«Մշակ», 10 օգոստոսի, 1918թ., թիվ 157
Քաղաքացիներ, պատգամավորներ Հայաստանի Խորհրդի:
Գերագույն Հայոց Ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի և հայտարարել, որ այսուհետև սա է միակ լիազոր մարմինը՝ ամփոփող իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:
Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում, ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման:
Այս օրը կմնա միշտ հիշատակելի և այն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի տակ գեղեցիկ երազանքն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անօրինակ դժվարին պայմաններում:
Ենթադրելով, որ մեր երկրի անկախության հարցի հետ շատերը ձեզանից լավատեղյակ չեն, ես հույժ կարևոր եմ գտնում այս բարձր ժողովին ներկայացնել այն փուլերը, որոնցով անցել է սկզբից մինչև իր վերջին ձևակերպումը անկախ պետությունների գաղափարը Անդրկովկասում:
Մեր հանրապետությունը, ինչպես և մյուսները հանդես եկան իբրև անկախ պետություններ այն օրից, երբ Անդրկովկասյան Սեյմը մայիսի 26-ի իր պատմական նիստում իրեն հայտարարեց կազմալուծված, վրաց սոց.-դեմոկրատ ֆրակցիայի նախաձեռնությամբ և առաջարկությամբ, նույն օրն իսկ Վրաստանը հայտարարեց իրեն անկախ:
Անդրկովկասի ամբողջությունը փլվելուց հետո մեր երկիրը թողնված էր իր բախտին, ուստի Հայոց Ազգային Խորհուրդը շտապեց իր վրա վերցնել կառավարության բոլոր ֆունկցիաները:
Հենց այդ ժամանակն էր, երբ ստացվեց օսմանյան կառավարության բոլորին հայտնի ուլտիմատումը նոր տերիտորիալ գրավումների մասին և պահանջվում էր պատասխան 48 ժամվա ընթացքում: Գերագույն Խորհրդի կողմից անմիջապես առանձին պատվիրակություն ուղարկվեց Բաթում, հանձինս Ռ. Քաջազնունու, Մ. Պապաջանյանի և Ա. Խատիսյանի, տալով նրան արտակարգ լիազորություններ՝ բանակցություններ վարելու դելեգացիայի հետ:
Մեր պատվիրակությունը աջողեցրեց որոշ ուղղումներ մտցնել սահմանների մեջ, բայց և այնպես ստիպված էր ընդունել ուլտիմատումը և խաղաղության դաշինք կնքել Վեհիբ փաշայի և Խալիլ բեյի հետ: Այստեղ առաջին անգամ Հայոց Ազգային Խորհրդի պատգամավորները պաշտոնապես ճանաչվեցին իբրև ներկայացուցիչներ անկախ Հայաստանի և ստորագրեցին հունիսի 4-ի դաշինքը իբրև այդպիսիներ:
Մեր պետության անկախության մասին հայտնել է նույնպես Թուրքիայի դաշնակից պետություններին՝ Գերմանիային, Ավստրիային և Բոլգարիային Պոլսում մեր երկրորդ դելեգացիան, որի մեջ մտնում են Ա. Ահարոնյան, Ա. Խատիսյան և Մ. Պապաջանյան, որոնք ուղևորվել են այնտեղ օսմանյան կառավարության հրավերով բանակցություններ վարելու Թուրքիայի և նրա դաշնակից պետությունների հետ:
Այդպիսով, բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը և այն հանգամանքները, որոնց մեջ գտնվում է ժողովուրդը և մյուս կողմից քաղաքական և տնտեսական ստեղծված դրությունը, Հայոց Ազգային Խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց վերջնականապես ընդունել ուլտիմատումը և ճանաչել Հայաստանի անկախությունը, իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին:
Այո, մեր հանրապետությունը փոքր է ու նեղ իր սահմաններով, նա զրկվել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մեջ տեղավորել ամբողջ ազգաբնակությունը և կարծես թե պայմաններ չունի անկախ գոյության համար:
Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե օրենքի ուժով, մեր արդար և անվիճելի իրավունքների պաշտպանությամբ գրաված հողամասերի վերաբերմամբ և նոր բարեկամական դաշինքով Թուրքիայի ու նրա դաշնակից պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ: Մենք ընտրել ենք համաձայնության և խաղաղության ուղին և ուզում ես հուսալ, որ չենք սխալված:
Մինչ այդ, մենք կկատարենք սրբությամբ և անշեղ կերպով այն մեր պարտականությունները, որոնք բխում են խաղաղության դաշինքից: Թողնենք ապագա պերսպեկտիվները, համենայն դեպս, այսօր այստեղ առանց տատանումների և լիակատար վճռականությամբ մենք գցում ենք խարիսխը մեր պետական նավի և դնում ենք հիմքը պետական շենքի՝ ձգտելով միշտ կատարելագործել նրան ի բարօրություն Հայաստանի Հանրապետության բոլոր ազգությունների, իբրև զավակների մեկ հարազատ մայր հայրենիքի:
Ինչ վերաբերում է կառավարությանը, նա վերջնականապես կազմվեց այստեղ մինիստր-նախագահ Ռ. Քաջազնունու կողմից Գերագույն խորհրդի հանձնարարությամբ և, ինչպես հայտարարված էր, նա արդեն դիմել է իր պետական գործունեության: Կազմակերպված է վերջնականապես և Հայաստանի Խորհուրդը, իբրև երկրի օրենսդիր բարձր մարմին, համաձայն որոշման խառն նիստի գերագույն Ազգային Խորհրդի և Երևանի Ազգային Խորհրդի, նա կազմվել է Գերագույն խորհրդի 12 անդամներից եռապատկված թվով, ավելացնելով դրան երկու չեզոքներ: Ֆրակցիաները ներկայացված են Հայաստանի Խորհրդում նույն պրոպորցիայով, ինչպես և Գերագույն Խորհրդում: Ընդամենը հայ պատգամավորների թիվը 38 է: Բացի հայ պատգամավորներից, Գերագույն խորհուրդը պարտավոր համարեց իրեն իսկույն ևեթ մտցնել Հայաստանի Խորհրդի կազմի մեջ և ներկայացուցիչներ այն ազգությունների, որոնք փոքրամասնություն են, ինչպիսիք են՝ մուսուլմանները — 6 պատգամավոր, ռուսներ — 1 և եզիդիներ — 1: Այսպիսով Հայաստանի Խորհրդի կազմի մեջ մտնում են ընդամենը 46 պատգամավոր, որոնց ցանկը իսկույն կհայտարարեմ: Չեմ կարող չդիմել օտարազգի պատգամավորներին և հայտնել նրանց, որ փոքրամասնության իրավունքները մենք առանձնապես գնահատում ենք ու պաշտպանում և այդ իսկ պատճառով մեր սրբազան պարտքը համարեցինք հենց Հայաստանի Խորհրդի առաջին նիստից ապահովել ձեր մասնակցությունը:
Ես ի բոլոր սրտե ողջունում եմ ձեզ և անչափ ուրախ եմ, որ դուք լծվել եք մեզ հետ ընդհանուր հայրենիքի անդաստանը մշակելու և երկրի շինարար գործը առաջ տանելու:
Հանձնելով ձեզ երկրի բախտը, ես ոգևորված եմ նույնպես և այն մտքով, որ դուք մեր մատաղ հանրապետության մեջ կմարմնացնեք քաղաքական ազատությունները և սոցիալական արդար պահանջները աշխատավոր մասսաների, որովհետև մենք կռվել ենք, նահատակվել ենք հանուն այդ մեծ գաղափարների, ու նրանց իրականացման մեջ ենք տեսնում կյանքի գեղեցկությունը և նրա բարձր նպատակը:
Սպառված համարելով իմ օարտականությունները իբրև նախագահ Գերագույն Խորհրդի և աջողություն ցանկանալով ձեզ ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, առաջարկում եմ ընտրել նախագահ Հայաստանի Խորհրդի: