ Արամը, Երևան, 1991թ.)