November 27, 2024

Կովկասի բանակին և բնակչությանը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Արև, 28 նոյեմբերի, 1917թ., թիվ 243

Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարը մեր դեմ կանգնած թուրքական բանակի հրամանատարից առաջարկ ստացավ զինադադարի մասին բանակցությունների մեջ մտնելու:

Անդրկովկասյան Կոմիսարիատը երկրի Բ. Զ. և Գ. Խորհուրդների կենտրոնի և Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատարի լիակատար համաձայնությամբ վճռեց ընդունել այդ առաջարկը և բանակցությունների մեջ մտնել ռազմական գործողությունները դադարեցնելու՝ զինադադարի հիմունքները մշակելու համար:

Անդրկովկասյան Կոմիսարիատը իր վրա առավ այս ծանր ու դժվարին խնդրի լուծումը, որովհետև ներկա րոպեին չկա մի կենտրոնական, ամենից ճանաչված կառավարություն և քաղաքացիական պատերազմի հետևանքով քայքայված է գերագույն հրամանատարի կայանը:

Երկրի կենտրոնի հանձնարարությամբ մեր ձեռքն առնելով իշխանությունը, մենք խոստացանք, որ Կովկասյան բանակը ոչ մի ավելորդ ժամ չի պատերազմիլ և միշտ միությունը կպահպանի ռուսական ճակատի հետ:

Թուրքական հրամանատարին տված պատասխանի հետ միաժամանակ այդ մասին հաղորդված է Միջագետքի անգլիական բանակին:

Հասնում է մեծ րոպեն Ռուսաստանի և ազգերի պատմության մեջ:

Մեր հանգստությունից, կազմակերպված և համախմբված լինելուց է կախված մեր հեղափոխական հայրենիքի և ապագա սերունդների վիճակը:

Զինադադարի ժամանակ կգումարվի Համառուսական Սահմանադիր ժողովը, որ կմշակի հաշտության պայմանները, արդարացի, դեմոկրատական հաշտության, և կառաջարկի բոլոր կռվողներին: Պատերազմը ծնեց հեղափոխություն, մեծ հեղափոխությունը կոչնչացնի պատերազմը:

Ընկեր զինվորներ ու սպաներ: Դարձյալ մի ջանք: Անսասան, աչալուրջ ու արիաբար պահպանեցեք ձեր դիրքերը:

Ամեն մի փոփոխություն ռազմաճակատում անհնարին կդարձնի բանակցությունները զինադադարի մասին:

Անդրկովկասի քաղաքացիներ: Մենք դիմում ենք ձեզ պահանջելով լարել բոլոր ուժերը, որ զինադադարի ժամանակ ևս, ինչպես և պատերազմի ժամանակ, ռազմաճակատը բոլոր անհրաժեշտ մթերքները ստանա, հենց թեկուզ ձեր զրկանքի հաշվին:

Ամենքը դեպի աշխատանք: Ամենքը դեպի գործ՝ շինելու համար նոր խաղաղ կյանք, որի արշալույսը վառվում է մեզ վրա: Հետևում են Անդրկովկասյան Կոմիսարիատի բոլոր անդամների ստորագրությունները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives