November 27, 2024

Համբարձում Առաքելյանի սպանությունը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Մշակ», 9 հուլիսի, 1918թ., թիվ 131

Հուլիսի 6-ին, երեկոյան ժամը 8-ին, իր բնակարանում չարագործների ձեռքով սպանվեց «Մշակի» խմբագիր-հրատարակիչ Հ. Առաքելյան:

Սպանությունը կատարվել է հետևյալ պայմաններում:

Դեռ ժամը 6-ին, ականատեսի ասելով, հանգուցյալի տան շուրջը, Ժուկովսկայա փողոցի և Կոսոյ նրբափողոցի անկյունում, պտտում են եղել երեք հոգի, երկուսը փափախով, զինվորական ֆրենչի հագած, երկարաճիտք կոշիկներով, իսկ երրորդը՝ ֆուրաժկայով և մոխրագույն պիջակով: Դրանք մի քանի անգամ հարցրել են Առաքելյանին, բայց այդ միջոցին նա բացակայում էր:

Առաքելյան ամուսինները վերադառնում են ժամը յոթևկեսին ավտոմոբիլով: Ութից կես ժամ հետո, երբ իր կաբինետում նստած աշխատում էր հանգուցյալը, ոճրագործները մոտենում են բակի մուտքին. մեկը սպասում է դարպասի առջև, իսկ երկուսը ներս են մտնում բակը հետին մուտքից և խնդրում աղախնին կանչել Հ. Առաքելյանին, ասելով, թե շատ կարևոր տեղեկություններ ունեն հաղորդելու Չանախչի գյուղի սպանվածների և մասնավորապես բժ. Շահպարոնյանի որդու մասին:

Հ. Առաքելյան դուրս է գալիս և մի երկու րոպեից հետո, երկուսին էլ հրավիրում է իր կաբինետը:

Համբարձում Առաքելյան

Տիկինը հետևում է նրանց մինչև կաբինետ և հարցնում բժ. Շահպարոնյանի որդու մասին: Բայց չարագործները խուսափում են պատասխանել, այնպես որ տիկինը հեռանում է կաբինետից և անցնում բակի կողմը: Թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել հանգուցյալի և չարագործների միջև, այդ որոշ հայտնի չէ, միայն տիկնոջ խոսքերից պարզվում է, որ չարագործները որպես ականատեսներ պատմելիս են եղել մանրամասնություններ Չանախչիի շրջանում կոտորված զինվորականների և փախստականների մասին:

Տասը րոպե չանցած լսվել է ատրճանակի երեք հարված:

Բակի կողմի պատշգամբում նստած տիկնոջ համար թվացել է, որ գնդակները արձակվել են փողոցում, ու նա առանձնապես չէ կասկածել, մինչև որ չարագործները դուրս են գալիս հետին մուտքից:

Չարագործները կաբինետից դուրս գալուց հետո տիկինը վերադառնում է կաբինետ իմանալու, թե ինչ նորություններ են պատմել այդ մարդիկ: Եվ ահա այնտեղ տիկնոջ աչքերի առաջ պատկերանում է սոսկալի տեսարան:

Հ. Առաքելյանը իր նստած տեղից ընկել էր անշնչացած, արյունաշաղախ: Գնդակներից երկուսը կպել էին գլխին: Մահը տեղի էր ունեցել վայրկենապես: Տիկինը սարսափահար աղաղակ է բարձրացնում: Այդ միջոցին աղախինը, տիկնոջ աղաղակներից կռահելով ինչ-որ վատ բան, հեռացող չարագործներից մեկի առաջը կտրելով բռնում է նրա օձիքից, արգելք հանդիսանալու նրա փախուստին, բայց ոճրագործը՝ ատրճանակը ուղղելով աղախին վրա՝ կտրուկ կերպով սպառնում է նրան ևս սպանել, եթե նա արգելք հանդիսանա իր փախուստին:

Մինչ հավաքվում են հարևաններն ու միլիցիոներները, չարագործները դուրս են գալիս և Ժուկովսկայա փողոցով անհայտանում:

Միլիցիայի ներկայացուցիչը զոհի մարմինը փոխադրեց անմիջապես Միքայելյան հիվանդանոց: Սպանությունը կատարված է ոչ կողոպուտի նպատակով և ոչ էլ անձնական հողի վրա: Ամենայն հավանականությամբ՝ դեպքը կապ ունի հանգուցյալի քաղաքական-հասարակական գործունեության հետ: Կաբինետում գտնված են մաուզերի չորս դատարկված փամփուշտներ: Չարագործները եղել են հայեր, աղախին հետ խոսել են ռուսերեն, իսկ տանը խոսելիս են եղել հայերեն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives