Մշակ, 22 հունիսի, 1918թ., թիվ 118
ԹԻՖԼԻՍ, 23 հունիսի.— Անդրկովկասյան Հեռագրական գործակալության հատուկ թղթակիցը, որ ներկայումս գտնվում է Բաքվի զորագծի մոտ, հետևյալ տեղեկություններն է հաղորդում փոստով և առանձին սուրհանդակի միջոցով:
Գանձակը Նուրի փաշայի կարգադրությամբ վերանվանված է Գյանջա: Կայարանում հին անուններով ռուսական ցուցանակները իջեցված են և փոխարինված են թուրքերենով:
Եվլախում թուրքական զինվորական իշխանությունները հսկողություն են նշանակել Կուրի կամուրջով դեպի Բաքու զորաճակատը անցնողների վրա:
Արեշի գավառից հաղորդում են, թե հացահատիկի գները, որի փութը վերջերս ծախվում էր 110 ռուբլով, արագությամբ ընկնում են: Շուկաներում նոր բերքի հացահատիկը երևալուց հետո գները ընկան մինչև 38 ռուբլի փութին, ցորենի փութը այժմ այնտեղ արժե 4 ռուբլի:
Դեպի Բաքու մեկնող թուրք զորքերի հրամանատարն է Նազիմ փաշան: Լույս հունիսի 19-ի գիշերը հատուկ գնացքով, որի երկու տախտակամածի վրա դրված էին շտաբի ավտոմոբիլները, զորաճակատ մեկնեց Նուրի փաշան: Նրան ուղեկցում է մահմեդական զորաբանակի հրամանատար գեներալ Շիխլինսկին:
Թուրքաց զորամասերը, Քյուրդամիրից փախած մահմեդականների պատմելով, ափ են իջել Բորբուլետում, Մյուսյուլիում և Ուջարում: Մի մասը դիմել է երկաթուղագծից դեպի հյուսիս, մյուս մասը դեպի հարավ: Մյուսյուլիում մնացած զորաբաժինը սկսել է կռիվը Քյուրդամիրը գրաված Բաքվի զորքերի դեմ:
Հունիսի 16-17-ին Մյուսյուլիի մոտ գտնվող կայարանում լսելի էր թուրքական թնդանոթների կրակի ձայնը երբեմն-երբեմն: Կռվի հետևանքը հայտնի չէ:
Մահմեդական զորաբանակի ամբողջ արտիլերիան ներկայումս կենտրոնացած է զորաճակատում և ենթարկված է թուրքական շտաբին: Գանձակից Բաքու զորաճակատը եկած թուրքական զորքերի ընդհանուր թիվը 5000-ից չի անցնում: Հունիսի 18-ին Ուջարից եկած ճանապարհորդական գնացքով Գանձակ ուղարկվեց թուրք վիրավորվածների առաջին խումբը:
Աղդաշի մահմեդական ազգաբնակությունը ուղարկեց Բաքվի վրա արշավող (Շամախու ուղղությամբ) թուրք զորքերին Աղդաշում և Արեշի գավառում ժողովված ընծաները:
Գանձակ է եկել գերմանական մի օֆիցեր, որ ուղարկված է Թիֆլիսի գերմանական դեսպանատան կողմից՝ քննելու համար ավստրիական օֆիցեր Բրինդերին թուրք ավազակների ձեռքով գերելու հանգամանքները: