November 27, 2024

Հիմարություն

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Մշակ», 5 սեպտեմբերի, 1918թ., հինգշաբթի, թիվ 177

Ալեքսանդր Շիրվանզադե

Թիֆլիսը ցնորվել է: Այն քաղաքը, ուր կյանքն այնքան հանգիստ էր, այնքան խաղաղ և այնքան տաղտկալի, դարձել է տոնավաճառանոց: Փոքրիկ գավառական քաղաքը ընդունել է մի տեսակ մայրաքաղաքի կերպարանք: Ոչ իր ներքինով, այլ իր արտաքինով: Ոչ իր համալսարաններով, թատրոններով, գրական, քաղաքական, գեղարվեստական ակումբներով, այլ իր ճաշարաններով, թեյատներով, կինեմոներով, օպերետներով, գինետներով և զեխության ու շռայլության այլ և այլ տեսակի հիմնարկություններով:

Կարծես, որքան բարձրանում է թանկությունը, այնքան ավելի է զարգանում մարդկանց ուտել-խմելու ախորժակը, որքան ընկնում է դրամի արժեքը, այնքան բարձրանում է կյանքի, այսինքն բուսական կյանքի, արժեքը: Հազիվ թե մարդկային ստամոքսն երբևէ այնպես գործած լինի, որպես այժմ, հազիվ թե մարդիկ այնքան ոգելից ըմպելիքներ լինեն գործածած Թիֆլիսում, որ ինքնըստինքյան եղել է գինու տիկ, որքան այժմ…

Կառավարությունը վառելիքը խնայելու նպատակով հրամայում է էլեկտրական լույսը կրճատել, մարդիկ ուտում-խմում են մոմերի լույսով: Հանգցնել են տալիս մոմերը, մարդիկ ուտում ու խմում են կլուբների մութ ծառուղիներում: Փակում են մի զվարճատուն, բացվում է մյուսը, մի տեղ արգելու են արբել, մարդիկ վազում են մի ուրիշ տեղ, և սկսում են արբել ավելի մեծ եռանդով, քան առաջ:

Եվ ո՞վ է ուտողը, խմողը, զվարճացողը: Կարծում եք բուրժուազիա՞ն, կապիտալիստնե՞րը, միլիոնատերե՞րը: Քավ լիցի: Նրանք հեռացել են ասպարեզից, քաշվել են իրենց տները, այլևս նրանց կառքերն ու օթոմոբիլները չեն սլանում փողոցներում: Գուցե ինտիլիգենցիա՞ն: Ամենևին: Նա նույնպես չի երևում ժամանակի հրապարակի վրա: Նրա օսլայած ճխլվել է, գլխարկը գունատվել, կոշիկները պատառոտվել են: Նա ամաչում է երևալ: Ամաչում է երեկվա իր դերձակից, գավթապահից, դռնապանից, խոհարարից ու աղախնից: Նա նույնպես քաշվել է մի անկյուն և իբրև վկա դիտում է կյանքը… բուսական ու անասնական կյանքը: Իսկ ասպարեզը մնացել է մրգավաճառներին, մսագործներին, կառապաններին, շոֆերներին, կոշկակարներին, նույնիսկ կոշիկ սրբողներին, նաև մեծ ու փոքր սպեկուլյանտներին: Դրանք են, որ այսօր հագեցնում են հրեշային թանկության հրեշային ախորժակը, նրանց ևս ունենալով նույնչափ հրեշային ախորժակ: Դրանք են, որ չեն սակարկում, գնում են ինչ գնով էլ որ լինի, անտրտունջ և անբողոք, ինչո՞ւ: Որովհետև իրենք էլ թշնամի են տրտնջացողներին և բողոքողներին:

Թիֆլիսը ցնորվել է: Նրա գլուխը կորել է, անհայտացել, մնացել է մարմինը իր բոլոր բնական ու հակաբնական ներելի և ոչ ներելի պահանջներով, իր ախտերով:

Ի՞նչ կարելի է սպասել մարդկանցից կյանքի այդ այլանդակ հանգամանքներում:

Միայն մի բան:

Հիմարություն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives