November 27, 2024

Բացառիկ ծանր պայմաններ

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Զանգ», 7 օգոստոսի, 1918թ., թիվ 43

3 օգոստոսի, 1918թ.

Բացառիկ ծանր պայմանների մեջ գործի է անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր ծնունդ է առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում. նա չի հաջորդում նախկին կառավարության՝ շարունակելու արդեն ընթացքի մեջ դրված պետական աշխատանքը, նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության կարիքներին հարմարեցված պարտադիր ապարատներ: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից, անձև քաոսից և ավերակների կույտից, նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին:

Մյուս կողմից՝ կառավարությունը գտնում է երկիրը այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն՝ կատաստրոֆային:

Չորս տարի տևող պատերազմը, մեծ հեղափոխությունը, ռուսական զորքերի անկանոն նահանջը մեր սահմաններից, կայսրության տարրալուծումը, պատերազմական ճակատի վրա կրած մեր պարտությունները, տերիտորիաների կորուստը, Անդրկովկասի բաժանումը անջատ պետությունների — այս խորին ցնցումները չէին կարող չթողնել իրենց հետևից ահռելի հետքեր: Տնտեսական կյանքի ու ֆինանսական դրության կատարյալ քայքայում, դադարում ապրանքների արդյունաբերության և փոխառության, կենսամթերքների ծայր աստիճան պակասություն, ամենաանհրաժեշտ առարկաների բացակայություն կամ սոսկալի թանկություն, ներմուծման բացարձակ ընդհատում, երկաթուղային հաղորդակցության դադարում, երթևեկության ուրիշ միջոցների պակասություն, ապա հարյուր հազարներով հաշվող անտուն և անսնունդ գաղթականություն, անապահով կացություն սահմանների վրա և որպես անխուսափելի հետևանք այս բոլորի՝ անիշխանություն: Ահա թե ինչպիսի ծանր պայմանների մեջ կանչվել է աշխատանքի իմ կառավարությունը:

Այս բացառիկ դրությունը նախորոշում է արդեն կառավարության բնույթը: Նա չի կարող ձգտել բազմակողմանի ու լրիվ գործունեության, չի կարող ունենալ լայն ծրագիր և սահմանափակվելու է ամենաանհրաժեշտ ու միանգամայն անհետաձգելի խնդիրներով:

Կասեցնել քայքայման պրոցեսը, հանել երկիրը անիշխանական վիճակից ու ստեղծել պետական շինարարության համար անհրաժեշտ պայմաններ,— ահա թե ինչպես է ըմբռնում իր կոչումը ներկա կառավարությունը:

Համաձայն սրան, կառավարությունը դնելու է լուծման հետևյալ խնդիրները.

Ա. Ներքին գործերի սահմանում

  1. Հաստատել երկրում տարրական իրավակարգ, կյանքի և գույքի ապահովություն:
  2. Բանակ հաղորդակցության ճանապարհները անարգել երթևեկության համար:
  3. Վերականգնել փոստ-հեռագրական նորմալ հաղորդակցություն թե երկրի մեջ, թե հարևան պետությունների հետ:
  4. Եռանդուն միջոցների դիմել կարելվույն չափ մեղմացնելու պարենավորման տագնապը:
  5. Տնօրինել գաղթականների և փախստականների վիճակը մասամբ վերադարձնելով իրենց նախկին տեղերը, մասամբ տեղավորելով նոր վայրերում:
  6. Նախապատրաստել Հայաստանի սահմանադիր ժողովի հավաքումը կարելվույն չափով շուտ:

Բ. Ֆինանսների սահմաններում

Հող պատրաստել սեփական դրամական սիստեմի հիմքը դնելու համար: Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երկիրը ապահովվի դրամական նշաններով, վերականգնի արդյունաբերական կյանքը և ապրանքների փոխանակությունը, ինչպես նաև մշակվի հարկերի առողջ սիստեմ:

Գ. Արդարադատության սահմաններում

Հարմարեցնել դատարանը երկրի քաղաքացիական իրավահասկացման և իրավական սովորույթների պայմաններին, միաժամանակ մասնակից անելով քրեական դատավարությունը ժողովրդի ներկայացուցիչներին:

Դ. Զինվորական գործերի սահմաններում

Վերականգնել երկրի զինվորական ուժերը, նպատակ ունենալով ստեղծել թվով ոչ մեծ, բայց ոգով ու կարգապահությամբ ուժեղ բանակ:

Ե. Արտաքին գործերի սահմաններում

Ամրացնել Օսմանյան կայսրության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որոնք մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես լուծել օսմանյան զորքերի մեր երկրից դուրս բերելու հարցը և գաղթականների վերադարձը:

Ատրպատականի և Վրաստանի հետ փոխադարձ համաձայնության գալով, լուծել Հայաստանի և այդ պետությունների սահմանների հարցը, հիմք ունենալով էթնիկական սկզբունքը՝ իբրև միակը, որը համապատասխանում է ռամկավար պետությունների ոգուն և նպատակներին:

Լիկվիդացիայի ենթարկել, համաձայնության գալով Ատրպատականի և Վրաստանի հետ, ընդհանուր հիմնարկությունները և գույքը, որ մնացել են Անդրկովկասյան հանրապետությունից:

Այս է կառավարության ծրագիրը: Սա կարող է անվանվել պետության գոյությունը ապահովեցնող ամենաանհրաժեշտ գրավականների ծրագիր: Պարզ է, որ նա չի ընդգրկում երկրի բազմազան կարիքները իրենց ամբողջությամբ, որ նրա սահմաններից դուրս մնում են մի շարք կարևոր և արդեն հասունացած խնդիրներ: Բայց կառավարությունը չի դնում հերթի այդ խնդիրները, որովհետև նրանց լուծումը այսօրվա պայմանների մեջ համարում է անկարելի: Կառավարությունը չի ուզում սխրանքների մեջ գցել երկիրը լայն հեռանկարներով և անիրագործելի խոստումներով, չի ուզում վերցնել իր վրա պարտավորություններ, որոնց կատարումը վեր է իր ուժերից: Կառավարությունը համոզված է, որ իր առաջադրած ծրագիրը maximum է այսօրվա հնարավորության, կառավարությունը լարելու է իր ամբողջ ուժն ու կարողությունը այդ maximum-ին հասնելու և հույս ունի հաջողությամբ լուծելու դրած խնդիրների գոնե մի մասը, եթե իր կողմն ունենա Խորհրդի անվերապահ վստահությունը և գործոն աջակցությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives