Մշակ, 11 հունիսի, 1918թ., թիվ 109
«К. Слово»-ի թղթակիցը Գանձակից գրում է.
Մայիսի 30-ին Նուրի փաշայի հրավերով նրա մոտ եղավ հայկական մի պատգամավորություն, բաղկացած երդվ. հավ. Պ. Խոջայանից, Հ. Մելիք-Բեգլարյանից, Լ. Մնացականյանից, Գ. Մելքոնյանից և ուրիշներից: Պատգամավորներից մեկի ասելով, Նուրի փաշան պատգամավորությանը ընդունեց սիրալիր կերպով ու գործեց նրանց վրա բավական հաճելի տպավորություն:
Զրույցը տեղի ուներ թուրքերեն, որ թարգմանում էր Ուսուֆբեկովը: Նուրի փաշան շոշափեց իմիջիայլոց այն անկարգությունները, որոնք նկատվեցին վերջերս Գանձակում: Այդ անկարգությունները պետք է վերջանան, հայտնեց Նուրի փաշան և հարևան հայերի և մահմեդականների միջև պետք է հաստատվի խաղաղություն: Նուրի փաշան հայտնեց, թե ինչպես հայերի, այնպես և մահմեդականների վերաբերմամբ ևս կկանգնի չեզոք հողի վրա և թե շուտով սպասվում են թուրքական զորքեր, որոնք կգնան Բաքվի ուղղությամբ:
Քիչ չապշեցրեց Նուրի փաշային վերջին հրացանաձգությունը, որտեղի ունեցավ հայերի և մահմեդականների միջև թուրքերից անասուններ քշելու ժամանակ: Փաշան խնդրեց վերադարձնել թուրքերից խլված անասունները: Միաժամանակ Նուրի փաշան հայտնեց, որ եթե հայ ընտրյալները անզոր են կարգ ու կանոն մտցնել քաղաքի հայկական մասում, ինքը կուղարկի ասկյարներ օֆիցերների գլխավորությամբ միասին գործելու համար:
Վերջում Նուրի փաշան խնդրեց հայ պատգամավորությանը միջոցներ ձեռք առնել շուտափույթ հաշտեցնելու հայերին և թուրքերին և որ ինքը իր կողմից կաշխատի այդ հաշտությունը գլուխ բերել:
Հայ պատգամավորությունը շնորհակալություն հայտնեց Նուրի փաշային բարի ցանկությունների համար, խնդրեց բանալ ճանապարհը դեպի Գանձակ կայարանը, հայտնելով նաև, որ հայերը ոչ մի թշնամություն ազգային հողի վրա դեպի տեղական մահմեդականները չունեն և որ վերջին էքսցեսները կրում էին անիշխանական բնույթ: Պատգամավորությունը խնդրեց փաշային կարգադրել ազատել այն երկու հայուհիներին, որոնք գերվել են մի քանի ժամ առաջ մահմեդականների ձեռքով:
Նուրի փաշան խոստացավ միջոցներ ձեռք առնել վերջ դնելու տեղական հայերի և թուրքերի երկպառակություններին և իսկույն կարգադրեց քննել հայուհիներին գերելու գործը: Շնորհակալություն հայտնելով Նուրի փաշային դեպի քաղաքի հայ ազգաբնակությունը ցույց տված ուշադրության համար, հայերի պատգամավորությունը ասկյարների ուղեկցությամբ վերադարձավ քաղաքի իր մասը:
* * *
Լուրեր
Երկաթուղային երթևեկությունը վերականգնելու նպատակով Վեհիբ փաշան թուրք օֆիցերների ձեռքով Գանձակի և Երևանի նահանգի մուսուլմանությանը ֆերման է ուղարկել, որի մեջ ասվում է, որ հաշտությունը կնքված է, որ պետք է թշնամական վերաբերմունքը դեպի հայերը վերացնել և որ հայերին սպանելն արգելվում է: